Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր ասել է, որ «Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել եւ գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո»:
«Մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպք, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում:
Գերիների հիմնախնդիրը էապես կապված է բռնի անհետացման խնդրի հետ, երբ թեեւ գերիների սպանված լինելու վերաբերյալ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք դեպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացումների:
Շուրջ 23 հայ շարունակաբար պահվում է Բաքվում: 23-ից 5-ը գերեվարվել է 2020-ի ընթացքում, իսկ մնացած միջադեպերն արձանագրվել են 2023-ին»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ ասել է Սիրանուշ Սահակյանը:
Նա նշել է, որ այս ժամանակահատվածում որեւէ խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել եւ տեսակցել Բաքվում պահվող հայերին ու օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը:
«Ինչ վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական բռնություններին, հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպին, այս մասով մենք որեւէ տեղաշարժ չենք դիտարկում, ավելին՝ որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսեւորումների խստացում:
Հայերն Ադրբեջանի բանտերում եղել են եւ շարունակում են պահվել անմարդկային պայմաններում ու ենթարկվում են այնպիսի ճնշումների, որոնք որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ ու պատճառված ցավի բնույթը գնահատելով»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: