Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն - Mediamax.am

625 դիտում

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն


Լուսանկարը` ԿԳՄՍ


Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։

«Մատենադարանում անընդհատ հաճելի նորություններ կան, որոնք մեզ ստիպում են առնչվել Մատենադարանի մի նոր շերտին՝ հավելյալ անգամ համոզվելով, որ այստեղ գործունեության ընդլայնումը սահմաններ չունի: Մատենադարանն ավելին է, քան պահոցը եւ գիտական աշխատավայրը. սա նաեւ փորձառության եւ հնարավորությունների մի միջավայր է, որտեղ հայկական վերականգնողական թղթի արտադրությունը դառնալու է հիանալի հնարավորություն՝ զարգացման ճանապարհին»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար  Ժաննա Անդրեասյանը:

 

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շեշտել է, որ իրագործվել է Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցների գրեթե տասնամյա երազանքը: Նա հիշեցրել է, որ բաժնում վերականգնվում են ոչ միայն Մատենադարանի ամբարներում պահված արժեքները, այլեւ Հայաստանի բոլոր գրադարանների ու թանգարանների գրավոր կոթողներն ու հուշարձանները:

 

ԿԳՄՍ նախարարության կողմից համալրվել են վերականգնող մասնագետների հաստիքները, ինչը կարեւոր է  Մատենադարանի  մասնագիտական գործունեության համար, քանի որ վերականգնվող արժեքների ծավալները հետզհետե մեծանում են:

 

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաեւ տեղական հումքից։ Ծրագիրն իրագործվում է Armenia Tree Project  բարեգործական հիմնադրամի, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (առաջատար գործընկերը՝ Գյոթե ինստիտուտ), «Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման» հիմնադրամի եւ Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին