Մասիսի մայրամուտը Երախի լեռներից, վերելք Մեծ Մայմեխ եւ ոչ միայն. Արշավներ՝ փետրվարի 1-2-ի համար - Mediamax.am

851 դիտում

Մասիսի մայրամուտը Երախի լեռներից, վերելք Մեծ Մայմեխ եւ ոչ միայն. Արշավներ՝ փետրվարի 1-2-ի համար


Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ԱՐԻ/ARI

Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` Armenian Geographic


Գարնանը մեկ ամիս է մնում, իսկ Երեւանում ձմռանը ձյուն տեսնելը քիչ-քիչ դառնում է անհաս երազանք: Այնպես որ, եթե դեռ ցանկանում եք սիրուն ձմեռ տեսնել, իսկ սառը, պարզ երկնքում՝ լեռների բազմաշերտ տեսարաններ, հանգստյան օրերին արշավ գնալը հիանալի որոշում է:

 

Ընտրությունն առավել հեշտ դարձնելու համար Մեդիամաքսը ձեզ համար առանձնացրել է փետրվարի 1-2-ի արշավների/վերելքների ցանկը հայաստանյան արշավական ակումբների կողմից:

 

Փետրվարի 1-2 (հանգստյան օրերն ամբողջությամբ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Գիշերակացով Լաստիվեր

 

Փետրվարի 1-2 հանգստյան օրերին ակումբն առաջարկում է գնալ Լաստիվեր եւ գիշերել այնտեղ հյուրանոց-քարանձավում, որը հարմարեցված է արշավային գիշերակացի համար: Քնելու եք գետնից բարձր, քարանձավում կա նաեւ վառարան, որն ապահովում է ներսի ջերմությունը: Տաք քնապարկերը տրամադրում է ակումբը: Կիրակի նախաճաշից հետո նախատեսվում է քայլարշավ Օկոնավանք: Երթուղու երկարությունը 15 կմ է։

 

Մանարամասները՝ հղումով:

 

Փետրվարի 1 (շաբաթ)

 

ԱՐԻ/ARI Խոխա արշավ. Ձնագնդիկ ու սահնակ «party» Ապարանի ջրամբարում

 

ԱՐԻ/ARI արշավական ակումբը 6-14 տարեկան երեխաներին ու պատանիներին առաջիկա շաբաթ օրն առաջարկում է մեկնել Ապարանի ջրամբար՝ ձնագնդիկ ու սահնակ «party»-ի (վստահ եմ՝ հիմա ինձ պես շատերդ եք ափսոսում, որ տարիքային սահմանափակմանը չեք համապատասխանում): Տեղում նախատեսվում է արշավ 4 կմ երկարությամբ:

 

Մանրամասները՝ հղումով:

Լուսանկարը` ԱՐԻ/ARI

Խոխա արշավ Զանգակատան ջրամբար

 

Նույն օրը ԱՐԻ/ARI-ի խոխաների մեկ այլ՝ 3-6 տարեկան խումբը մեկնելու է Զանգակատան ջրամբար:  Նախատեսվող արշավի երկարությունը 6 կմ է, բարդությունը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Մասիսի մայրամուտը Երախի լեռներից

 

Փետրվարի 1-ին ակումբը հրավիրում է դիմավորել մայրամուտը Երախի լեռներում: Դրանք Արարատի մարզում են, իսկ լեռնաշղթան Գեղամա լեռների հարավարեւմտյան ճյուղավորումներից մեկն է: Արշավի ընթացքում վերելք եք կատարելու Երախ լեռ (1419 մ), իսկ քայլել սկսելու եք Քաղցրաշեն գյուղից։

 

Մինչեւ վերելքը նախատեսվում է բարձրանալ Մասիսի դիտակետ՝ «Խաչի մոտ», որտեղից տպավորություն է, թե Արարատյան դաշտն ափիդ մեջ է: Վերադարձի ճանապարհը լինելու է մայրամուտից հետո, այնպես որ լապտեր ունենալը պարտադիր է:

 

Մանրամասները՝ հղումով:

Լուսանկարը` Armenian Geographic

Փետրվարի 2 (կիրակի)

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Յոթնաղբյուր, Սրբասար եւ Ջանասար լեռներ

 

Այս կիրակի ակումբն առաջարկում է քայլել Արեւելյան Գեղամա լեռներում եւ վերելք կատարել երեք գագաթ՝ Յոթնաղբյուր (2506 մ), Սրբասար (2488 մ) եւ Ջանասար (2544 մ)։ Այս գագաթներն ունեն հրաբխային ծագում: Արշավը սկսվելու է Ծովազարդ գյուղից։ Արշավի երկարությունը 17 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Ձմեռային վերելք Բովաքար

 

Ակումբը բոլոր լեռնասերներին հրավիրում է վերելք կատարել Լոռվա մարզի ամենաբարձր գագաթներից մեկը`Բովաքարը (3016 մ):  Վերելքը սկսվելու է մարզի Մարգահովիտ գյուղից: Քայլելու եք մոտ 18 կմ՝ հավաքելով մոտ 1200 մ հարաբերական բարձրություն:

 

Մանրամասները՝ հղումով:

Լուսանկարը` North Peak

ARI/ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Թռչկանի սառցե ջրվեժ

 

Այս արշավական ակումբը կիրակի օրը մեկնելու է Շիրակի մարզ՝ նորովի բացահայտելու հյուսիսային Հայաստանի գեղեցկուհուն։ Գահավիժող ջրվեժներից ամենաբարձր եւ ամենաջրառատ Թռչկանն այս եղանակին սառում է: Չիչխան գետի վրա գտնվող այս ջրվեժը 2008 թ.-ից ներառված է բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011թ.-ից դրա տարածքը համարվում է հատուկ պահպանվող գոտի։ Երթուղու երկարությունը 11 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ: Արշավից հետո սուրճի/թեյի/պոնչիկի զբոսանք է նախատեսված Գյումրի քաղաքում:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI/ԱՐԻ Խոխա արշավ. Վիշապաքարերի հետքերով

 

6-14 տարեկան երեխաներին եւ պատանիներին ARI/ԱՐԻ-ն կիրակի օրն առաջարկում է քայլել վիշապաքարերի հետքերով՝ Ուլգյուր:

 

Արշավի երկարությունը 11 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ +:

 

Մանրամասները՝ հղումով:

 

My Hiking արշավական ակումբ. Վերելք Մեծ Մայմեխ լեռ

 

Փետրվարի 2-ին ակումբը վերելք կիրականացնի Մեծ Մայմեխ լեռ (2642 մ): Այն Արեգունու լեռների ամենաբարձր գագաթներից է: Արշավի երթուղին սկսվելու է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղից, այնուհետեւ անցնելու է Տավուշի մարզ՝ ավարտվելով Դիլիջան քաղաքում։

 

Մեծ Մայմեխի գագաթից բացվում են հրաշալի տեսարաններ դեպի Դիլիջանի անտառներ եւ Իջեւանի լեռներ։ Երթուղու երկարությունը՝ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ 550մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Աժդահակ

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է վերելք իրականացնել Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը`Աժդահակ լեռ (3597 մ): Երեւանից ուղեւորվելու եք Գեղարդ գյուղ, որտեղից լեռնային մեքենայով (Գազ 66) կբարձրանաք հնարավորինս վերեւ:

 

Վերելքին կարող են մասնակցել միայն փորձ ունեցող, իրենց ուժերի վրա վստահ արշավակնները:

 

Մանրամասները՝ հղումով:

Լուսանկարը` Armenian Geographic

Համշեն Տուր. Վերելք Աղավնո լեռ եւ այցելություն Պողոս Պետրոս եկեղեցի

 

Գեղեցիկ վերելք, գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ օր․ այս ամենը խոստանում է Համշեն Տուրը, եթե մասնակցեք Աղավնո լեռան (2309 մ) վերելքին:

 

Ապարանի ջրամբարի հարեւանությամբ գտնվող այս լեռը շատ տպավորիչ է: Վերելքին մասնակցելուց բացի, կտեսնեք նաեւ Սբ. Պողոս Պետրոս վաղմիջնադարյան եկեղեցին: Աղավնո լեռան երթուղու երկկողմանի երկարությունը մոտ 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մետր:

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Խարույկ» արշավական ակումբ. Քայլարշավ Վարդագույն կիրճում

 

Փետրվարի 2-ին «Խարույկ» արշավական ակումը զբոսնելու է Երանոսի լեռնաշղթայի լանջերին գտնվող չքնաղ Վարդագույն կիրճով: Եթե միանաք ակումբին, կտեսնեք Ազատի ջրամբարը, Երանոսի բազմերանգ լանջերը, կիրճերն ու կվայելեք լեռնային խոտաբույսերով թեյ: Արշավը հարմար է նաեւ սկսնակների համար։ Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 350 մ։ Այն ունի միջին բարդություն:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին