«Մունք ընք՝ ծեր խոխեքը». Արցախի երեխաները՝ հանուն բարբառի պահպանության - Mediamax.am

exclusive
1637 դիտում

«Մունք ընք՝ ծեր խոխեքը». Արցախի երեխաները՝ հանուն բարբառի պահպանության


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էռնա Մինասյանը
Էռնա Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարեգին Պետրոսյանը
Գարեգին Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայկո Մարգարյանը դստեր՝ Անի Եսայանի հետ
Մայկո Մարգարյանը դստեր՝ Անի Եսայանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Շահնազարյանը
Վերոնիկա Շահնազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատկերացրեք գեղեցիկ երաժշտություն՝ բաղկացած տարբեր գործիքների ներդաշնակ նվագներից: Երբ գործիքներից մեկի հնչողությունը դադարում է, երաժշտությունը կորցնում է իր հարստությունը: Միեւնույն ժամանակ, թեեւ գործիքներից ամեն մեկն առանձնահատուկ է, հարուստ հնչողությունը հնարավոր է միայն համատեղ նվագով: Այդպիսին էլ եւ մեր մայրենի լեզուն է՝ բազմազան, բայց մեկ ընդհանուր երաժշտություն կերտող բարբառներով, որոնցից յուրաքանչյուրի մոռացությունն աղքատացնում է մեզ:

 

2023 թվականին Արցախի հայաթափումից հետո արցախցիները սփռվել են ամբողջ Հայաստանով, ցավալիորեն՝ նաեւ Հայաստանից դուրս: Մեկ ընդհանուր համայնք չունենալու հետեւանքով՝ Արցախի բարբառի պահպանությունը դժվարանում է, եւ համակարգային միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ այն կարող է մոռացության մատնվել:

 

Մարտահրավերին արձագանքում են Արցախի երեխաները՝ հանուն ոչ միայն իրենց, այլեւ հայոց լեզվի սիմֆոնիայի բոլոր մեղեդիների հնչողության:

 

«Պատմենք՝ ոնց էին անցնում օրերն Արցախում»

 

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի դպրոցի բակում հանդիպեցինք երեք արցախցի պատանիների՝ 12-ամյա Էռնային, 12-ամյա Անիին եւ 13-ամյա Գարեգինին: Նրանք, 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանության հետեւանքով, ստիպված էին թողնել Ասկերանի շրջանի Հարավ գյուղի, Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի եւ Ստեփանակերտի իրենց տները: Հիմա Էռնան, Անին եւ Գարեգինը դասընկերներ են դարձել՝ կրթությունը շարունակելով Ջրվեժի հիմնական դպրոցի 7-ի «Ա» դասարանում:

 

2024 թվականի հունվարից իրենց ընկերների հետ սկսել են սիրողական տեսանյութեր նկարել, որոնցում Արցախի բարբառով զրուցում են տարբեր թեմաների մասին, ներկայացնում իրենց ճամբարում անցկացրած օրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ամեն մինը մի պեն ըրալ ա: Ես դաշնամուր եմ կարում ածիմ, մե խրեգ ածալ եմ, նկարելիս են իլալ կողքան,- հիշում է Գարեգինը:

 

-Իսկ Անին պաղպաղակ էր ուտում,- շտապում է հավելել Էռնան:

 

-Դու էլ էիր հետս ուտում,- հիշեցնում է Անին:

 

- Չէ, ես պարում էի: Քոչարի էինք պարում: Ազգային պարեր էինք սովորում ճամբարում:

 

Սկսնակ հաղորդավարներն իրենց հաղորդաշարն անվանել են «Մունք ընք՝ ծեր խոխեքը»: Նրանք այժմ ցանկանում են ընդլայնել ծրագիրը՝ դարձնելով ավելի պրոֆեսիոնալ, ընդգրկելով ոչ միայն Արցախի, այլ նաեւ հայերենի այլ բարբառներ:

Էռնա Մինասյանը Էռնա Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիմա ուզում ենք բարբառային վիդեոներ նկարել, որ բարբառը տարածվի: Կխոսենք տարբեր թեմաներով՝ ընկերության մասին, ընտանիքի հայրենիքի, կամ, օրինակ, տարբեր բարբառներով բառեր կասենք, որ տեսնենք՝ ով կհասկանա: Ուրիշ բարբառներ չգիտեմ, բայց կուզեմ սովորել՝ կյանքում պետք կգա»,- ասում է Էռնան ու հավելում. «Գորիսինն է հեշտ, Վանաձորինն է մի քիչ դժվար»:

 

Գարեգինն էլ ասում է, որ Արցախի բարբառով կպատմեն այնտեղի իրենց օրերի, հիշված պահերի մասին: Հարցին, թե որն է իր համար ամենահիշված պահերից մեկը, Գարեգինը ծիծաղելով պատասխանում է.

 

«Օրինակ՝ ոնց եմ առաջին անգամ խաբել: Դպրոցում մի մեծ դարպաս կար, որը միշտ փակ էր, բայց ես դրա վրայով ցատկում էի ու արագ դպրոց մտնում: Մի անգամ դարպասով ցատկելիս նոր բաճկոնս պատռեցի: Տատիկս էր ինձ հետ, ասաց՝ պապայիդ կասես, որ ծառի ճյուղին է կպել ու ճղվել: Երբ այդպես պապայիս ասացի, եկավ դպրոցի այդ մասն ու ասաց՝ այստեղ մի ծառ էլ չկա, որի՞ն ես կպել: Տենց էլ բռնվեցի»,- պատմում է Գարեգինը:

Գարեգին Պետրոսյանը Գարեգին Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էռնան էլ շտապում է հիշել, թե ինչպես էին հարեւանի այգուց տանձ գողանում: Հարցին, թե ինչպես են կարողանալու պահել լսարանի հետաքրքրությունը իրենց հաղորդման հանդեպ, Էռնան կես կատակ, կես լուրջ ասում է. «Բայց ասել եք, որ ոչ ոք չի նայելու»:

 

Մասնատված համայնքը միավորելու հրամայականը

 

Դասարանում 35 աշակերտ կա, նրանցից 5-ը՝ Արցախից: Երեխաների դասվար Մայկո Մարգարյանը եւս Արցախի Հանրապետությունից է՝ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից։ Բռնի տեղահանությունից հետո նկատել է, որ երեխաները բարբառով հազվադեպ են հաղորդակցվում, հասարակական վայրերում բարբառով խոսելիս հիմնականում ցածրաձայն են խոսում։

 

«Արցախը սփռվել է Հայաստանով եւ արտերկրով մեկ, այլեւս չունենք մեկ ընդհանուր համայնք, որտեղ բոլորս միասին կապրեինք ու այդ միջավայրում կկարողանայինք պահպանել մեր բարբառը։ Հիմա արդեն որ համայնքներում որ ապրեն արցախցիները, երեխաների մոտ բարբառը կփոխակերպվի՝ նմանվելով տեղի բարբառին։ Տարիներ անց Արցախի բարբառը կարող ենք կորցնել։ Եթե հնարավոր լիներ Հայաստանում որեւէ տարածք հատկացնել մեզ, որտեղ արցախցիները կշարունակեին ապրել որպես մեկ համայնք, իրար հետ հաղորդակցվել, կորստից հնարավոր կլիներ խուսափել»,- ասում է Մայկո Մարգարյանը։

 

Նրա խոսքով՝ այլ, ավելի փոքր լուծումներ եւս կան, օրինակ՝ պարբերական բնույթի միջոցառումների անցկացում, ճամբարներ երեխաների համար, որպեսզի հաղորդակցությունը չդադարի։

Մայկո Մարգարյանը դստեր՝ Անի Եսայանի հետ Մայկո Մարգարյանը դստեր՝ Անի Եսայանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցավալի իրականություն է, սակայն հիմա մեր գյուղացիներով հանդիպում ենք միայն տխուր առիթների ժամանակ, երբ գյուղից մարդ է մահանում ու բոլորով գնում ենք ցավակցելու։ Մի կողմից տխրում ենք կորստի համար, մյուս կողմից ուրախանում, որ նորից իրար տեսանք։ Այսպիսի խիստ հակասական զգացողություններ են ստեղծվում, որ նախկինում մտքներովս երբեք չէր անցնի»,-հավելում է ուսուցչուհին։

 

Նա շատ ուրախ է, որ երեխաները ոգեւորվել են հաղորդաշար նկարահանելու մտադրությամբ։ Այս ընթացքում նկատել է, որ երբ դասարանի արցախցի երեխաները միմյանց հետ բարբառով են խոսում, մյուս երեխաները սիրով լսում են, փորձում են իրենք էլ սովորել։

 

«Այս դպրոցում շուրջ 100 արցախցի երեխա կա, նրանց բոլորին շատ ջերմ են ընդունել, ընկերական»,- ասում է Մայկո Մարգարյանը։

 

Բարձրախոսը՝ որպես սկիզբ

 

Երեխաներին հաղորդաշար նկարահանելու գաղափարով ոգեւորել է Վերոնիկա Շահնազարյանը, որը Ջրվեժի միջնակարգ դպրոցում աշխատել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի արտակարգ կրթության ծրագրի շրջանակում: Վերջինս մեկնարկել էր 2023 թվականի հոկտեմբերից՝ Արցախից բռնի տեղահանված երեխաներին սոցիալ-հուզական, ակադեմիական եւ հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«2020 թվականին նույն ծրագիրը կրկին իրականացվել է, սակայն այդ ժամանակ երեխաների ինտեգրման խնդիր չունեինք։ Այս անգամ աշխատանքն ավելի բարդ էր, քանի որ մի կողմից պետք է ձգտեինք օգնել երեխաներին ինտեգրվել, մյուս կողմից՝ պահպանել իրենց ինքնությունը»,- պատմում է Վերոնիկա Շահնազարյանը։

 

Նրա խոսքով՝ բռնի տեղահանությանը հաջորդած առաջին շրջանում շատ երեխաներ պարփակված էին, գրեթե չէին հաղորդակցվում։ Մի օր նա երեխաներից մեկի մոտ բարձրախոս է նկատել ու որոշել դրա կիրառմամբ ոգեւորել աշակերտներին:

 

«Դա իրենց ինչ-որ ձեւով տեղից շարժեց։ Սկսեցինք այդ բարձրախոսով տարբեր տեսանյութեր նկարել, որոնցում իրենք խոսում էին բարբառով եւ համոզվում, որ մյուս երեխաները դրանից չեն նեղվում, իրենք էլ են ուրախությամբ մասնակցում։ Այդ աջակցությունը շատ նպաստեց, որ արցախցի երեխաները որոշակիորեն հաղթահարեն իրենց պարփակվածությունը, սկսեն արագ ընկերանալ, ինչն էլ ամենաարդյունավետ միջոցն է ինտեգրման»,- ասում է Վերոնիկա Շահնազարյանը։

 

Միավորող թվային հարթակ

 

Երեխաների նախաձեռնությանն աջակցելու համար՝ ուսուցիչներից եւ հոգեբաններից կազմված թիմ են ստեղծել, եւ դրամահավաք սկսել «ռեԱրմենիա» հարթակում: Անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ունենալուն պես՝ կսկսեն աշխատել պոդքասթների սցենարների ուղղությամբ: Աշխատանքում ներգրավվելու են նաեւ հոգեբաններ, որպեսզի հաղորդումներում չլինեն այնպիսի թեմաներ, որոնք կարող են ցավեցնել երեխաներին։

Վերոնիկա Շահնազարյանը Վերոնիկա Շահնազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նկարահանումներն իրականացնելու ենք ինչպես դրսում, այնպես էլ տաղավարներում։ Երեխաները պոդքասթի ձեւաչափով զրուցելու են տարբեր թեմաների շուրջ, որոնք կլինեն թե´ ուսուցողական, թե´ հետաքրքիր հենց իրենց՝ երեխաների համար»,-ասում է Վերոնիկա Շահնազարյանը:

 

Երեխաների այս նախաձեռնությունն, իհարկե, չի կարող փոխարինել բարբառի պահպանության համակարգային լուծումներին, այդուհանդերձ, Վերոնիկան համոզված է, որ այն կարող է վարակիչ ազդեցություն ունենալ՝ դառնալով թվային դաշտում փոխանցվող դրոշարշավ:

 

«Նախաձեռնությունը կօգնի նաեւ ձերբազատվել առհասարակ բարբառներով խոսելու կաշկանդվածությունից։ Ինչպես երեխաներն էլ արդեն նշեցին, հաղորդումները լինելու են ոչ միայն Արցախի բարբառի, այլ նաեւ տարբեր բարբառների նմանությունների ու տարբերությունների մասին։ Սա թույլ կտա նաեւ որոշակիորեն հաղթահարել այդ պառակտումները՝ գյումրեցի, երեւանցի, հադրութեցի եւ այլն»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարբառի մոռացության վտանգին Վերոնիկան սեփական օրինակով է ծանոթ։ Նա արմատներով Արցախից է՝ Շուշիի եւ Ասկերանի շրջաններից։

 

«Հայրս եւս Արցախում է ծնվել, սակայն այն բանից հետո, երբ պապիկիս սպանել են մենշեւիկ լինելու համար, տատիկս ստիպված հայրիկիս ուղարկել է Ուկրաինա։ Թեեւ հայրս շարունակել է բարբառով խոսել հարազատների հետ, միեւնույն է, միջավայրի փոփոխությունն իր ազդեցությունը թողել է։ Ես ծնվել եմ Երեւանում, բարբառը կրել եմ այնքանով, որքանով որ հայրիկիցս լսել եմ։ Երեք տարի Արցախում ապրելով ու այնտեղ մարդկանց հետ շփվելով՝ նոր իրականում սովորեցի բարբառն ու ինքս իմ փորձով զգացի, թե որքան դժվար է համայնքում չլինելով եւ միայն ընտանիքի հետ շփվելով չմոռանալ այն»,- պատմում է Վերոնիկա Շահնազարյանը:

 

Արցախի բարբառով շարունակել խոսելը նպատակներից մեկն է միայն: Հաղորդաշարի տարածումը կօգնի նաեւ երեխաներին թեկուզ առցանց տիրույթում գտնել եւ նորից կապ հաստատել իրենց՝ Հայաստանով եւ նաեւ Հայաստանից դուրս սփռված ընկերների հետ:

 

«Ցանկանում ենք հասնել նրան, որ երեխաներին Արցախի իրենց հիշողությունները չտխրեցնեն, այլ նրանք մտածեն՝ թեեւ չգիտենք, թե երբ նորից կունենանք այդ ամենը, հիմա կենտրոնանանք նրա վրա, որ մենք այդ ամբողջն ունեցել ենք, եւ այդ հիշողությունները նրանց մշտապես տանեն դեպի ինքնություն»,- ամփոփում է Վերոնիկա Շահնազարյանը։

 

Ծրագրին աջակցել կարող եք հետեւյալ հղումով:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին