Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում 2025 թվականի փետրվարի 10-ին բացվել է հայ բանաստեղծ, արձակագիր եւ արվեստաբան Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գրականության ցուցադրությունը:
Ցուցադրությանը ներկայացված են Կոստան Զարյանի հեղինակած գրքերը, թարգմանությունները, ձեռագրերն ու լուսանկարներ, ինչպես գրքեր եւ հրապարակումներ՝ նրա գրական վաստակին նվիրված:
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_5440765.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս ցուցադրությունն առանձնահատուկ եւ արժեքավոր է նրանով, որ ներկայացված է նաեւ գրողի ծննդյան վկայականի պատճենը, որը հավաստում է նրա ծննդյան ստույգ օրը՝ 1885թ. փետրվարի 8-ը։
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_6695682.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երկար տարիներ թյուրիմացաբար, հիմնականում սոցիալական հարթակներում Կոստան Զարյանի ծննդյան օրը նշվել է փետրվարի 2-ը, այնինչ գրողը ծնվել է փետրվարի 8-ին»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը։
![Ներսես Հայրապետյանը Ներսես Հայրապետյանը](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_8451151.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ այս ցուցադրությունը կօգնի գրողի ծննդյան օրվա հետ կապված թյուրիմացությունը շտկել․«Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին է հաջողվել ձեռք բերել գրողի ծննդյանի վկայականի պատճենը եւ տրամադրել մեզ ցուցադրության»։
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_5131179.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցադրությունը առավել ամբողջական եւ ընդարձակ է։ Այն ընդգրկում է 50-ից ավելի հրատարակություն։
«Հավաքել եւ ներկայացնում ենք այն ամենն, ինչ այսօր հնարավոր է ցուցադրել Հայաստանում։ Այստեղ գրողի ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրի հրատարակություններ են, գրքեր, որոնք լույս են տեսել Պոլսում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Բելգիայում, Ավստրիայում եւ այլուր։ Ներկայացված են նաեւ ընտրովի հրապարակումներ մամուլից, այն ամենն, ինչը, կարծում ենք, կարեւոր են այն այցելուների համար, եւ թույլ կտան պատկերացում կազմել Կոստան Զարյանի մասին։ Ցուցադրված են նաեւ լուսանկարներ, ձեռագրերի նմուշներ»,- ասել է Ներսես Հայրապետյանը։
![Ներսես Հայրապետյանը Ներսես Հայրապետյանը](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_2593243.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կոստան Զարյանին մեզանում այդքան լավ չեն ճանաչում, նոր են սկսել ուսումնասիրել։ Այստեղ պիտի արժանին մատուցենք այն գրականագետներին, որոնք ուսումնասիրում են Զարյան, այն հրատարակչություններին, որոնք տպագրում են նրա գրքերը»,- նշել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդականը։
Ցուցահանդեսի բացման արարողության հաջորդել է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի դասախոսությունը՝ նվիրված Կոստան Զարյանի կենսագրությանն ու անցած ճանապարհին։
![Ներսես Հայրապետյանը եւ Երվանդ Տեր-Խաչատրյանը Ներսես Հայրապետյանը եւ Երվանդ Տեր-Խաչատրյանը](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_2040522.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր գրականության մեջ կան բախտավոր եւ անբախտ գրողներ։ Կոստան Զարյանն անբախտ գրող էր, բայց նա մեր ժողովրդի մեծագույն դեմքերից մեկն էր։ Նրա կյանքն ու կենսագրությունը մեզնից մեծ մասին անհայտ է։ Շատ հետաքրքիր կյանք է ունեցել, եթե նրա անձնական կյանքը գրի առնվի, բացառիկ վեպ կդառնա՝ իրադարձություններով, պատմություններով լինի: Նա ապրել է տասնյակ երկրներում, բայց դրանցից որեւէ մեկում երկու տարուց ավելի չի անցկացրել։
Թողել է գրական մեծ ժառանգություն, որը ոչ միայն ծավալով է մեծ, այլեւ արժեքով, բայց մեր ժողովուրդը լավ ծանոթ չէ դրան, ինչը Զարյանի գրական բարդ ճակատագրի հետեւանք է»,- ասել է Երվանդ Տեր-Խաչատրյանը։
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_3170142.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոստան Զարյանի գրական ստեղծագործությունները ժողովրդին լավ ծանոթ չլինելու պատճառներից մեկը, գրականագետի խոսքով, այն է, որ նա իր կենդանության օրոք ընդամենը երեք գիրք է տպագրել՝ «Օրերի պսակը» բանաստեղծությունների ժողովածուն, «Երեք երգեր ասելու համար վիշտը երկրի եւ վիշտը երկնքի» պոեմների շարք եւ «Նավը լեռան վրա» վեպը։
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_9664151.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Երեւանում «Նավը լեռան վրայ» վեպը լույս էր տեսել 1963-ին՝ փոփոխություններով եւ աղճատումներով: 2015 թվականին՝ վեպի ամբողջական տարբերակի հրատարակության առիթով Մեդիամաքսի հետ ունեցած զրույցում «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանն ասել էր.
«Երբ կրճատում եւ արհեստականորեն աղճատում են երկխոսությունների, մտքերի ու մտորումների խճանկարը, ասելիքը չի հասկացվում: Զարյանն այդ հրապարակման վերաբերյալ ասել է. «Ես ուզում եմ իմացվի, որ «Նավի» երկրորդ հրատարակությունը լույս է տեսել ճնշման, խաբեության եւ սպառնալիքի տակ: Երկրորդ հրատարակության վերջին մասը բոլորովին ավելորդ է, ինչպես նաեւ շատ փոփոխություններ վեպի ներսում....»:
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739196900_5152530.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Խորհրդային միության տարիներին այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ եթե համեմատենք, նոր վեպի ակնկալիք պիտի ունենանք: Թվում է` ունի պարզ, ուղղագիծ սյուժե, բայց մտորումները, զրույցները, բովանդակությունը գալիս են հաստատելու այն թեզը, որ այս տարածքում նախադրյալներ կան նոր, Արարատյան մարդու ծնունդի: Այլ կերպ պիտի ընթերցվի նոր գիրքը: Շատ կարեւոր է ամեն մանրամասնություն, ամեն մի փոքր երկխոսություն: Սա նոր ծանոթություն է Կոստան Զարյանի հետ»:
Երվանդ Տեր-Խաչատրյանը եւ Ներսես Հայրապետյանը վստահեցնում են, որ այս ցուցադրությունը այցելուներին, ընթերցողին կօգնեն բացահայտել Կոստան Զարյան անհատին եւ վիթխարի գրողին։
Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա 10 օրվա ընթացքում։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: