Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան եւ ներում ստացել Իլհամ Ալիեւից - Mediamax.am

14506 դիտում

Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան եւ ներում ստացել Իլհամ Ալիեւից


Ռամիլ Սաֆարովը
Ռամիլ Սաֆարովը

Լուսանկարը` www.novostink.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան ներում է շնորհվել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Իլհամ Ալիեւը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու մասին հրամանագիրը ստորագրել է այսօր:

 

2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա, 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էր անգլերենի եռամսյա դասընթացների, դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Առավոտյան ժամը 5-ին Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն այդ փորձը կանխվել էր:

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ուր ասվում էր, որ «այս վայրագ սպանությունը Ադրբեջանի իշխանությունների` հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ թշնամանքի սերմանման քաղաքականության անմիջական հետեւանք է»

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «այս հանցագործությունը տրամաբանական հետևանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի և վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետևողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը»:

 

Բուդապեշտի ոստիկանությունը հայտարարել էր, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը կատարվել է «անհավանական դաժանությամբ»:

 

Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոպի այս խոսքերն էր մեջբերում  AP-ն:

 

«Մենք խոսում ենք  անհավանական դաժանության մասին, քանի որ զոհի գլուխը գրեթե առանձնացած էր մարմնից», - հայտարարել էր Վալտեր Ֆուլոպը:

 

Սպանությունից ընդամենը 1 շաբաթ անց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ասել էր, որ իր նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերն ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար:

 

«Այս ուղղությամբ աշխատանք է տարվում, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է պաշտպանել իր սպային», - ասել է ադրբեջանցի նախարարը` ավելացնելով, որ «Ռամիլ Սաֆարովը կվերադառնա Բաքու»:

 

2006թ ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

 

2011թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հայ սպային կացնահարած մարդասպանը վեպեր է թարգմանում: Մասնավորապես, Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի թարգմանությամբ լույս էր տեսել հունգարացի գրող Մագդո Սաբոյի «Դուռը» վեպը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին