Մեդիամաքսն առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Ապրիլի 12-13 (հանգստյան օրերն ամբողջությամբ)
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. «Քաղցրահամ» Մեղրի
Ակումբը հրավիրում է երկօրյա այցի ժամանակ բացահայտել Սյունիքի մարզի պատմամշակութային եւ բնական ժառանգությունը:
Ճամփորդության առաջին օրն առավոտյան մեկնելու եք Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի։ Ճանապարհին կանգառ կանենաք Աղիտուի 7-րդ դարի յուրօրինակ մահարձան կոթողի մոտ: Հաջորդ կանգառը նախատեսված է Որոտնավանքում։ Մինչ Մեղրի հասնելը կքայլեք նաեւ ռազմական կարեւոր հենակետ համարվող Բաղաբերդի ամրոց։ Ողջ ճանապարհին կվայելենք Զանգեզուրի լեռների համայնապատկերները: Գիշերակացը նախատեսված է հյուրատանը՝ Մեղրիում:
Երկրորդ օրը շրջայց կունենաք քաղաքում, ինչից հետո կմեկնեք Շվանիձոր, որն ամենակոլորիտային գյուղերից է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ARI / ԱՐԻ արշավական ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Ապրիլի 12 (շաբաթ)
ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6տ. արշավ Կարենիսից Քարաշամբ
Ապրիլի 12-ին ակումբը 3-6 տարեկան երեխաերի եւ ծնողների հետ մեկնում է Կոտայք՝ բացահայտելու մարզի պատմամշակութային եւ բնական հուշարձանները: Քայլարշավը սկսվելու է Կարենիս գյուղից, որտեղից իջնելու եք Հրազդանի ձոր: Այստեղ կտեսնեք 6-7-րդ դարերի Կարենիսի վանքն, ինչից հետո, անցնելով բազալտե կամարով, կհասնեք Քարաշամբ:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Երթուղու երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա-ի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մշակութային ճանաչողական այց իրականացնել Վայոց Ձորի մարզում՝ խոստանալով հիշարժան եւ տպավորիչ ճանապարհորդություն:
Օրվա սկզբում ուղեւորվելու եք Հերմոն գյուղ՝ իրականացնելու թեթեւ քայլարշավ դեպի Հերմոնի վանք (10-րդ դար): Այն եղել է մշակութային եւ կրոնական խոշոր կենտրոն: Վանքի տարածքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռներ։
Ուղեւորության հաջորդ կանգառն Արատես գյուղն է, որտեղ կտեսնեք 13-րդ դարի կարեւոր վանական համալիրներից մեկը՝ Արատեսի վանքը։

Լուսանկարը` Armenian Geographic
Հաջորդիվ կիրականացնեք քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, որտեղ հնարավորություն կունենաք վայելել գեղեցիկ բնապատկերներ:
Երթուղու ընդհանուր երկարությունը 9 կմ է: Այն հարմար է նաեւ սկսնակների համար:
Մանրամասները՝ հղումով:
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք «Սֆինքս»
Ապրիլի 12-ին ակումբի մյուս հետաքրքիր արշավը նոր երթուղով վերելքն է «Սֆինքս» (1469 մ):
«Սֆինքս»-ը Երանոսի լեռնաշղթայի արտահայտված ու յուրահատուկ գեղեցկությամբ գագաթներից է։
Վերելքից հետո իջնելու եք Վարդագույն կիրճ ու Ազատի ջրամբար:

Լուսանկարը` Armenian Geographic
Քայլարշավի երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ: Երթուղին քարքարոտ է եւ կան դժվարանցանելի հատվածներ: Մասնակցության համար ցանկալի է ունենալ արշվական փորձ եւ պարտադիր՝ արշավական հանդերձանք:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին Armenian Geographic-ի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Ապրիլի 13 (կիրակի)
North Peak լեռնային ակումբ. Վերելք Մեծ Սեւքար
Կիրակի օրը ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Վարդենիսի լեռների բարձր գագաթներից Մեծ Սեւքարը (3393 մ):
Երթուղին սկսվելու է Գեղարքունիքի մարզի Սելիմի ճանապարհից: Ընդհանուր առմամբ քայլելու եք մոտ 23 կմ՝ հավաքելով 1200 մ հարաբերական բարձրություն:
Վերելքը միջին բարդության է եւ դրան մասնակցելու համար պարտադիր է ունենալ լեռնային փորձ եւ ֆիզիկական լավ մարզավիճակ:

Լուսանկարը` North Peak
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Երանոս լեռ / հատուկ երթուղի
Ապրիլի 13-ին ակումբն իրականացնելու է վերելք Երանոս լեռ (1824 մ)` առաջարկելով յուրահատուկ երթուղի:
Վերելքը սկսվելու է Ազատի ջրամբարից, որտեղից լեռան կատարային հատվածով բարձրանալու եք Երանոսի գագաթ, ապա լեռան հարավային գագաթի կողմից վերադառնալու եք Լանջազատ գյուղ:
Երթուղու ընդհանուր երկարությունը 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:
Արշավին մասնակցելու համար փորձը պարտադիր է:
Մանրամասները՝ հղումով:
«Խարույկ» արշավական ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Վերելք Կալասար
Կիրակի օրն ակումբը երեխաներին եւ պատանիներին հրավիրում է վերելք կատարել Կալասար լեռ (2230 մ): Մինչեւ վերելքը կայցելեք Եղեգիսի կիրճում գտնվող Հերմոնի վանք, որն, ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, կառուցվել է 936թ․-ին։
Կալասարի գագաթին դեռ պահպանվում են նույնանուն բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այն Սմբատաբերդից ավելի հին է, ինչի մասին վկայում է պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը:

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club
Երթուղու երկկողմ երկարությունը 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Արշավը հարմար է նաեւ լեռնային վերելքների փորձ չունեցող երեխաների համար։
Մանրամասները՝ հղումով:
Հատիս Տուր. Արշավ Դեբեդի կիրճում
Ապրիլի 13-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Լոռու մարզ՝ քայլելու Դեբեդի կիրճում: Երթուղին սկսվելու է Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու մոտից, որտեղից Դեբեդի կիրճով քայլելու եք Հոռոմայրի վանք։ Նախատեսված է այցելել նաեւ Քոբայրի վանական համալիր, որը միջնադարյան կարեւոր մշակութային կենտրոններից մեկն է:
Մանրամասները՝ հղումով:
Համշեն Տուր. Պատմական Արտաշատ / բացառիկ քայլարշավ
Կիրակի օրը Համշեն Տուրը հրավիրում է բացառիկ քայլարշավի դեպի պատմական Արտաշատ: Երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը, որը տարածվել է Արաքսի ափերին՝ Խոր Վիրապին հարակից բլուրների վրա, պատրաստ է իր պատմական շերտերով զարմացնել այցելուներին։ Լինելով սահմանային շերտում՝ Արտաշատ հնավայր այցելությունը նախատեսում է հատուկ թույլտվություն, որը խմբի անդամները կունենան։
Ոչ բարդ քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է։ Արշավական հանդերձանք եւ կոշիկներ ունենալը նախընտրելի է:
Մանրամասները՝ հղումով:
Համշեն Տուրի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Գիտարշավ ակումբ. Քայլարշավ դեպի Շաղոտ ջրվեժ
Ապրիլի 13-ին Գիտարշավ ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Շաղոտ ջրվեժ:
Քայլարշավը սկսվելու է Թեղուտ գյուղից, որտեղից անտառներով եւ կանաչ մարգագետիններով կհասնեք ջրվեժ: Այն Դիմաց եւ Սառցապատ լեռների լանջին է եւ այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Աղստեւ գետի հովիտ։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Գիտարշավի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: