Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում։ Նրանցից 5-ը գերեվարվել են 2020-ի ընթացքում, մյուսները՝ 2023-ին։ 23 գերիներից 7-ի համար կայացվել են մեղադրական դատավճիռներ, մնացած 16-ի դատավարությունները շարունակվում են։
2025թ. ապրիլի 10-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակի, խնդիրների, սպառնալիքների եւ անելիքների մասին։
«Գերիները շարունակում են պահվել անմարդկային պայմաններում»
Սիրանուշ Սահակյան, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան
«Այս ողջ ընթացքում որեւէ արտաքին, անկախ եւ խոշտանգումների կանխարգելման մարմին հնարավորություն չի ունեցել մուտք գործել, տեսակցել գերիներին եւ օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ գերիների ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սկզբում 16 գերիների գործերը միասին էին քննվում, սակայն ավելի ուշ Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվեց, իսկ մյուս 15-ը դիտարկվում են մեկ քրեական գործի շրջանակում: Ռուբեն Վարդանյանի անձը միջազգային ճանաչման տեսանկյունից, թերեւս, առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում: Կարծում եմ, ադրբեջանական իշխանությունները որոշեցին Վարդանյանի գործը առանձնացնել հենց այդ պատճառով, որպեսզի այդ հետաքրքրությունը չտարածվի մյուսների վրա:
Մյուս պատճառն այն է, որ Ռուբեն Վարդանյանը մասնավոր փաստաբան ունի։ Ի տարբերություն պետության տրամադրած պաշտպանների, նա կարող է հանրայնացնել դատավարական գործընթացի մանրամասները։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գերիների խնդրին մենք մոտենում ենք երկու դիտանկյունից։ Առաջինը՝ նրանց անհապաղ ազատ արձակման հարցն է, որը մեզ համար առաջնահերթություն է։ Սակայն մինչ այդ պետք է կարողանանք ապահովել նրանց իրավունքների հարգումը եւ ստեղծել այնպիսի միջավայր, որը չի հանգեցնի մարդկային զոհերի։ Կարող ենք խիստ պայմանականորեն նշել որոշ բարելավումների մասին, որոնք վերաբերում են բացառապես սանիտարահիգենիկ պայմաններին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր արձանագրումը հստակ է՝ հայ գերիները պահվել են եւ շարունակվում են պահվել անմարդկային պայմաններում։ Նրանք ենթարկվում են վերաբերմունքի եւ ճնշումների, որոնք իրենց ինտենսիվությամբ եւ պատճառած ֆիզիկական ու հոգեբանական ցավի բնույթով, որակվում են խոշտանգում»։
Տարոն Սիմոնյան, միջազգային իրավունքի մասնագետ
«Բոլոր դատավարությունները պարունակում են շինծու մեղադրանքներ։ Վկաների ցուցմունքների ուսումնասիրությունից նկատում ենք, որ դրանց եւ ներկայացվող մեղադրանքների միջեւ պատճառահետեւանքային որեւէ կապ չկա։ Սակայն, պարզ է, որ երբ կհրապարակվեն դատավճիռները, այդ նույն ցուցմունքները կօգտագործվեն որպես հիմք։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բացի նրանից, որ անձինք մեղադրվում են միջազգային հանցագործությունների կատարման մեջ, նրանք ներկայացվում են հանցավոր կազմակերպության անդամներ։ Արցախի Հանրապետությունն ադրբեջանական մեղադրական եզրակացության մեջ ներկայացվում է որպես հանցավոր կազմակերպություն։
Միջազգային իրավունքում անձանց գործողությունները որոշ դեպքերում կարող են վերագրվել նաեւ պետություններին։ Ուսումնասիրելով մեղադրական գործընթացը՝ տեսնում ենք, որ այստեղ անձինք չեն ներկայացվում որպես առանձին գործող սուբյեկտներ, այլ որպես անձինք, որոնց վարքագիծը ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության հրահանգների հիման վրա, նրանք դիտարկվում են որպես Հայաստանի ներկայացուցիչներ, ուստի հաջորդ պատասխանատվության մակարդակը վերաբերում է հենց Հայաստանին»։
«Միջպետական գանգատներից հրաժարումը կնշանակի, որ իրավական վեճ այլեւս գոյություն չունի»
Արցախի բոլոր ղեկավարների գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով։ 2025թ. մարտի 12-ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։
Սիրանուշ Սահակյան
«23 գերուց 22-ի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացվում են միջպետական գանգատի շրջանակում։ Այս գանգատներից Հայաստանի հնարավոր հրաժարումը կնշանակի, որ այդ 22 գերու իրավունքների պաշտպանության հարցում իրավական վեճ այլեւս գոյություն չունի։ Արդյունքում, խնդրի հանգուցալուծումները կմնան ոչ իրավական տիրույթներում, որտեղ Հայաստանը երբեւէ լուրջ հաղթանակներ չի ունեցել»։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եւ այլընտրանքը
Սիրանուշ Սահակյան
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ կառույցն էր, որին թույլատրվել էր 6 շաբաթը մեկ այցելել գերիներին։ Կոմիտեի արձանագրած խնդիրները չեն հրապարակվել, դրանցից միայն որոշ հատվածական տեղեկատվություններ է հասանելի եղել գերիների ընտանիքներին։
Անձը, որի ազատության իրավունքը սահմանափակվում է ոչ թե իր քաղաքացիության, այլ որեւէ երրորդ երկրի կողմից, ունի իրավունք ստանալու հյուպատոսական ծառայություններ։ Դրանց նպատակն է՝ ստուգել պահման պայմանները, կանխել խոշտանգումները եւ ապահովել անձի իրավունքների պաշտպանությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ըստ էության, զրկել է հայ պատանդներին այս իրավունքից օգտվելու հնարավորությունից։ Սակայն միջազգային պրակտիկայում կան օրինակներ, երբ այս իրավունքը պատվիրակվում է տվյալ երկրում հավատարմագրված մեկ այլ հյուպատոսական ներկայացուցչությանը։ Այս հարցը արդիականություն ստացավ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման մասին խոսակցությունների ֆոնին։ Մի խումբ հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ առաջարկելով, որ Շվեյցարիայի իշխանություններին պատվիրակվի հյուպատոսական ծառայություն իրականացնելու իրավունքը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Միաժամանակ, մեր կողմից նույնաբնույթ խնդրանք է ուղղվել Շվեյցարիայի կառավարությանը։ Այս պահին մենք ունենք պաշտոնական պատասխան, որ Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամ է, եւ մեր պետության կողմից պաշտոնական խնդրանքի ներկայացման դեպքում կարող են քննարկել այդ իրավունքի իրենց կողմից իրականացումը։ ԱԳՆ-ից հավաստիացրել են, որ այս հարցը քննարկման փուլում է։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մյուս մեխանիզմը, որը տեսականորեն գոյություն ունի եւ կարող էր չափազանց օգտակար լինել, ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մոսկովյան մեխանիզմն է։ Այն հնարավորություն է տալիս մարդու իրավունքների խախտումների իրավիճակի վերաբերյալ կազմակերպել կարճաժամկետ փաստահավաք առաքելություն, այցելել այն երկիր, որտեղ անհրաժեշտ է գնահատել մարդու իրավունքների վիճակը։ Սակայն այս մեխանիզմի գործնականում կիրառումը բախվում է դիվանագիտական խոչընդոտների, քանի որ դրա գործարկման համար անհրաժեշտ է ԵԱՀԿ անդամ պետությունների որոշումը»։
«Պետք է ճնշում գործադրել»
Սիրանուշ Սահակյան
«Գերիների ազատ արձակման հարցը, նախ եւ առաջ, պահանջում է հետեւողական դիվանագիտական աշխատանք։ Աշխատանքը պետք է հիմնվի նրա վրա, որ միջազգային կոնվենցիաները պարտավորեցնում են հակամարտության ակտիվ փուլից հետո անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի ապահովել գերիների հայրենադարձումը։ Այս պահանջը չկատարելը միջազգային հարթությունում կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն։ Հայաստանի իշխանությունները պետք է հանդես գային պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հստակ հայտարարություններով, ինչը կարող է հիմք հանդիսանալ միջազգային պատժամիջոցների կիրառման համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս պահին նման մոտեցում պետության կողմից մենք չենք տեսնում։ Պետք է ամեն գնով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով հայ պատանդների ազատ արձակումը։ Մեր ընկալմամբ՝ խաղաղության պայմանագիրը եւ գերիների վերադարձը փոխկապակցված հարցեր են։ Մեր հասարակությունների միջեւ վստահություն չկա, դրա վերականգնման համար պետք է գերիների վերադարձ»։
Տարոն Սիմոնյան
«Բացի պետական եւ հասարակական մակարդակներից, կարեւոր է աշխատանք իրականացնել նաեւ անհատական մակարդակում։ Անհրաժեշտ է կիրառել անձանց իրավունքների պաշտպանության բոլոր իրավական մեխանիզմները՝ ապահովելու գերիների, անհետ կորածների, բռնի անհետացածների եւ պատերազմի հետեւանքով տուժած անձանց շահերի լիարժեք ներկայացումը։
Միեւնույն ժամանակ պետք է ապահովել հետեւողական հանրային ճնշում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս ձեռնպահ մնան քայլերից, որոնք կարող են հակասել ազգային շահերին, օրինակ՝ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ գործերից հրաժարումը։
Ժաննա Բեքիրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: