Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվել է նոր հայեցակարգով - Mediamax.am

518 դիտում

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվել է նոր հայեցակարգով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվել է նոր հայեցակարգով:

2021 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել էին վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ, ժամանակակից լուծումներով վերաձեւավորվել են ցուցասրահները: Վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են իրականացվել նաեւ պատկերասրահի մի շարք մասնաճյուղերում։

 

Պատկերասրահի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 800 մլն դրամ:

 

Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլեւ պահոցներից ցուցասրահներ են հասել երբեւէ չցուցադրված կարեւոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն եւ 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Պատկերասրահի նոր՝ շարժական ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբեւէ չընդգրկված գրաֆիկական թերթեր եւ հազվագյուտ գանձեր պահոցից։

 

Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ մյուսների գործերը։ Ցուցադրված են նաեւ  իտալական վերածննդի եւ բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի եւ մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի եւ այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, քանդակները, ինչպես նաեւ դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին