Երեւան: Մեդիամաքս: «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու:
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
«Այս կարևոր իրադարձությունը՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությունը՝ որպես հաջողված նախադեպ, շատ դռներ է բացում՝ հեշտացնելով նմանատիպ գործընթացները միջազգային այլ թանգարանների հետ: Ցուցադրությունը մեզ համար կարևոր փորձառություն էր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը։
Նա նշել է, որ նախատեսված է Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը Լուվրի, Բեռլինի թանգարանների հետ, Ազգային պատկերասրահը ցուցահանդես կունենա Ֆրանսիայում, Երվանդ Քոչարի թանգարանը ակտիվ համագործակցում է Փարիզի թանգարանների հետ, Գրականության և արվեստի թանգարանը սարոյանական ցուցահանդեսի է պատրաստվում ԱՄՆ-ում:
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով, ցուցահանդեսը կազմակերպվել է ոչ զբոսաշրջային ժամանակահատվածում՝ աշնան, ձմռան շրջանում, ինչը չի խանգարել այցելությունների ակտիվությանը:
«Ցուցահանդեսի կազմակերպման արդյունքում գոյացած միջոցները փակել են բոլոր ծախսերը, դրանց հաշվին թանգարանն ունի նաև սերվերային համակարգ՝ թվային բովանդակություն ունենալու նպատակով»,- տեղեկացրել է Դավիթ Պողոսյանը:
Վանանե Արարքցյանի խոսքով՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը «Կերոն» հիմնադրամի համար հատուկ նշանակություն ունի:
«Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենաշատ այցելություն ունեցող ցուցահանդեսն է: «Կերոն» զարգացման հիմնադրամը ստեղծման առաջին իսկ օրերից աշխատել է այս ցուցադրության կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի հետ: Սա մեր առաջին նախագծերից էր՝ միտված Հայաստանի զարգացմանը, երկրի հանրահռչակմանը»,- ասել է Վանանե Արարքցյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: