Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ինչպես հաղորդում է Trend-ը, նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ադրբեջանը աշխարհի այն եզակի վայրերից է, որտեղ կրոնական եւ մշակութային բազմազանությունը համարվում է հոգեւոր հարստություն: Մենք հպարտ ենք, որ այն ժամանակ, երբ էթնիկ, կրոնական եւ ռասայական խտրականությունը, իսլամոֆոբիան, հակաքրիստոնեությունը եւ հակասեմականությունը, աճում են աշխարհի շատ մասերում, Ադրբեջանը օրինակ է, թե ինչպես մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները եւ այլ կրոնների հետեւորդներն ապրում են ներդաշնակության եւ բարգավաճման մեջ:
Ադրբեջանը, որը պահպանում է բազմազանության հարուստ ժառանգությունը, աջակցում է կրոնական ազատությանը, ակտիվորեն մասնակցում է գլոբալ միջկրոնական երկխոսությանը, կարեւոր ներդրում ունի համաշխարհային խաղաղության մեջ։
Այս կրոնական ներդաշնակության վառ օրինակն է Ադրբեջանի հրեական համայնքը, որը դարերի ընթացքում զարգացել է հալածանքներից եւ խտրականությունից զերծ միջավայրում: Կրասնայա Սլոբոդան մուսուլմանական աշխարհի ամենահին եւ ամենամեծ հրեական համայնքներից մեկն է: Այստեղ գործող սինագոգները, դպրոցները եւ մշակութային կենտրոնները վկայում են կրոնական ազատությանն Ադրբեջանի անսասան հավատարմության մասին: Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում քրիստոնեական եւ հրեական կրոնական կազմակերպություններին եւ ապահովում նրանց ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի քաղաքացիական եւ հասարակական կյանքում։
Հուսով ենք, որ ձեր ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կրոնական համայնքները կշարունակեն ամրապնդվել, իսկ կրոնական ազատությունները՝ պահպանվել»:
Նամակը ստորագրել են Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի եպիսկոպոս Ալեքսին, Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտ Վլադիմիր Ֆեկետեն, Ադրբեջանի լեռնային հրեաների կրոնական համայնքի նախագահ Միլիխ Եվդաեւը, եվրոպական հրեաների Բաքվի կրոնական համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկին, Ալբանա-ուդիական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, Բաքվի սեֆարդ հրեաների կրոնական համայնքի նախագահ Զամիր Իսաեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: