Երեւան: Մեդիամաքս: Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հանդես է եկել հայտարարությամբ՝ զորակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի:
ԵՀԽ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը կանգնած է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողքին, որն առերեսվում է Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից արձակված անարդար բռնագրավման հրամանի հետ։
Մենք դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ ուղղված բացահայտ հարձակում եւ Երուսաղեմի սրբավայրերը կառավարող պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում։
Դարեր շարունակ Հայոց Պատրիարքարանը, այլ քրիստոնեական հաստատությունների հետ միասին, պահպանել է Սուրբ Երկրի սրբազան ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի, համայնքային ծառայության եւ արդարության փարոս։ Պատրիարքարանի դեմ ձեռնարկված հարկադրական միջոցները ոչ միայն իրավական եւ բարոյական արատավորություն են, այլեւ վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին։
Այս անխոհեմ գործողությունը մաս է կազմում Սուրբ Քաղաքում քրիստոնեական համայնքների դեմ ուղղված աճող ճնշումների, հողային վեճերի եւ ահաբեկման գործողությունների, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է։
Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ սառեցնել բռնագրավման գործընթացը եւ պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։ Հորդորում ենք միջազգային հանրությանը, ներառյալ կրոնական եւ քաղաքական առաջնորդներին, վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու քրիստոնեական համայնքների հիմնարար իրավունքները եւ ապահովելու, որ Սուրբ Երկիրը մնա երկրպագության, խաղաղության եւ համակեցության վայր բոլորի համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: