Մարտի 22-23-ի արշավները. Մայրամուտ Ազատի ջրամբարում, վերելք Աճառ ու քայլարշավ Վարդագույն կիրճում - Mediamax.am

167 դիտում

Մարտի 22-23-ի արշավները. Մայրամուտ Ազատի ջրամբարում, վերելք Աճառ ու քայլարշավ Վարդագույն կիրճում


Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` That Trail

Լուսանկարը` ArmLand

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ARI / ԱՐԻ


Մեդիամաքսը ներկայացնում է առաջիկա հանգստյան օրերի արշավական երթուղիները:

 

Մարտի 22-23 (հանգստյան օրերն ամբողջությամբ)

 

Համշեն Տուր. Մեղրի 2 օր

 

Դեպի չքնաղ Սյունիք երկօրյա այցի ժամանակ Համշեն Տուրն այցելելու է Հայաստանի տարբերվող եւ գողտրիկ անկյուններից մեկը՝ Մեղրի քաղաք: Այն հարուստ է պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, ունի նաեւ առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ: Տեղում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդն ու այցելել որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սբ. Հովհաննես եւ Մեծ Թաղի Սբ. Աստվածածին եկեղեցիները:

 

Այս ուղեւորության ընթացքում Մեղրիից վայելելու եք նաեւ Արաքսի հովտի մայրամուտը: Նախատեսված է այցելություն Կապան եւ Տաթեւ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Երկօրյա արշավ Դավիթ Գարեջա վանք եւ Ծիածանի լեռներ

 

Մարտի 22-23-ը Գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ արշավ դեպի Դավիթ Գարեջա վանք, Ծիածանի լեռներ եւ Թբիլիսի:

 

Վանական համալիրը հիմնադրվել է 6-րդ դարում: Այն բաղկացած է բազմաթիվ քարայրներից, որոնց մի մասը պատված է որմնանկարներով։ Վանքը դարեր շարունակ եղել է հարավարեւելյան Վրաստանի հոգեւոր կարեւորագույն կենտրոններից մեկը։

 

Դավիթ Գարեջա այցելությունից հետո նախատեսված է թեթեւ քայլարշավ (8 կմ) Մռավալծղարոյի Ծիածանի լեռներով, որոնք Կախեթի կիսաանապատային գոտում են եւ իրենց անվանումը ստացել են ծիածան հիշեցնող գույնզգույն հողային շերտերի շնորհիվ։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մարտի 22 (շաբաթ)

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Մայրամուտն Ազատի ջրամբարում

 

Մարտի 22-ին ակումբը հրավիրում է գեղեցկագույն մայրամուտ վայելելու:

 

Քայլելու եք Ազատի ջրամբարի շուրջ՝ հիանալով ոսկեշող Երանոսի ու ջրամբարի վրա արտացոլվող լեռնային բնապատկերներով, Արարատով եւ հայկական որորներով։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Արշավի վերջում նախատեսված է դադար, որի ընթացքում կվայելեք մայրամուտի կարմրադեղնավուն գույների 50 երանգները։

 

Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6տ. խոխա արշավ Արփա պահպանվող լանդշաֆտ

 

Շաբաթ օրն ակումբը 3-6 տարեկան խոխեքի եւ ծնողների հետ գնում է Վայոց ձոր՝ բացահայտելու Արփա պահպանվող լանդշաֆտը։ Տեղանքն ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ: Եթե հաջողակ լինեք ու մի քիչ էլ լուռ, կարող եք հանդիպել կչկչացող ու սիրուն կեցվածքով կաքավներին, իսկ Նորավանքի կարմրավուն ժայռերին, գուցե, երեւան «տռճիկ տվող» բեզոարյան այծերը։ Արշավելու ընթացքում հրաշք տեսարան է բացվում դեպի Նորավանք վանական համալիր եւ Գնիշիկի կիրճ։

 

Դադարի ժամանակ արշավի մասնակիցներին կդիմավորի բարի ու մարդասեր աղվեսը, որին փրկել են տեղի աշխատակիցները դեռ ձագ ժամանակ։

 

Արշավի երկարությունն 6 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Վարդաբլուր / Գայլի ականջներ

 

Շաբաթ օրը North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Վայոց Ձորի մարզի նշանավոր լեռնագագաթներից Վարդաբլուրը (2455 մ), որն անվանում են նաեւ Գայլի ականջներ՝ բնորոշ տեսքի համար:

 

Վերելքը սկսվելու է մարզի Զեդեա գյուղից:

 

Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Վարդագույն կիրճ

 

Մարտի 22-ին ակումբը հրավիրում է մասնակցել դեպի Վարդագույն կիրճ քայլարշավին։

 

Այն Երանոսի լեռների լանջերին է: Արշավի ընթացքում կհիանաք Երանոս լեռան ժայռային հատվածի տեսարանով։ Քայլել կսկսեք Արարատյան դաշտից:

Լուսանկարը` Armenian Geographic

Երթուղու սկզբում կբարձրանաք Դվինի բրգաձեւ բլուրը եւ կտեսնենք Տիկնունի ամրոց կոչվող ժայռերը։ Այստեղ ժամանակին եղել է ապարանք, որը ծառայել է որպես ամառանոց պալատական տիկնանց համար։ Ժայռերից բացվում է հիանալի տեսարան դեպի Մեծ ու Փոքր Մասիսները։

 

Երթուղու երկարությունը 17 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Համշեն Տուր. Քայլարշավ Սմբատաբերդ եւ Եղեգիս

 

Դեպի տպավորիչ Սմբատաբերդ քայլարշավը սկսվելու է Վայոց ձորի Արտաբույնք գյուղից։ Սմբատաբերդից երեւում են Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Նշան եւ Զորաց վանքերը: Վերեւից բացվող տեսարանները վայելելուց հետո քայլարշավը շարունակվելու է դեպի Եղեգիս, որտեղ վեր խոյացող Զորաց տաճարն իր կառուցվածքով ու նշանակությամբ հայկական եկեղեցաշինության մեջ եզակի տեղ ունի:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մարտի 23 (կիրակի)

 

That Trail արշավական ակումբ. Արշավ Վարդագույն կիրճում

 

Կիրակի օրը ակումբն ուղեւորվում է Երանոսի լեռներում թաքնված Վարդագույն կիրճ: Արշավական արահետին հասնելու եք ամենագնաց մեքենայով:

 

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:

Լուսանկարը` That Trail

That Trail-ն արշավներ է կազմակերպում բացառապես փոքր՝ 5-7 հոգանոց խմբերի համար:

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Աճառ / Գեղամա լեռներ

 

Կիրակի օրն ակումբը վերելք է կատարելու Գեղամա լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկը`Աճառը (3018 մ):

 

Վերելքը սկսվելու է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից:

 

Երթուղու ընդհանուր երկարությունը 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:

 

Այն միջինից բարդ է եւ դրան մասնակցելու համար ձմեռային վերելքների փորձն ու համապատասխան հանդերձանքը պարտադիր են։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հատիս Տուր. Վերելք Ուրծ լեռ

 

Մարտի 23-ին Հատիս Տուրն ուղեւորվելու է Արարատի մարզ`Ուրծ լեռ (2445 մ): Ուրծի լեռնաշղթան մարզի հարավում է եւ եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավ արեւելքից։ Այն ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջեւ։ Արշավի ընթացքում այցելելու եք նաեւ 12-13-րդ դարերին կառուցված Հովհաննես Կարապետի վանք:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ArmLand արշավական ակումբ. Արշավ Տասանորդի լեռներում

 

Կիրակի օրը ակումբը հրավիրում է արշավել Արարատի մարզում՝ Տասանորդի լեռներում։

 

Տասանորդի լեռները Գնդասարի լեռների ճյուղավորումն են: Արշավը սկսվելու է Լանջանիստ գյուղից:

Լուսանկարը` ArmLand

Երթուղու երկարությունը 12-14 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Քառասնասար եւ Խոտավետ

 

Մարտի 23-ին ակումբը հրավիրում է մասնակցել քիչ հայտնի, բայց յուրահատուկ տեսարաններով վերելքի դեպի Քառասնասար (1836 մ) եւ Խոտավետ լեռներ։

 

Քառասնասար լեռն Արարատի մարզում է եւ Երանոսի լեռների բարձր գագաթներից է: Արշավը սկսվելու է Գառնի գյուղից։ Քառասնասարի գագաթին մի փոքր դադարից հետո ճանապարհը շարունակելու եք դեպի Խոտավետ լեռ (1885 մ)։

 

Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Գնիշիկի կիրճում

 

Կիրակի օրը ակումբը հրավիրում է մասնակցել տարվա այս սեզոնի ամենագեղեցիկ արշավներից մեկին, որն անցնում է բեզոարյան այծերի արահետներով։

 

Եթե Նորավանքից նայելիս ձեզ բախտ է վիճակվել դիմացի սարերին բեզոարյան այծեր տեսնել, ապա այս անգամ հնարավորություն կունենաք տեսնել Նորավանքը՝ բեզոարյան այծերի աչքերով:

Լուսանկարը` Armenian Geographic

Արշավը սկսվելու է Գնիշիկ գյուղից։ Ճանապարհն անցնելու է լքված գյուղատեղիներով։ Երթուղու համար յուրօրինակ պարսպի դեր են կատարում Գնիշիկաձորը շրջափակող դեղնա-կարմրագույն ժայռերն ու քարափները:

 

Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Գնիշիկի կիրճում

 

Մարտի 23-ին Գնիշիկի կիրճ է մեկնում նաեւ ԱՐԻ արշավական ակումբը: Երթուղու սկզբում ուսումնասիրելու եք Գնիշիկ գյուղի 9-րդ դարերի խաչքարերը, այնուհետեւ կիրճում հիանալու եք ծաղկած նշենիով, գարնանային ծաղիկներով եւ կարմիր ժայռերով։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Արշավի ընթացքում արծվի թռիչքի բարձրությունից կհիանանք Նորավանք վանական համալիրով։ Եթե հաջողակ լինենք, կհանդիպենք նաեւ բեզոարյան այծերի եւ քարակաքավների։

 

Երթուղու երկարությունը 12 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 6-14 տ. խոխա արշավ Ալսար

 

Այս կիրակի ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Արարատի մարզ՝ բարձրանալու Երախի լեռների ամենաբարձր գագաթը՝ Ալսարը (1853 մ): Վերելքը սկսվելու եւ ավարտվելու է Նարեկ գյուղում։ Ընթացքում վայելելու եք ձյունառատ Գեղամա լեռնաշղթան, Երանոսը, Օձասարը եւ Արարատը։

 

Արշավի երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 480 մ, բարդության աստիճանը՝ միջին:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Համշեն Տուր. Վերելք Մեծ Փարախադեմ / Կարմիրքար

 

Կիրակի օրն ակումբը բարձրանալու է Կարմիրքար / Մեծ Փարախադեմ (1949 մ)՝ վայելելու չքնաղ տեսարաններ: Դրանց թվում առանձնահատուկ տեղ ունի Փարախադեմից Արարատ բացվող տեսարանը։ Մեծ Փարախադեմն Ուրծի լեռների ամենատպավորիչ հատվածներից է՝ անչափ գեղեցիկ ժայռերով։ Դեպի Մեծ Փարախադեմ քայլելու եք Տիգրանաշենից (Արարատի մարզ):

 

Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մ:

 

Այս վերելքը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ՝ փորձառու արշավականների համար։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Բարձրյալ խաչ եւ Բաղանիսի եկեղեցի

 

Մարտի 23-ին տեղի կունենա ակումբի «Սարուձոր» նախագծի քայլարշավը Տավուշի մարզում: Քայլելու եք Բարեկամավանի Բարձրյալ խաչ հուշարձան եւ Բաղանիսի եկեղեցի:

 

Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում գտնվող Բարձրյալ խաչի տարածքում նախկինում եղել է հեթանոսական դամբարան, որը քրիստոնեության ընդունումից հետո ձեւափոխվել է ու վերածվել քրիստոնեական սրբավայրի:

 

Հաջորդիվ կայցելեք Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է 10-րդ դարում։ Այն դեղնավուն ֆելզիտից բազիլիկ եկեղեցի է, իսկ մոտակայքում կա միջնադարյան գերեզմանոց։

 

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 7-8 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Ճանապարհորդ արշավախումբ. Քայլարշավ Կոտուց լեռան շուրջ

 

Կիրակի օրն ակումբը կազմակերպում է քայլարշավ Կոտուց լեռան շուրջ, որի ընթացքում կայցելեք նաեւ յուրահատուկ Տափի բերդը:

 

Ուրցաձոր գյուղից կքայլենք Տափի կամ Գեւորգ Մարզպետունու ամրոց, այնուհետեւ քայլարշավը կշարունակվի Վեդի գետի վտակի՝ Խոսրովի ափով, ինչից հետո կշարժվեք դեպի Կոտուց լեռան ստորոտ:

 

Այն նույնանուն լեռների ամենաբարձր գագաթն է, իսկ լեռան շրջակայքում կան երկրաբանական բազմաշերտ մերկացումներ: Ըստ ավանդության՝ լեռան փեշերին է Խոսրով Կոտակ արքայի դամբարանը:

 

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 15,5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 460 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին