Մեդիամաքսն առանձնացրել է մայիսի 31-հունիսի 1-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Մայիսի 31-հունիսի 1 (շաբաթ-կիրակի)
North Peak լեռնային ակումբ. Երկօրյա Տավուշ
Առաջիկա հանգստյան օրերին ակումբը հրավիրում է բոլոր արշավասերներին բացահայտելու Տավուշի գողտրիկ անկյունները: Հագեցած երկօրյա ծրագրի առաջին կանգառը Շառաչ ջրվեժն է, որտեղ կհասնեք գեղեցիկ Սարի ճամփով (Ճամբարակ-Բերդ): Նախատեսված է վերելք նաեւ Կենացսար լեռ, այց Չինչին գյուղ եւ Ղուզանի քար: Գիշերակացը նախատեսված է Չինչինում: Հաջորդ օրը կտեսնեք միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանքերից Խորանաշատը, կայցելեք Խնձորուտի ջրամբար (Ծիլի ծով) եւ Տավուշ բերդ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Մայիսի 31 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Ռապի լիճ
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է քայլարշավ դեպի Արագածի բարձրլեռնային Ռապի լիճ։ Երեւանից ուղեւորվելու եք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ, որտեղից Դաշտակիջուր գետի հովտով կսկսեք քայլքը դեպի Արագածի բարձրլեռնային գոտի։ Ռապի լիճը սառցադաշտային ծագում ունի: Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի «Հյուսիսային պատ»։

Լուսանկարը` ArmGeo
Լճի մոտ հանգստանալուց եւ ճաշելուց հետո կվերադառնաք Գեղաձոր գյուղ: Ցանկացողները կարող են լողալ (չմոռանաք վերցնել լողազգեստ)։ Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Գութանասար
Մայիսի 31-ին ակումբն իրականացնելու է վերելք Գեղամա լեռնաշղթայի մաս կազմող Գութանասար լեռ (2299 մ)։ Գագաթից հետո նախատեսված է տեսնել նաեւ «Սեւ ավազները»: Վերելքը թեթեւ է, հարմար նաեւ սկսնակների համար: Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 470 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք «սրտակեր» Սեւաժայռ
Մայիսի 31-ին ակումբը մեկնում է Վայոց ձոր՝ վերելք կատարելու «սրտակեր» Սեւաժայռ լեռ (2727 մ): Ժայռոտ հսկայի վերելքը սկսվելու է Եղեգիս գետի վերին հոսանքի աջ կողմում գտնվող համանուն գյուղից: Գագաթից բացվում են աննկարագրելի տեսարաններ դեպի Վարդենիսի լեռներ եւ Վայոց սար։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա. Խոխա արշավ Բուժականի անտառ
Շաբաթ օրը 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ ակումբը մեկնում է Կոտայքի մարզ՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին ծվարած Բուժական գյուղ։ Այստեղից գարնանային անտառի միջով կհասնեք Թեղենյաց վանք, դադար կանեք եւ կվերադառնաք տուն։ Ողջ ճանապարհին կհիանաք ծաղիկներով, միջատներով եւ թռչունների դայլայլով:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Երթուղու երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Հունիսի 1 (կիրակի)
Հատիս Տուր. Վերելք Թեղենիս լեռ
Հունիսի 1-ին Հատիս Տուրը վերելք է կատարելու Թեղենիս լեռ (2851 մ): Երթուղին սկսվելու է Բուժական գյուղից, որտեղ կայցելեք 8-րդ դարի Թեղենյաց վանք: Լեռան գագաթից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ, Արագած եւ Արա լեռները։ Պատրաստե՛ք վայելել բնության գեղեցկությունն ու անմոռանալի պահերը:
Մանրամասները՝ հղումով:
That Trail արշավական ակումբ. Դսեղի շրջանաձեւ արահետ
Այս կիրակի ակումբը մեկնում է Լոռի՝ Երեւանից 150 կմ հեռավորության վրա գտնվող Դսեղ գյուղ: Այստեղ քայլելու եք Դսեղի անտառային շրջանաձեւ արահետով։ Ճանապարհին կտեսնեք «Գիքորի աղբյուրը», Սբ․ Բարձրաքաշ խոնարհված եկեղեցին, հին մատուռն ու տասնյակ խաչքարեր:

Լուսանկարը` That Trail
Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Թռչկանի ջրվեժ
Կիրակի օրն ակումբը մեկնում է Շիրակի մարզ՝ նորովի բացահայտելու Թռչկանի ջրվեժը: Այն գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է: Չիչխան գետի վրա գտնվող ջրվեժը 2008թ.-ից ներառվել է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011թ.-ից տարածքը դարձել է հատուկ պահպանվող գոտի։ Արշավից հետո նախատեսվում է մեկժամյա դադար Գյումրիում:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Երթուղու երկարությունը 11 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Armenian Geographic արշավական ակումբ.Վերելք Անփայտ Մեծ Մայմեխ լեռ
Հունիսի 1-ին ակումբը հրավիրում է մասնակցել Անփայտ Մայմեխ լեռան (2534 մ) վերելքին։ Անփայտ Մայմեխը Հայաստանի 4 Մայմեխներից մեկն է: Այն Լոռու մարզում է՝ Փամբակի լեռներում: Լեռան գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Փամբակի կիրճն ու Բազումի լեռները։ Արշավը կավարտվի Վանաձորում:

Լուսանկարը` ArmGeo
Երթուղու երկարությունը 17 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
My Hiking արշավական ակումբ. Ողջաբերդի լեռներ
Կիրակի օրն ակումբն արշավելու է Ողջաբերդի լեռներում։ Դրանք Գեղամա լեռնաշղթայի արեւմտյան ճյուղավորումներից են։ Ամենաբարձր գագաթը Ողջաբերդ լեռն է՝ 2220 մետր բարձրությամբ։ Արշավը սկսվելու է Ողջաբերդ գյուղից, որտեղ կտեսնեք բնական քարանձավներ՝ շարունակելով ճանապարհը դեպի Թարփի լիճ: Երթուղու ավարտին կայցելեք Գառնու տաճար: Քայլելու եք մոտ 20 կմ: Արշավը հարմար է նաեւ սկսնակների համար։
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: