Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմը եւ նախագահ Թրամփը կարող են օգնել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։
Այդ մասին Ֆրանսիայում գործող հայկական AYPFM ռադիոյին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարարի որդի Դավիթ Վարդանյանը։
«Մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, եւ մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքների հարցը շատ կարեւոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը եւ նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում», - ասել է Դավիթ Վարդանյանը։
«Չնայած խոշտանգումներին եւ Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա [Ռուբեն Վարդանյանը] մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարեւոր է իր համար։ Նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտությունը:
Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից: Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է եւ փոխադարձաբար միմյանց հասկանալը», - նշել է Դավիթ Վարդանյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: