Իրանի արտգործնախարարը Երեւանում կներկայացնի իր «Բանակցության ուժը» գիրքը - Mediamax.am

1847 դիտում

Իրանի արտգործնախարարը Երեւանում կներկայացնի իր «Բանակցության ուժը» գիրքը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 25-ին կկայանա Արարատ Միրզոյանի եւ Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը:

 

Այցի շրջանակներում կկայանա Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

 

Մեդիաամաքսը նշուն է, որ 2024 թվականի հուլիսին «Առավոտ»-ը հատված էր հրապարակել Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերից, որում հիշատակվում էր Արաղչիի այցը Երեւան 2020 թվականի պատերազմի օրերին:

 

«Հարձակումից երկու ամիս առաջ ԱԳՆ-ի Եվրասիայի եւ Կովկասի մեր բաժինների տպավորությունն այն էր, որ սպասվում է Ադրբեջանի հարձակումը եւ Հայաստանի կատարյալ պարտությունը։ Ռուսաստանը թերեւս պարոն Փաշինյանի արեւմտամետ հայացքները եւ երկրի ներսում ռուսամետ ուժերին հալածելու ջանքերը նկատի ունենալով՝ որոշեց այս պատերազմում չմիջամտել։ Կարող է այդ որոշման մեջ Պուտին-Էրդողան կապի նման՝ դեր ուներ նաեւ Պուտին-Ալիեւ անձնական կապերը։ Չի բացառվում, որ Ռուսաստանը Հայաստանին այլեւս ռազմավարական գործընկեր չէր դիտարկում եւ Ադրբեջանի ռեսուրսները նկատի ունենալով՝ դեպի այդ կողմ էր հակվել։ Ռուսաստանն այն պահին սկսեց իր միջնորդությունը, երբ ազատագրվել էին ադրբեջանական գրավված տարածքները, վտանգվել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ, եթե պատերազմը քանի օր էլ շարունակվեր, Հայաստանի իշխանությունը կտապալվեր։ Այդ ժամանակ էր, որ ռուսները միջամտեցին եւ մոսկովյան բանակցություններում երկաթյա բռունցքով վերջ տվեցին պատերազմին։

 

Շատ կարեւոր է, որ այդ օրերին մենք դոկտոր Արաղչիին (այն ժամանակն նա Զարիֆի տեղակալն էր) որպես Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ ուղարկեցինք Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան եւ Թուրքիա, որպեսզի ներկայացնի Թեհրանում պատրաստած մեր առաջարկը։ Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտոր Արաղչին մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին։ Մենք առաջարկում էինք կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։ Մենք առաջարկում էինք նաեւ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ հանդիպում՝ Ղարաբաղի օրակարգով։ Այս ձեւաչափն առաջին անգամ Լավրովն էր առաջարկել, բայց մեր հետեւողական լինելուց հետո ռուսները չընդառաջեցին, ապա մեզ անտեսելով՝ Թուրքիային առաջ մղեցին։

 

Դոկտոր Արաղչիի կողմից Իրանի ներկայացրած առաջին առաջարկի իրագործման գլխավոր արգելքը Հայաստանն էր։ Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին եւ հրադադարի պատվաբեր առաջարկը մերժեցին։ Պարոն Փաշինյանի վերաբերմունքը դոկտոր Արաղչիի հանդեպ ամեն ինչն ի ցույց դրեց. նա իր անփորձությամբ նրան ասել էր.

 

«Դուք ուզում եք Հայաստանին ստիպել, որ իր պարտությունն ընդունի»։ Անշուշտ դոկտոր Արաղչին իր գերազանց դիվանագիտությամբ կարողացել էր պարոն Փաշինյանին հանգստացնել, որ առաջարկն այդպես չընկալի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին