Շուրջ տասը տարի առաջ նոր սերնդին ընթերցասիրությամբ վարակելու ու կարդալու հնարավորություն չունեցող մարդկանց համար հայերեն գրականությունը մատչելի դարձնելու շարժառիթով Տիգրան Ազիզբեկյանը հիմնեց «Գրքասեր» հարթակը, որն այսօր հայերեն աուդիոգրքերի ամենամեծ գրադարանն է՝ ավելի քան 5 000 ժամ ձայնային գրականությամբ:
2024 թվականի վերջին Grqaser.org-ը ներկայացրեց թարմացված կայքը ու տեսողության սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար նախատեսված ալտերնատիվ հարթակը՝ alt.grqaser.org-ն:
Մեդիամաքսը պատմում է հարթակի զարգացման, հայոց լեզվի ու հայերեն գրականության պահպանմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաեւ նոր գործարկված ալտերնատիվ հարթակի մասին:
Ավելի քան 900 աուդիոգիրք
«Այսօրվա պես հիշում եմ, թե որտեղ էի ու ինչ էի անում, երբ ընկերս՝ Տիգրան Ազիզբեկյանը, զանգահարեց, ու ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արդարադատության նախարարությունում է եւ պետք է արագ անուն ասել՝ գրանցելու համար այն հասարակական կազմակերպությունը, որով էլ պետք է իրագործենք Տիգրանի՝ հայերեն աուդիոգրքերի գրադարան ստեղծելու գաղափարը: Արագ մի քանի տարբերակներ հնչեցրի ու ընտրեցինք «Գրքասերը»»,- պատմում է «Գրքասեր»-ի նախագծերի ղեկավար Գոռ Հարությունյանը:
![Գոռ Հարությունյանը Գոռ Հարությունյանը](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_7733481.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Թեեւ Տիգրան Ազիզբեկյանը ծնունդով Արցախից չէ, այդ տարիներին ցանկացած գործ ձեռնարկելիս առաջին հերթին մտածում էր այն ինչ-որ կերպ Արցախին կապելու մասին, դրա համար էլ կազմակերպությունն այնտեղ գրանցեց: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունների հետեւանքով 2024 թվականի հունվարին «Գրքասերի» հիմնադիրները ստիպված եղան կազմակերպությունը նորից գրանցել՝ արդեն Հայաստանի Հանրապետությունում՝ «Գրքասերների ակումբ» ձայնային գրադարան ՀԿ անունով։
Գտնելով լավ «ձայներ» ու նրանց հետ ձայնագրելով հայերեն գեղարվեստական գրքեր ինչպես հայ հեղինակների, այնպես էլ օտարազգի՝ Grqaser.org հարթակն անընդհատ հարստանում է։ Առաջին գիրքը եղել է Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն», որը կարդում է դերասան, հաղորդավար Արթուր Գեղամյանը։ Այսօր հարթակում կա ավելի քան 900 աուդիոգիրք։
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_9040315.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Նախագծի մեկնարկի առաջին ամիսներից Գոռ Հարությունյանը եւս «Գրքասեր»-ի ձայն է դարձել ։ Նրա առաջին փորձը «Վինի Թուխի արկածներն» էր:
«Ինձ համար շատ ոգեւորիչ փորձառություն էր, քանի որ կերպարները շատ էին ու պետք է կարողանայի ընթերցել նրանցից յուրաքանչյուրին հատուկ ձեւով: Այժմ ավելի քիչ եմ կարդում մասնագիտական ծանրաբեռնվածության բերումով, սակայն զբաղվում եմ «Գրքասեր»-ի տարատեսակ ծրագրերի համակարգմամբ»,- պատմում է Գոռ Հարությունյանը:
Միասին հաղթահարելով ընթերցանության խոչընդոտները
Կազմակերպության հիմնադրման հենց սկզբից առաքելություններից մեկը հայերեն ընթերցանությունը հասանելի դարձնելն էր նաեւ այն մարդկանց, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում կարդալ: Բացի ձայնային գրադարանի համալրումից, անհրաժեշտ էր ստեղծել նաեւ մատչելի կայք, որից հեշտությամբ կկարողանան օգտվել չտեսնող մարդիկ՝ էկրան ընթերցիչ ծրագրերի միջոցով։
«Կայքը թարմացնելու եւ չտեսնողների կարիքներին համապատասխան ալտերնատիվ հարթակ ստեղծելու համար 2024 թվականի սկզբին reArmenia հարթակում դրամահավաք սկսեցինք։ Նախաձեռնությանը ծանոթանալուց հետո մեզ հետ կապ հաստատեցին «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամից եւ ասացին, որ կարող են մեզ դրամաշնորհ տրամադրել: Հենց նրանց օժանդակությամբ էլ կարողացանք 2024 թվականի ավարտին հանրությանը ներկայացնել բարելավված կայքն ու ալտերնատիվ հարթակը»,- մանրամասնում է Գոռ Հարությունյանը։
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_7128821.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
Grqaser.org-ի հիմնական այցելուներից է Մեդիամաքսի «Աշխարհը լսող եւ լույսը տեսնող Վահանը» պատմության հերոս Վահան Դիշլանյանը, որը հարթակից օգտվում է 2018 թվականից, երբ ձեռք բերեց անկախ կյանքի հմտություններ։ Վահանի եւ այլ չտեսնող մարդկանց կողմից օգտագործվող էկրան ընթերցիչ ծրագրերը հաճախ են բարդությունների հանդիպում հայկական կայքերի տիրույթում, քանի որ դրանց մեծ մասում գրեթե ուշադրություն չի դարձվում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանը։
«Ծրագիրը, որն օգտագործում եմ հեռախոսից օգտվելիս, ընթերցում է մի քանի լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Եթե կայքը հարմարեցված չէ, շատ կոճակներ չեն ընթերցվում, կամ հնչում են տարատեսակ լեզուներով, բայց ոչ հայերեն։ «Գրքասեր»-ի ալտերնատիվ հարթակն այժմ բավականին հարմարեցված է, կարողանում եմ ծանոթանալ գրքի տեւողությանը, դրան համապատասխանող տարիքային խմբին եւ ներկայացված այլ տեղեկություններին։ Մասնագետ չեմ եւ կարող եմ միայն սեփական փորձից ելնելով ասել, որ դեռեւս կան չընթերցվող կոճակներ, որոնման համակարգի հետ կապված դժվարություններ։ Այդուհանդերձ, նախաձեռնությունը խիստ ողջունելի է։ Նաեւ պետք է հասկանանք, որ կայքերի մատչելիության ապահովումը մշտական գործընթաց է, որն ընթանում է կայքի արդիականացմանը զուգահեռ»,- ասում է Վահանը։
![Վահան Դիշլանյանը Վահան Դիշլանյանը](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_6839452.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Գրքասեր»-ի թիմը շարունակաբար աշխատում է թե′ հիմնական, թե′ ալտերնատիվ կայքի բարելավման ուղղությամբ։
«Պարբերաբար զանգեր ենք ստանում մեր հարթակից օգտվողներից, լսում նրանց դիտարկումները եւ հետեւողական լինում։ Շատ շնորհակալ ենք նման արձագանքների համար»,- ասում է Գոռ Հարությունյանը։
Հայերենի պահպանությունը եւ արհեստական բանականությունը
Թեեւ «Գրքասեր»-ի սկզբնական առաքելությունը ձայնային գրադարանի ստեղծումն էր, տարիների ընթացքում նպատակների շրջանակն ընդլայնվել է՝ առաջ բերելով մի շարք նախագծեր: Դրանցից է էլեկտրոնային գրադարանի ստեղծումը։
Նախագծի շրջանակում թվայնացվում են հայերեն գրքեր, որոնք հետագայում կիրառվում են նաեւ արհեստական բանականությամբ գործող գործիքների ստեղծման համար։
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_7995134.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայերեն գրականությունը մեծ մասամբ թվայնացված չէ։ Թեեւ համացանցում կարելի է հանդիպել շատ գրքերի սքանավորված տարբերակներ, սակայն այդ ձեւաչափով գրականությունը տարբեր թվանշային գործիքների, սարքավորումների համար ընթեռնելի չէ: Էլեկտրոնային գրքերի ստեղծմամբ մի կողմից օգնում ենք մարդկանց, որ հայերեն գրքեր կարողանան ընթերցել տարբեր հավելվածներով եւ էլեկտրոնային ընթերցիչներով, մյուս կողմից դրանք կիրառում ենք արհեստական բանականության միջոցով իրականացվող մեր մյուս ծրագրերում, որոնք միտված են հայերենի ու մեր բարբառների պահպանությանը»,- բացատրում է Գոռ Հարությունյանը:
Համագործակցելով «CAST» կազմակերպության հետ՝ «Գրքասեր»-ը արհեստական բանականությանն օգնում է յուրացնել գրաբարը, արեւմտահայերենը, ինչպես նաեւ հայերենի բազմազան բարբառները։
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_7978656.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այժմ ընթացքի մեջ է ԱԲ-ի կողմից Լոռու բարբառի յուրացման մեր նախագիծը, որից հետո, հավանաբար, կանցնենք Արցախի բարբառին: Թվանշային դարաշրջանում նման նախագծերն անհրաժեշտություն են, որպեսզի կարողանանք պահպանել հայերենը՝ իր ամբողջ ներկապնակով»,- հավելում է Գոռը:
«Գրքասերի»-ի նախագծերից է նաեւ «Թարգմանում են երեխաները», որի շրջանակում ցանկացած երեխա կարող է թարգմանել որեւէ գրական ստեղծագործություն կամ մուլտֆիլմ, իսկ հետո կարդալ եւ «Գրքասեր»-ի օգնությամբ ձայնագրվել՝ համալրելով հարթակի գրադարանը։
Շարունակական զարգացումը եւ «անվճար» սկզբունքի անբեկանելիությունը
Հարթակի հիմնադրման օրվանից դրանից օգտվելը միանգամայն անվճար է: Չնայած պահպանման եւ նորանոր նախագծերի ֆինանսավորման համար միջոցներ են անհրաժեշտ՝ «Գրքասեր»-ի թիմը շարունակելու է հավատարիմ մնալ իրենց որդեգրած սկզբունքին. հարթակը պետք է մնա անվճար։
«Գրքասեր»-ի բնականոն գործունեությունը հնարավոր է դառնում մի քանի հիմնական նվիրատուների շնորհիվ։ Այդուհանդերձ, նոր գաղափարների իրագործման համար առաջիկայում փորձելու են նորից դրամահավաք կազմակերպել reArmenia հարթակում։
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_4569208.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նպատակ ունենք էլեկտրոնային գրականության ստեղծման ծրագրում ներգրավել պատանիների եւ տարեցների՝ հատկապես սահմանամերձ գոտիներից։ Նրանք կսրբագրեն էլեկտրոնային դարձվող գրքերը, որի համար կվճարվեն: Մեկ այլ դրամահավաքով էլ փորձելու ենք ընդլայնել «Գրքասեր»-ի հիմնական նվիրատուների շրջանակը՝ ամսական նվիրատվության համար բաժանորդագրվելու հնարավորություն տալով մեր հարթակից օգտվողներին։ Դա մեզ կօգնի համալրել թիմը գրաֆիկ դիզայներով, SMM-ի եւ այլ մասնագետներով»,- պատմում է Գոռ Հարությունյանը։
Աուդիոգրքեր լսելու «լայֆհաք»
«Գրքասեր»-ի հարթակն օրական ունենում է ավելի քան 2000 այցելու, որոնք հայերեն գրքեր են լսում աշխարհի տարբեր ծայրերից։
Հարթակում ցանկացած գրքի ձայնային տարբերակը ստեղծելիս «Գրքասերը» խստորեն հետեւում է հեղինակային իրավունքի պաշտպանությանը՝ չխախտելով դրա վաղեմության ժամկետը: Դա է պատճառը, որ չեն տեղադրում նոր հրատարակված գրքեր, եթե չկա հեղինակի, թարգմանիչների, հրատարակչության համաձայնությունը:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738911032_4810869.jpg)
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր ձայնադարանից նաեւ շատ IT ընկերություններ են օգտվում: Նրանցից ոմանք ազնիվ են, եւ մեզ տեղեկացնում են այդ մասին, իսկ մի մասն էլ հարկ չի համարում ասել: Վերջերս համացանցում մի տեսանյութ նկատեցի, որտեղ կիրառված էր իմ ձայնը, մինչդեռ այդ տեքստը ես երբեւէ չեմ կարդացել: Հետո պարզվեց, որ տվյալ նյութի ձայնը գեներացվել է արհեստական բանականության գործիքով, որն էլ արդեն «ընթերցել» սովորել է գրքասերում տեղ գտած աուդիոգրքերի շնորհիվ»,- ասում է Գոռ Հարությունյանը:
Աուդիոգրքեր լսելու հարցում շատ մարդիկ դժվարություններ են ունենում լսողական ուշադրության կենտրոնացման, տեղեկատվության ընկալման առանձնահատկություններից ելնելով: Գոռ Հարությունյանի խոսքով՝ գիրքը լսելու հարցում եւս հնարավոր է մարզվել:
«Սկզբի համար կարելի է կարճ աուդիոգրքեր լսել եւ մարզվել՝ հետզհետե ավելի երկար գրքերի անցնելով: Շատ ընկերներ ունեմ, որոնք տարիների ընթացքում այնպես են վարժվել աուդիոգրքեր լսելուն, որ եթե նախկինում նրանց ականջակալներում երաժշտություն էր հնչում, ապա հիմա մշտապես գիրքն է»,- ամփոփում է Գոռ Հարությունյանը։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: