Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը կարող է միջազգային դատական ատյաններում պատասխանատվության կանչել Ադրբեջանին՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:
Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը՝ մեկնաբանելով հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ազատ արձակման լուրը:
«Հայաստանը, վկայակոչելով միջազգային կոնվենցիաները, կարող է դատի տալ Ադրբեջան պետությանը, որն այս քայլով փաստորեն իր վրա է վերցնում հայ սպայի սպանության պատասխանատվությունը»,- նշել է Նազելի Վարդանյանը:
Նա դժվարացել է հստակեցնել. արդյո՞ք դրանով ՀՀ-ն կհասնի որեւէ արդյունքի, թե ոչ:
«Այս տարիների ընթացքում Ադրբեջանն ամեն միջոց օգտագործում էր՝ Ռամիլ Սաֆարովի էքտրադիցիան ապահովելու համար, իսկ Հայաստանի ԱԳՆ-ում մեր դիմումներին պատասխանում էին, թե աշխատանքներ են տարվում դա թույլ չտալու համար»,- նշել է Նազելի Վարդանյանը:
Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան ներում է շնորհվել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: 2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանել էր 26-ամյա Գուրգեն Մարգարյանին` կացնահարելով քնած հայ սպային:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: