Դիվանագիտական հարաբերությունների կասեցում եւ խզում. պրակտիկան եւ պատմությունը - Mediamax.am

9771 դիտում

Դիվանագիտական հարաբերությունների կասեցում եւ խզում. պրակտիկան եւ պատմությունը


Լուսանկարը` http://ipolitics_assets.s3.amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մինչ այս չեն եղել դիվանագիտական հարաբերությունների խզման օրինակներ: Ինչպես հայտնի է, Հայաստանը չունի հարաբերություններ իր անմիջական հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ադրբեջանը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` դա պայմանավորելով արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ: Ինչ վերաբերվում է  Թուրքիային, ապա 1991թ. դեկտեմբերի 24-ին այն պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ նախապայմաններ առաջադրելով Լեռնային Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերում:

 

Դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կամ խզումը հանդիսանում է վերջին միջոցը միջազգային պրակտիկայում: Դիվանագիտական հարաբերությունների խզումը ուղեկցվում է պետությունների միջեւ դիվանագիտական շփումների ամբողջական դադարեցմամբ, դիվանագիտական ներկայացուցիչների հետկանչով ու դիվանագիտական եւ այլ ներկայացուցչությունների փակմամբ:

 

Այնուամենայնիվ, դիվանագիտական հարաբերությունների խզումը չի նշանակում մեխանիկորեն նաեւ հյուպատոսական հարաբերությունների խզում: Դիվանագիտական հարաբերությունների խզումը կարող է իրականացվել պատերազմի, հեղափոխության կամ հեղաշրջման պարագայում, պետության կողմից իրականացվող թշնամական քաղաքականության պատճառով, նաեւ ցանկացած այլ գործունեությունների, որոնք բացառում են դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքը:

 

1961թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում, որը հանդիսանում է պետությունների միջեւ հարաբերությունները կանոնակարգող հիմնական փաստաթուղթը, գոյություն ունի այդ դրույթին վերաբերվող հատուկ կետ: Ըստ 45-րդ հոդվածի, երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման կամ ներկայացուցչության վերջնական կամ ժամանակավոր հետկանչի դեպքում.

 

- նստավայր պետությունը պարտավոր է անգամ զինված հակամարտության դեպքում հարգել եւ պահպանել ներկայացուցչության շենքերը դրա գույքով եւ արխիվներով հանդերձ,

 

 - հավատարմագրող պետությունը կարող է իր ներկայացուցչության շենքերի, գույքի եւ արխիվների պահպանությանը վստահել երրորդ պետությանը, որն ընդունելի է նստավայր պետության համար,

 

- հավատարմագրող պետությունը կարող է իր եւ իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել այն երրորդ պետությանը, որն ընդունելի է նստավայր պետության համար:

 

Պատմությանը հայտնի են պետությունների միջեւ հարաբերությունների խզման բազմաթիվ օրինակներ` Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերությունների խզումը 1927թ., Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ Ֆոլքլենդյան պատերազմից առաջ, ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ (1961թ-ից մինչ օրս), ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ (1980 թ-ից մինչ օրս): Բազմաթիվ արաբական պետություններ խզեցին իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ 1967թ. արաբ-իսրայելական պատերազմի իրադարձությունների ֆոնին:

 

Դիվանագիտական հարաբերությունների խզման վերջին տարիների հայտնի օրինակներից են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008թ. պատերազմից հետո տեղի ունեցածը, ինչպես նաեւ բազմաթիվ երկրների որոշումը խզել դիվանագիտական հարաբերություները Մուամար Քադաֆիի վարչակազմի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին