Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 31-ին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Կեռնեխն ահա թեւածում է,
Գարունն իմ սիրտն է շարժում,
Զգում եմ՝ ինչպես հողից քնքուշ
Ոգիներն են բարձրանում։
Ու հորդում է կյանքը երազ,
Ես՝ տերեւ, ծառ, ծաղիկ դարձած»։
Եթե Դաշնային նախագահը Հայաստանի մայրաքաղաքում կանգնած գարնանային բանաստեղծություն է կարդում իր հայրենիքից, դա կարող է երկու բան նշանակել․ գարունն իսկապես եկել է։ Եվ՝ ենթադրաբար մենք Կոմիտասի թանգարանում ենք,
որտեղ գերմանական քնարերգությունն, ինչպես քիչ առաջ տեսանք, իր հաստատուն տեղն ունի։
Թեոդոր Շտորմի գրչին պատկանող այս բանաստեղծությունն, ի դեպ, կոչվում է «Ապրիլ», այսինքն՝ մենք նույնիսկ փոքր-ինչ շտապել ենք… Սա մեկն է Թեոդոր Շտորմի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի եւ այլոց այն բանաստեղծություններից, որ
Կոմիտասն իր բեռլինյան ուսումնառության տարիներին վերածել է երգի։ Այս երգերը տպավորիչ կերպով ցույց են տալիս, թե մեծագույն հայ կոմպոզիտորը որքան կապված էր արեւմտյան պոեզիային, բայց նաեւ՝ այդ պոեզիայի հիման վրա գրված երաժշտությանը՝ Ֆրանց Շուբերտից մինչեւ Ռիխարդ Շտրաուս։
Դուք բոլորդ, անշուշտ, գիտեք. Կոմիտասը հայ երաժշտության հայրն է համարվում։ Ոչ ոք նրա նման, որ հոգեւորական էր, չի մարմնավորել այս բիբլիական երկիրը, որ գտնվում է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, երկիր, որ կրում է հազարամյա հնագույն,
արեւելյան, միաժամանակ նաեւ քրիստոնեական մշակույթի կնիքը, եւ որի պատմությունը լի է տառապանքով, հալածանքով ու աքսորով։
Կոմիտասի երգերում, ասում են, հայ ժողովրդի հոգին է խոսում։ Նրա ճակատագիրը սերտորեն շաղկապված է իր երկրի ճակատագրին։ Եվ նաեւ իմ երկրի հետ էր նա սերտորեն կապված։ Բեռլինի հետ առնչակցությունները նրան դարձրել են գերմանահայկական հարաբերությունների նախակարապետը մշակույթի, կրոնի եւ
գիտության մեջ։ Ուստի մենք ավելի լավ վայր չէինք կարող ընտրել՝ մեր մշակութային հարաբերություններն ըստ արժանվույն գնահատելու համար. խորին շնորհակալություն՝ Ձեր հարկի տակ այս երեկոն ընդունելու համար։
Շատ շուտով Երեւանում եւս մեկ վայր կլինի, որտեղ մենք մեր երկրների մշակութային հարաբերությունները կյանքով կլցնենք, որտեղ գերմանահայկական բարեկամությունն իր տունը կունենա։ Մինչ այժմ որպես Գյոթե կենտրոն գործող կառույցի վերափոխությունը Գյոթե ինստիտուտի՝ արդեն որոշված է. բացումը
հաստատապես ծրագրված է այս տարի։
Մենք բոլորս ուրախ ենք դրա համար, եւ ես համոզված եմ, որ Գյոթե ինստիտուտը կշարունակի ամրապնդել մեր մշակութային հարաբերությունները։ Հայաստանում այսօր էլ մեծ հետաքրքրություն կա գերմաներենի՝ որպես օտար լեզվի, նաեւ գիտական համագործակցության հանդեպ։ Դրա ապացույցը բնավ ոչ միայն մոտ 50 երկկողմ միջբուհական համագործակցություններն են։ Երիտասարդ հայաստանցիների համար Գերմանիան ուսումնառության երկրորդ ամենասիրելի վայրն է։ Այդ հարցում, իհարկե, մեծ է միջքաղաքային գործընկերությունների դերը։
Համենայնդեպս՝ չեմ զարմանա, եթե Լայպցիգի համալսարանում հետայսու ավելի ու ավելի հաճախ հանդիպեն հայ ուսանողներ Երեւանից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: