Վիկտոր Օրբան` Սաֆարովին Ադրբեջանին վաճառած մարդը - Mediamax.am

5070 դիտում

Վիկտոր Օրբան` Սաֆարովին Ադրբեջանին վաճառած մարդը


Վիկտոր Օրբանը
Վիկտոր Օրբանը

Լուսանկարը` http://www.consilium.europa.eu


Երեւան: Մեդիամաքս: Հունգարիայի ընդդիմությունը պնդում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում:

Մեդիամաքս-ը որոշեց ներկայացնել «Վիկտատոր» եւ «Եվրոպայի Ուգո Չավես» մականուններին արժանացած Վիկտոր Օրբանի դիմանկարը:

 

Վիկտոր Օրբանը ծնվել է 1963 թ. Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաքում: 26 տարեկանում նա դարձել է «Երիտասարդ դեմոկրատների միության» («Ֆիդես») կուսակցության հիմնադիր-անդամ:

 

Առաջին անգամ նրա անունը հայտնի դարձավ Հունգարիայում 1989 թվականի հունիսի 16-ին, երբ նա հանրահավաքի ժամանակ պահանջեց սովետական զորքերի դուրս բերումը: 1 տարի անց կոմունիստները զիջեցին իշխանությունը եւ առաջին ընտրությունների արդյունքներով երիտասարդ քաղաքական գործիչը ընտրվեց խորհրդարան:  Առաջին անգամ նա վարչապետ դարձավ 1998 թվականին եւ դեռեւս այդ ժամանակ հասցրեց աչքի ընկնել սկանդալային գործողություններով եւ հայտարարություններով: Մասնավորապես, նա նախաձեռնեց այլ երկրներից համերկրացիներին Հունգարիայի անձնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգերի մասին օրենքը, իր դեմ հանելով Սլովակիային եւ Ռումինիային:

 

2002 թվականի ընտրություններում պարտություն կրելով եւ 8 տարի ընդդիմությունում անցկացնելով` 2010 թվականին Վիկտոր Օրբանը վերադարձավ իշխանությանը: Պաշտոնավարման առաջին օրերի ընթացքում նա մի քանի սկանդալային օրինագծեր առաջադրեց: Դրանց շնորհիվ այսօր Հունգարիայում ճնշված է խոսքի ազատությունը, խաթարված է դատական իշխանությունը, տնտեսական ոլորտի, ոստիկանության, բանակի պաշտոններում նշանակվել են Օրբանի մերձավոր շրջապատի մարդիկ:

 

«2010 թվականի մայիսին իշխանության վերադարձած Վիկտոր Օրբանը իշխում է կատարյալ տիրակալի պես: Իր նպատակները բավականին հավակնոտ են` ամրապնդել իր ռեժիմը, իշխանության փոփոխումը գրեթե անհնար դարձնել եւ ամենակարեւորը` պատմության մեջ մտնել որպես մեծագույն քաղաքական գործիչ, ով արմատապես փոխել է իր երկրի ճակատագիրը», - գրում էր ֆրանսիական L’Express-ն` ընդգծելով, որ Օրբանի օրոք «Հունգարիան հայտնվեց բռնատիրության եւ սնանկության եզրին»:

 

Օրբանի կարեւորագույն «նվաճումը» եղավ նոր Սահմանադրության ընդունումը, որի որոշ դրույթներ մարտահրավեր են նետում ազատական եվրոպական հիմքերին:  Կենտրոնական բանկի եւ հեռուստատեսության հանդեպ կառավարական վերահսկողության ամրապնդման կետերի համար նա խիստ քննադատության արժանացավ Գերմանիայի կանցլերի, ԱՄՆ պետքարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից: Չնայած դրան, 2012 թվականի հունվարի 1-ին փաստաթուղթը ուժի մեջ մտավ: 

 

Ենթադրվում է, որ հենց այս մարդն է եղել Ադրբեջանի կողմից $ 2-3 մլրդ-ի հունգարական պետական պարտատոմսերի գնման «ճարտարապետը»: Ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչն ասել է, որ «Վիկտոր Օրբանը վաճառել է Հունգարիայի պատիվը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին