Մարտի 29-30-ի արշավները. Մայրամուտը Մեծ Փարախադեմից եւ ծաղկած ծիրանենիներով արշավ - Mediamax.am

547 դիտում

Մարտի 29-30-ի արշավները. Մայրամուտը Մեծ Փարախադեմից եւ ծաղկած ծիրանենիներով արշավ


Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ARI / ԱՐԻ


Գարնանային եղանակը տանը նստելու ոչ մի հնարավորություն չի թողնում: Եթե ցանկանում եք վայելել ծաղկած ծիրանենիների բույրն ու քայլել հետաքրքիր արահետներով, ինչպես ամեն շաբաթ Մեդիամաքսում ծանոթացեք առաջիկա հանգստյան օրերի արշավական երթուղիներին:

 

Մարտի 29-30 (հանգստյան օրերն ամբողջությամբ)

 

Համշեն Տուր. Մեղրի 2 օր

 

Դեպի չքնաղ Սյունիք երկօրյա այցի ժամանակ Համշեն Տուրն այցելելու է Հայաստանի տարբերվող եւ գողտրիկ անկյուններից մեկը՝ Մեղրի քաղաք: Այն հարուստ է պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, ունի նաեւ առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ: Տեղում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդն ու այցելել որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սբ. Հովհաննես եւ Մեծ Թաղի Սբ. Աստվածածին եկեղեցիները:

 

Այս ուղեւորության ընթացքում Մեղրիից վայելելու եք նաեւ Արաքսի հովտի մայրամուտը: Նախատեսված է այցելություն Կապան եւ Տաթեւ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Երկօրյա քայլարշավ Ոսկեբերդ եւ Ախալցխա

 

Այս հանգստյան օրերին ակումբը կազմակերպում է երկօրյա արշավ դեպի Ախալցխայի բերդեր: Շաբաթ օրը կմեկնեք Ախալցախա, որտեղ կայցելեք Ռաբաթ, Ածղուրի բերդեր եւ երեք հայկական եկեղեցի:

 

Կիրակի օրը Շոկա գյուղից գողտրիկ արահետով կսկսեք քայլարշավ դեպի անառիկ Ոսկեբերդ (Օքրոսցիխե), որը բարձրադիր ժայռի վրա է: Բերդից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի շրջակա լեռներ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մարտի 29 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Վարդագույն կիրճում

 

Այս շաբաթ օրը ակումբը հրավիրում է մասնակցել արշավի Վարդագույն կիրճում: Այն Երանոսի լեռների լանջերին է:

 

Արշավի ընթացքում հիանալու եք Երանոս լեռան ժայռային հատվածի տեսարանով։ Քայլել սկսելու եք Արարատյան դաշտից:

Լուսանկարը` Armenian Geographic

Արշավի սկզբում կբարձրանաք Դվինի բրգաձեւ բլուրն ու կտեսնենք Տիկնունի ամրոց կոչվող ժայռերը։ Այստեղ ժամանակին եղել է ապարանք, որը ծառայել է որպես ամառանոց պալատական տիկնանց համար։ Ժայռերից բացվում է հիանալի տեսարան դեպի Մեծ ու Փոքր Մասիսները։

 

Երթուղու երկարությունը 17 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Մայրամուտը Մեծ Փարախադեմից

 

Նույն օրն ակումբը վերելք է կատարելու Մեծ Փարախադեմ լեռ՝ այստեղ դիմավորելու մայրամուտը:

 

Արշավը սկսվելու է  Տիգրանաշենի մոտակայքից: Անցնելով Ուրծի լեռների լանջերով՝ բարձրանալու եք Մեծ Փարախադեմի ժայռոտ գագաթը (1955 մ)։

 

Լեռան լանջերն անհամաչափ են` կտրտված խոր ու սելավաբեր ձորակներով:

 

Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում` լեռնատափաստանային:

 

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուրծի լեռներ, Մեծ եւ Փոքր Մասիսներ։

 

Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Համշեն Տուր. Քայլարշավ Աղավնավանք եւ Խամշի վանք

 

Շաբաթ օրը նախատեսված այս տպավորիչ քայլարշավի ընթացքում կտեսնեք անտառում թաքնված երկու հրաշալի կոթող՝ անցնելով հիանալի արահետներով:  

 

Կանաչ դրախտում գտնվող Աղավնավանք կհասնեք կենու անտառի միջով։ Տեղի բնությունը վայելելուց հետո կմեկնեք Գետիկ գետի ափ, որտեղից գեղեցիկ անտառային քայլարշավով կհասնեք յուրահատուկ ու նմանը չունեցող Խամշի վանք: Նրբագեղ զարդաքանդակներով այս վանքը ձեզ հաստատ կտպավորի:

 

Երթուղու երկարությունը 9 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Վարդաբլուր / Գայլի ականջներ

 

Մարտի 29-ին ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Վայոց Ձորի մարզի նշանավոր լեռնագագաթներից Վարդաբլուրը (2455 մ), որն անվանում են նաեւ Գայլի ականջներ:

 

Վերելքը սկսվելու է Վայոց Ձորի մարզի Զեդեա գյուղից: Երթուղու ընդհանուր երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:  

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Սմբատաբերդ եւ Ցախաց քար

 

Մարտի 29-ին ակումբն ուղեւորվում է Եղեգիսի կիրճ՝ քայլելու միջնադարյան երկու կառույցների՝ Սմբատաբերդի ու Ցախաց քարի վանքի արահետով։ Այստեղից բացվող տեսարանները շատ սիրուն են: Սմբատաբերդից հետո քայլարշավը շարունակվելու է դեպի Ցախաց քար վանական համալիր, որը թվագրվում է 10-11 դարեր։ Երթուղին սկսվելու է Եղեգիս գյուղից, ավարտվելու է Արտաբույնքում։ Քայլքի ողջ ընթացքում ձեզ կուղեկցի Թեքսարի ձյունածածկ գագաթը:

 

Առավոտյան նախատեսված է կանգառ ծաղկած ծիրանենիների մոտ:

 

Երթուղու երկարությունը 12 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Խոխա արշավ ծաղկած ծիրանենիների մոտ եւ Արփա պահպանվող լանդշաֆտ

 

Շաբաթ օրն ակումբը 3-6 տարեկան խոխաների եւ ծնողների հետ մեկնում է Վայոց ձոր՝ բացահայտելու Արփա պահպանվող լանդշաֆտը։ Տեղանքն ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ: Եթե հաջողակ լինեք ու մի քիչ էլ լուռ քայլեք, կարող եք հանդիպել սիրուն կեցվածքով կաքավների, իսկ Նորավանքի

կարմրավուն ժայռերին՝ բեզոարյան այծերի։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Արշավելու ընթացքում հրաշք տեսարան է բացվում դեպի Նորավանք վանական համալիր եւ Գնիշիկի կիրճ։

 

Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մարտի 30 (կիրակի)

 

Համշեն Տուր. Վերելք Հատիս

 

Մարտի 30-ին Համշեն Տուրը հրավիրում է վերելք իրականացնել Երեւանից ոչ հեռու գտնվող Հատիս լեռը (2528 մ), որի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ ու Գեղամա լեռներ:

 

Վերելքը սկսվելու է Կոտայք գյուղից:

 

Երթուղու երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Խարույկ» արշավական ակումբ. «Ծնունդարշավ, մենք 10 տարեկան ենք»

 

Այս տարի ակումբը տոնում է 10-ամյակն ու կիրակի օրը հրավիրում մասնակցել ծնունդարշավի:

 

Նախատեսված է յուրահատուկ երթուղով վերելք Կարմիր սար լեռ (1469 մ)։ Այն սկսվելու է Ազատի ջրամբարից, որտեղից լեռան կատարային հատվածով բարձրանալու եք գագաթ, ապա շարունակելու եք ճանապարհը դեպի Ազատ գետի կիրճ եւ Ազատի ջրամբար։ Արշավն ավարտվելու է Գառնու Աթունի արվեստի տանը, որտեղ խարույկի ջերմ միջավայրում կշփվեք, կերգեք, կպարեք ու խաղեր կխաղաք:

 

Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Տեսիլք լեռ եւ քարանձավ

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է բարձրանալ Տեսիլք լեռ (1371 մ) եւ տեսնել դրա լանջին գտնվող քարանձավը:

Լուսանկարը` Armenian Geographic

Տեսիլք լեռը Տավուշի մարզում է՝ Գանձաքար գյուղի մոտ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Աղստեւի հովիտը: Գագաթնամերձ հատվածում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ:

 

Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Հինգ գագաթ Արեգունու լեռներում

 

Նույն օրն ակումբը նախատեսում է վերելք իրականացնել Արեգունու լեռների 5 գագաթ՝ Սեւկատար (2463 մ), Ճոպան (2548 մ), անանուն գագաթ (2640 մ), Անձրեւասար (2653 մ) եւ Կարկտասար (2740 մ)։

Լուսանկարը` Armenian Geographic

Ողջ վերելքի ընթացքում բացվում է հիանալի տեսարան դեպի Սեւանա լիճն ու Գեղամա լեռների հրաբխային գագաթները։

 

Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։

 

Արշավին կարող են մասնակցել միայն լեռնագնացության փորձ ունեցողները։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Սմբատաբերդ եւ Հորբատեղի գեյզեր

 

Մարտի 30-ին ակումբը հրավիրում է մասնակցել փոքրիկ քայլարշավի Վայոց Ձորի մարզում։

 

Տուրի սկզբում կայցելեք Հորբատեղ գյուղ, որտեղ կտեսնեք 17-րդ դարի Սուրբ Հրեշտակապետաց բազիլիկ եկեղեցու ավերակները, այնուհետեւ գյուղից կիրականացնեք կարճ եւ թեթեւ քայլարշավ դեպի Հորբատեղի գեյզեր։

 

Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Խոսրովի արգելոցի ջրվեժներ

 

Մարտի 30-ին Armenian Geographic-ն առաջարկում է եւս մեկ երթուղի: Ակումբն իրականացնելու է արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ, որոնք կրում են հայ հեթանոսական աստվածներ Աստղիկի եւ Վահագնի անունները։

Լուսանկարը` Armenian Geographic

Արշավը սկսվելու է Գառնի գյուղից: Սկզբում կտեսնեք Ազատի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան, այնուհետեւ, անցնելով 11-րդ դարի կամրջով, կմտնեք Խոսրովի արգելոց եւ կքայլենք դեպի ջրվեժներ։

 

Երթուղու երկարությունը 20 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ArmLand արշավական ակումբ. Արշավ Հին Խոտից Հին Շինուհայր

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Սյունիքի մարզ՝ տեսնելու Որոտանի կիրճի լքված գյուղատեղիները։ Երեւանից կուղեւորվեք դեպի Խոտ գյուղ, որտեղից էլ կսկսեք քայլարշավը։ Հնամյա արահետներով կքայլեք դեպի Հին Խոտ եւ Հին Շինուհայր գյուղատեղիները։ Կտեսնեք բնության հետ կատարյալ միաձուլված ժայռափոր քարանձավները, ինքնատիպ ճարտարապետությամբ կացարանները, իսկ ամբողջ ճանապարհին ձեզ կուղեկցեն Որոտանի կիրճի տպավորիչ տեսարանները։

 

Երթուղու երկարությունը 8-10 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Հորդ, Գաբուռ եւ Սեւաժայռ

 

Մարտի 30-ին ակումբը մեկնելու է Զանգեզուրի լեռներ՝ վերելք կատարելու Հորդ (3020 մ), Գաբուռ (3060 մ) եւ Սեւաժայռ (Պտկասար 2692 մ) գագաթները: Հորդ լեռը Վայոց Ձորի, իսկ Գաբուռ լեռը Սյունիքի եւ Վայոց Ձորի սահմանին է:

 

Վերելքը սկսվելու է Վայոց Ձորի Ուղեձոր գյուղից, ավարտելու՝ Սյունիքի դարպասների (զանգերի) մոտ։

 

Երթուղու ընդհանուր երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ: Վերելքն ունի միջին բարդություն եւ արշավին մասնակցելու համար պարտադիր է ունենալ լեռնային փորձ ու ֆիզիկական լավ մարզավիճակ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Վերելք Ոջլոտ լեռ

 

Մարտի 30-ին ակումբը վերելք է կատարելու յուրահատուկ եւ, միեւնույն ժամանակ, «տհաճություն» առաջացնող անվանումով մի գագաթ՝ Ոջլոտ լեռ (2159 մ): Այն Լոռու մարզում է՝ Բազումի լեռնաշղթայի ճյուղավորումներից Չքնաղի լեռների գագաթներից:

 

Արշավը սկսվելու է Գոգարան գյուղից եւ ավարտվելու նույն տեղում: Արշավին կարող են մասնակցել բոլոր երեխաները։

 

Երթուղու երկարությունը 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

That Trail արշավական ակումբ. Երթուղին՝ Սպիտակավոր

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Վայոց ձոր՝ քայլելու Սպիտակավոր վանքի հրաշալի արահետով։

 

Սպիտակավորը 2100 մ բարձրության վրա է: Դեպի վանք տանող արահետն անցնում է Գլաձոր գետի հովտով:

 

Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:

 

Ակումբը կանոնավոր արշավներ է կազմակերպում բացառապես փոքր՝ 5-7 հոգանոց խմբերի համար:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Ծաղկած ծիրանենիներով դեպի Տափի բերդ

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է արբենալու ծաղկած ծիրանենիների բույրով: ARI / ԱՐԻ-ն ուղեւորվելու է Արարատի մարզ՝ Ուրցաձոր համայնք։ Արշավի սկզբում քայլելու եք դեպի Սպիտակ վանքի ավերակներ, որից հետո՝ Տափի բերդի ուղղությամբ, որը հայտնի է նաեւ որպես Գեւորգ Մարզպետունու ամրոց:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Ճանապարհին նախատեսված են կանգառներ ծաղկած ծիրանենիների եւ դեղձի ծառերի մոտ՝ նկարվելու, անուշ բույրով արբենալու եւ հանգստանալու համար:

 

Երթուղու երկարությունը 4 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Վարդագույն կիրճ

 

Ակումբի կիրակնօրյա մյուս ուղղությունը Վարդագույն կիրճն է: Բոլոր նրանք, ովքեր սիրում են Երանոս լեռնաշղթան, Ազատի ջրամբարը, կիրճերն ու տարատեսակ միներալներ բացահայտելը, այս երթուղին հաստատ կսիրեն:

 

Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 580 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. Արշավ Ալսար

 

Մարտի 30-ին, 6-14 տարեկան երեխաների ու պատանիների հետ ակումբը մեկնում է Արարատի մարզ՝ բարձրանալու Երախի լեռների ամենաբարձր գագաթը՝ Ալսարը (1853 մ):

 

Վերելքը սկսվելու եւ ավարտվելու է Նարեկ գյուղում։ Արշավի ընթացքում վայելելու եք ձյունառատ Գեղամա լեռնաշղթան, Երանոսը, Օձասարը եւ Արարատը։

 

Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 480 մ, բարդության աստիճանը՝ միջին:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հատիս Տուր. Արշավ «Երեք բազեների արահետով»

 

Կիրակի ակումբն ուղեւորվում է Տավուշի մարզ՝ քայլելու «Երեք բազեների արահետ» կոչվող գեղեցիկ երթուղով: Շատ թռչուններ այս ժայռը համարում են իրենց տունը, այստեղից էլ առաջացել է արահետի անվանումը: Արշավը սկսվելու է Հովք գյուղից:

 

Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:  

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Բարձրյալ խաչ եւ Բաղանիսի եկեղեցի

 

Մարտի 30-ին տեղի կունենա ակումբի «Սարուձոր» նախագծի քայլարշավը Տավուշի մարզում: Քայլելու եք Բարեկամավանի Բարձրյալ խաչ հուշարձան եւ Բաղանիսի եկեղեցի:

 

Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում գտնվող Բարձրյալ խաչի տարածքում նախկինում եղել է հեթանոսական դամբարան, որը քրիստոնեության ընդունումից հետո ձեւափոխվել է ու վերածվել քրիստոնեական սրբավայրի:

 

Հաջորդիվ կայցելեք Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է 10-րդ դարում։ Այն դեղնավուն ֆելզիտից բազիլիկ եկեղեցի է, իսկ մոտակայքում կա միջնադարյան գերեզմանոց։

 

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 7-8 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին