Գերագույն հոգեւոր խորհուրդը հորդորում է Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը - Mediamax.am

458 դիտում

Գերագույն հոգեւոր խորհուրդը հորդորում է Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով, որն անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հայտարարել է.

 

«Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։

 

Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլեւ արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնելու իբրեւ ոճրագործներ։

 

Շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաեւ հոգեւոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։

 

Այս պայմաններում մեծապես կարեւորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

 

Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։

 

Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղություն եւ սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ արցախահայության իրավունքների իրացման պարագայում։

 

Աղոթքով առ Բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի եւ առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին