Շրջակա միջավայրի նախարարությունից զգուշացնում են, որ Հայաստանում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել։
Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մ-ից ավելի) եւ մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանում է ձնահյուսերի հավանականությունը։
Ցավոք, նախօրեին արդեն իսկ արձանագրվել է ձնահյուս՝ Արագած լեռան հյուսիսային գագաթի մերձակայքում, ինչից տուժել է իսպանացի դահուկորդների խումբը։
Մեդիամաքսը ցավում է տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ հորդորում հաշվի առնել վերոնշյալ զգուշացումը։
Մարտի 15-16 (շաբաթ-կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Գիշերակացով արշավ Որոտանի կիրճում
Առաջիկա հանգստյան օրերին ակումբը հրավիրում է միասին բացահայտել Որոտանի կիրճի «ուրվականները»՝ մասնակցելով այս տարվա առաջին գարնանային գիշերակացով արշավին։

Լուսանկարը` Armenian Geographic
Ակումբում այդպես են անվանում ձորալանջի լքված գյուղերը, որոնք Սյունիքի հնագույն բնակավայրերից են: Դրանք ժայռերի վրա են, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում:
Երթուղու երկարությունը 12 կմ է, գիշերակացը նախատեսված է հյուրատանը։
Մանրամասները՝ հղումով։
Մարտի 15 (շաբաթ)
«Խարույկ» արշավական ակումբ․ Մայրամուտը Մեծ Փարախադեմից
Մարտի 15-ին ակումբն իրականացնելու է վերելք դեպի Ուրծի լեռնաշղթայի ֆանտաստիկ գագաթներից մեկը՝ Մեծ Փարախադեմ լեռ (1955 մ)։ Արշավը սկսվելու է Տիգրանաշենից։
Ուրծի լեռնաշղթայի լանջերով բարձրանալու եք գագաթ՝ վայելելով լեռնաշղթայից բացվող հրաշալի տեսարանները։
Լեռան գագաթին մայրամուտը դիմավորելուց հետո, արշավն ավարտվելու է սկզբնակետում։
Երթուղու ընդհանուր երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ։
Մանրամասները՝ հղումով։
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Արտավազ լեռ
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է վերելք Արտավազ լեռ (2929 մ), որը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է:
Լեռան տարածքը հայտարարված է բնության կենսաբանական հուշարձան՝ որպես «Արտավազ լեռան մնացուկային տարածք»։
Վերելքը սկսվելու է Արտավազ գյուղից, ավարտելու՝ Մեղրաձորում:

Լուսանկարը` Armenian Geographic
Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ։
Մանրամասները՝ հղումով։
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Աղջկա բերդ
Նույն օրն ակումբը մեկնելու է Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Աղջկա բերդը։ Սա Հայաստանի ամենանշանավոր ամրոցներից է եւ գտնվում է անտառապատ լեռան գագաթին:
Հատկապես այս սեզոնին բերդ տանող ճանապարհը շատ գեղեցիկ է։
Մանրամասները՝ հղումով։
ARI/ ԱՐԻ Խոխա արշավական ակումբ․ Խոխա արշավ Օրգովի ձորում
Մարտի 15-ին ակումբը 3-6 տարեկան խոխեքի եւ ծնողների հետ մեկնում է աստղագիտության ամենակարեւոր կենտրոններից մեկը՝ Բյուրական։ Այս գարնանային արշավը սկսվելու է հենց այստեղից եւ շարունակվելու Օրգովի ձորում։
«Այս եղանակին կվայելենք նաեւ քրքումի գեղեցկությունը, միայն հիշենք եւ խոխեքին զգուշացնենք, որ չենք քաղելու», - նշում են ակումբից։
Երթուղու երկարությունը 4 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ +։
Մանրամասները՝ հղումով։
Մարտի 16 (կիրակի)
North Peak լեռնային ակումբ. Վերելք Ամպասար
Մարտի 16-ին North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին կատարելու վերելք Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկը` Ամպասարը (3053 մ)։ Այն Կոտայքի եւ Լոռու մարզերի սահմանագլխին է։
Վերելքը սկսվելու է Մեղրաձոր գյուղից: Քայլելու եք մոտ 20 կմ՝ հավաքելով 1300 մ հարաբերական բարձրություն:
Վերելքը միջինից բարդ է եւ դրան մասնակցելու համար ձմեռային վերելքների փորձն ու համապատասխան հանդերձանքը պարտադիր են։
Մանրամասները՝ հղումով։
ArmLand արշավական ակումբ․ Քայլարշավ Գնիշիկի կիրճում
ArmLand ակումբը ակտիվ հանգստի սիրահարներին հրավիրում է մարտի 16-ին միասին ուղեւորվել Վայոց ձորի մարզ՝ դեպի Գնիշիկի կիրճ։ Այն գտնվում է Գնիշիկ գետի ափին։ Ճանապարհը անցնում է կարմրավուն ժայռերի գեղեցիկ տեսարանի ուղեկցությամբ։

Լուսանկարը` ArmLand
Երթուղու երկարությունը 12 կմ է։ Այն բարդ չէ եւ հարմար է նաեւ սկսնակների համար։
Մանրամասները՝ հղումով։
ARI/ ԱՐԻ արշավական ակումբ․ Վերելք Ոսկեսար
Այս կիրակի ակումբը մեկնում է Լոռի-Տավուշ մարզերի սահմանագլուխ՝ քայլելու Մարգավետի լեռներներով դեպի Ոսկեսար գագաթ (2170 մ)։ Վերելքից հետո արշավը շարունակվելու է Դիլիջան ազգային պարկում, որտեղ այցելելու եք միջնադարյան Մաթոսավանքը (13-րդ դար)։

Լուսանկարը` ARI/ ԱՐԻ
Արշավը սկսվելու է Ֆիոլետովո գյուղից, ավարտվելու՝ Դիլիջանում։ Արշավի ժամանակ հրաշք տեսարաններ են սպասվում դեպի Փամբակի եւ Իջեւանի լեռներ։
Մանրամասները՝ հղումով։
ARI/ ԱՐԻ Խոխա արշավական ակումբ․ Մայրամուտի արշավ Ազատի ջրամբարում
Նույնը օրը, բայց արդեն 6-14 տարեկան խոխաների համար ակումբը մեկնելու է Ազատի ջրամբար՝ խարույկի շուրջ վայելելումայրամուտը։
Արշավի ընթացքում գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Երանոսի լեռնաշղթան, ձյունածածկ Գեղաման, Արագածն ու Արարատը, իսկ վերջում` մայրամուտի կարմրի եւ դեղինի 50 երանգները։

Լուսանկարը` ARI/ ԱՐԻ Խոխա
Ակումբից նշում են, որ երեխաների հետ կարելի է «խարույկի վրա խորովելու համովություններ դնել»։
Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ։
Մանրամասները՝ հղումով։
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ․ Վայրի կենդանիների պահպանման կենտրոն եւ Տափի բերդ
Այս արշավը լինելու է յուրահատուկ, քանի որ համատեղելու է ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը եւ պատմամշակութային վայրի ուսումնասիրությունը, այլեւ՝ ուսուցողական արժեքավոր փորձառությունը։
Կիրակի օրն ակումբը մեկնելու է Տափի բերդ կամ Գեւորգ Մարզպետունու ամրոց, որից հետո նախատեսված է այդ վայրի կենդանիների փրկարար կենտրոն։
Այն գործում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պաշտպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Այստեղ ձեզ ծանոթացնելու են այն կենդանիների պատմություններին, որոնք ժամանակին ապրել են անազատության մեջ կամ անբարենպաստ պայմաններում, իսկ այժմ ապաքինման փուլում են՝ ազատ արձակվելու նախաշեմին։
Մանրամասները՝ հղումով։
That Trail արշավական ակումբ․ Երթուղին՝ Վարդագույն կիրճ
Այս կիրակի ակումբն արշավելու է Ազատի ջրամբարից ոչ հեռու՝ Երանոսի լեռներում գտնվող Վարդագույն կիրճում։
Ճանապահից երեւում են Ազատի ջրամբարն ու Երանոս լեռը մի կողմից եւ Արարատ լեռը՝ մյուս։ Արահետը հիշարժան է նաեւ այստեղ հանդիպող ինքնատիպ ժայռագոյացությունների տեսանկյունից։
Քայլարշավի երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրություն՝ 500 մ։
Մանրամասները՝ հղումով։
Armenian Geographic արշավական ակումբ. Սմբատաբերդ եւ Զորաց տաճար
Այս կիրակի ակումբը հրավիրում է իրականացնել արշավ Վայոց Ձորի մարզում, որի ընթացքում կծանոթանաք մարզի մի շարք մշակութային կոթողներին։
Եղեգիս գյուղից կքայլեք դեպի հայոց նշանավոր բերդերից մեկը՝ Սմբատաբերդը։ Այն Հայաստանում ամենից լավ պահպանված հզոր բերդերից է։ Սմբատաբերդը եղել է Եղեգիս գյուղաքաղաքի եւ շրջակա բնակավայրերի կարեւորագույն ռազմական հենակետը։
Ծանոթանալով բերդի պատմությանը եւ վայելելով այստեղից բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարանը դեպի Թեքսարի լեռներ՝ կվերադառնաք Եղեգիս գյուղ եւ կծանոթանանք գյուղի 3 նշանավոր եկեղեցիներին՝ Սբ․ Նշան (Կարապետ) (XI-XIII դդ.), Զորաց տաճար (XIV դ.), Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.)։ Հատկապես իր ճարտարապետական յուրօրինակությամբ աչքի է ընկնում Զորաց տաճարը, որը միջնադարյան հայ ճարտարապետության չկրկնվող հուշարձաններից է։
Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ։
Մանրամասները՝ հղումով։
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Մեծ Փարախադեմ
Նույն օրն ակումբը հրավիրում է մասնակցելու Մեծ Փարախադեմի վերելքին։
Արշավը սկսվելու է Տիգրանաշենի մոտակայքից: Անցնելով Ուրծի լեռների լանջերով՝ բարձրանալու եք Մեծ Փարախադեմ ժայռոտ գագաթը (1955 մ)։
Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուրծի լեռներն ու Մեծ ու Փոքր Մասիսները։
Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ։
Մանրամասները՝ հղումով։
«Խարույկ» արշավական ակումբ․ Վերելք Գայլեձոր լեռ
Կիրակի օրն ակումբն ուղեւորվելու է Վայոց ձոր՝ բարձրանալու Գայլեձոր լեռը (2726 մ)։
Սպասվում է յուրահատուկ երթուղի՝ Թեքսարի լեռնաշղթայի գեղատեսիլ լանջերով։
Այս արշավին մասնակցելու համար ֆիզիկական պատրաստվածությունը եւ արշավային փորձը պարտադիր են։
Երթուղու ընդհանուր երկարությունը՝ 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1300 մ։
Մանրամասները՝ հղումով։
Հատիս Տուր․ Վերելք Տեսիլք լեռ եւ քարանձավ
Կիրակի օրը Հատիս Տուրն ուղեւորվելու է Տավուշի մարզ` Տեսիլք լեռ (1372 մ)։ Արշավը սկսվելու է 840 մետրից՝ Գանձաքար գյուղից: Վերելք կկատարեք անտառապատ լանջերով՝ վայելելով գեղեցիկ տեսարաններ։ Լեռան լանջին կա նաեւ գեղեցիկ քարանձավ, որը եւս կուսումնասիրեք։
Մանրամասները՝ հղումով։
Համշեն Տուր․ Վերելք Ուրծ լեռ
Այս կիրակի Համշեն Տուրը վերելք է կատարելու Հայաստանի ամենագեղեցիկ գագաթներից մեկը՝ Ուրծը (2446 մ)։ Պարզ եղանակի պարագայում այստեղից կարելի է որսալ Մասիսի ու Սիսի տպավորիչ տեսարանները։ Վերելքի մեկնարկն ու ավարտն Արարատի մարզի Լանջառ գյուղում է։

Լուսանկարը` Համշեն Տուր
Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 750 մ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Մանրամասները՝ հղումով։
Համշեն Տուր․ Հին Արմավիր, Մեծամոր, Ակնալիճ, Սարդարապատ
Նույնը օրը տուրը հրավիրում է միանալ մեկ այլ՝ շատ տպավորիչ երթուղու։ Ակումբի առաջին կանգառն Արմավիրի Ակնալիճ գյուղում է։ Այստեղ կայցելեք եզդիական ամենամեծ տաճարն աշխարհում: Միեւնույն ժամանակ, կծանոթանաք մեր եզդի հայրենակիցների կրոնին եւ մշակույթին։ Այնուհետեւ կուղեւորվեք Մեծամոր, որտեղ կայցելեք Մեծամորի թանգարան՝ բացահայտելու հազարամյակների պատմությունն ու ցուցանմուշները, կտեսնենք Մեծամորի բերդը: Հաջորդիվ կլինեք Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։
Մանրամասները՝ հղումով։
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: