Երեւանի պատմական քարտեզներն ու ARARAT ձայնային ուղեցույցը - Mediamax.am

200 դիտում

Երեւանի պատմական քարտեզներն ու ARARAT ձայնային ուղեցույցը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 20-ին Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում ներկայացվել է Ararat ձայնային ուղեցույցը: Այն եզակի հնարավորություն է ընձեռում քայլել Երեւանի փողոցներով՝ վայելելով գրող եւ լրագրող Մարկ Գրիգորյանի «ընկերակցությունը»։

 

Ձայնային ուղեցույցը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Մարկ Գրիգորյանն ասում է, որ փորձել է քաղաքը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է այն տեսնում՝ պատմության ու ճարտարապետության շերտերով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես քայլել եմ Երեւանի փողոցներով ու փորձել եմ պատմել շենքերի, արձանների, անկյունների մասին։ Չեմ հավակնել ներկայացնել ամեն ինչ, բայց կարեւոր վայրերն ընդգրկել եմ», - նշում է Մարկ Գրիգորյանը:

 

Ուղեցույցը ոչ միայն փաստագրում է Երեւանի ճարտարապետական ժառանգությունը, այլեւ նպատակ ունի ակտիվացնել լսողի երեւակայությունը՝ ներկայացնելով, թե ինչպես է այս կամ այն տարածքը փոխվել վերջին 50 կամ 100 տարում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ձայնային ուղեցույցի ստեղծման գաղափարը ծնվել է Մարկ Գրիգորյանի եւ Արմինե Սարգսյանի համահեղինակած «Երեւանը քարտեզներում. 17-21-րդ դարեր» պատկերազարդ գրքի լույս տեսնելուց հետո: Հենց այդ քարտեզների հիման վրա

է ձեւավորվել ձայնային ուղեցույցի երթուղին։

 

Մարկ Գրիգորյանը շեշտում է, որ քարտեզներն իր համար ոչ միայն փաստագրական, այլ խորհրդանշական արժեք ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոլանդացի ճանապարհորդ Անտուան Օգյուստե Կալմեն դրախտը տեղադրել է Երեւանի տեղում։ Դա մեզ անընդհատ պետք է հիշեցնի, որ ապրում ենք մի վայրում, որին պետք է արժանի լինենք», - նկատում է գրողը:

ARARAT թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված «Քաղաքն արձագանքում է ARARAT թանգարանում» ցուցահանդեսում ներկայացված են Երեւանի պատմական տարբեր շրջափուլերը ներկայացնող քարտեզների պատճեններ, այդ թվում՝ 19-րդ դարի կեսերից մինչեւ խորհրդային շրջանի Երեւանի գլխավոր հատակագծերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը պատմում է, որ մեր բառապաշարում տեղ գտած «Պլանի գլուխ» արտահայտությունը ծագում է Երեւանի 1906-1911 թթ. հատակագծից, որտեղ պատկերված էր այսօրվա Աբովյան փողոցի ավարտը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարող եք տեսնել նաեւ Առաջին Հանրապետության օրոք տպագրված Երեւանի միակ քարտեզը, որի նկարագրական մասը սխալմամբ տպագրվել է 90 աստիճանով շեղված: Արդյունքում քարտեզը հաճախ սխալ են փակցնում եւ պետք է ջանք գործադրել՝ հասկանալու համար, թե ուր ես նայում։

 

«Բայց այդ ջանքն էլ դառնում է քաղաքի պատմության հետ շփման բանալին», - ժպտում է Մարկ Գրիգորյանը:

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին