Yerevan for Kids-ն ու Հրազդանին խաղահրապարակ նվիրելու նախագիծը - Mediamax.am

exclusive
1271 դիտում

Yerevan for Kids-ն ու Հրազդանին խաղահրապարակ նվիրելու նախագիծը


Լուսանկարը` Մեդիամաքս

Յուլիա Անֆիլատովան
Յուլիա Անֆիլատովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուլիա Անֆիլատովան իր երեխաների հետ
Յուլիա Անֆիլատովան իր երեխաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվ


«Խաղահրապարակ՝ կոնֆետների փոխարեն». այս կարգախոսով reArmenia հարթակում ընթանում է դրամահավաք Հրազդան քաղաքի կենտրոնում խաղահրապարակ կառուցելու նպատակով:

 

Նոր տարվա նախաշեմին Yerevan for Kids նախաձեռնության անդամները որոշել են, որ «հազարավոր փոքր խաղալիքները կարելի է փոխարինել մեկ մեծով», որն առավել օգտակար կլինի երեխաներին:

 

Yerevan for Kids նախաձեռնության հիմնադիր, հինգ երեխայի մայր Յուլիա Անֆիլատովան Մեդիամաքսին պատմել է Երեւանում քաղաքային միջավայրի խնդիրների մասին եւ կիսվել Hrazdan for Children նախագծի մանրամասներով:

 

«Ավելի շատ հայրենադարձություն, քան ռելոկացիա»

 

Ընտանիքով Երեւանում ենք արդեն 3 տարի: Ինչպես շատերի, այնպես էլ մեզ մոտ տեղափոխության պատճառը պատերազմն էր: Ամուսինս հայ է, սակայն մինչ այս երբեք չէր եղել հայրենիքում: Ծնվել է Բաքվում ու այնտեղ ապրել շատ կարճ ժաանակ: Ստացվում է՝ մեր դեպքում Հայաստան գալն ավելի շատ հայրենադարձություն էր, քան ռելոկացիա:

Յուլիա Անֆիլատովան Յուլիա Անֆիլատովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոսկվայում ամուսնուս հետ կրթական ոլորտի նախագիծ ունեինք, փորձում էինք ստեղծել ինքնուղղված ուսուցմամբ դպրոց: Չնայած Երեւանը հրաշալի, արեւոտ քաղաք է, տեղափոխությունից հետո մենք էլ, ինչպես շատերը, հարմարվելու բարդ փուլով անցանք: Ինչ-որ պահի գիտակցեցինք, որ դպրոցի ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար հիմա ուժ եւ ռեսուրս չունենք:

 

«Նայել, բայց ձեռք չտալ»

 

Երեւանում քիչ են որակյալ հանրային տարածքները, որտեղ հարմար է զբոսնել երեխաների հետ, իսկ մեր ընտանիքում հինգ երեխա կա: Հենց այս հիմքով էլ ծագել է Yerevan for Kids նախաձեռնության գաղափարը: Այն օգնում է երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքներին բարձրաձայնել իրենց պահանջները որակյալ հանրային տարածքներ ունենալու վերաբերյալ: Քաղաքում պետք է լինեն վայրեր, որտեղ հաճելի է զբոսնել, խաղալ երեխաների հետ, ավելի մոտ լինել բնությանը:

Յուլիա Անֆիլատովան իր երեխաների հետ Յուլիա Անֆիլատովան իր երեխաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվ

Եթե փորձեմ հիշել Երեւանում եղած այգիները, այս պահին միայն երկուսը կմտաբերեմ՝ Tumo-ն ու Սիրահարների այգին, որի կողքին բնակվում ենք:

 

Այն գեղեցիկ է, խնամված, սակայն այստեղ էլ նրբություններ կան: Սիրահարների այգում չի կարելի քայլել խոտածածկ տարածքներով՝ նույնիսկ փոքրիկ երեխաներին ու նույնիսկ ոտաբոբիկ:

 

Երբ փորձեցի պարզել պատճառը, հասկացա, որ սա ճապոնական Zen Garden փիլիսոփայությամբ մշակված այգի է, որի նպատակն է ստեղծել բնության մի կտոր քաղաքային միջավայրում: Այս այգիներում կարելի է նայել ծառերին, խոտերին, լսել ջրի ձայնը, բայց ձեռք չտալ այդ ամենին: Zen Garden մշակույթը շատ է տարածված հատկապես ասիական երկրներում եւ ես դրան ոչ մի կերպ դեմ չեմ, բայց, կարծում եմ, կարող ես քեզ թույլ տալ նման այգի ունենալ, երբ քաղաքումդ արդեն իսկ մի շարք բազմազան այգիներ կան, որոնցում մարդիկ կարող են վազել, նստել ու պառկել խոտին, պիկնիկներ կազմակերպել:  

 

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ Սիրահարների այգին արդեն իսկ հեռացել է Zen Garden փիլիսոփայությունից, քանի որ դրա տարածքում գործում է սրճարան, կա փոքրիկ խաղահրապարակ եւ այն գտնվում է բավականին ակտիվ երթեւեկություն ունեցող Բաղրամյան պողոտային կից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ակտիվ մի քանի այլ ծնողների հետ հանդիպել ենք այգու ղեկավարության հետ, խնդրել հնարավորություն տալ երեխաներին գոնե շոգ օրերին խաղալ զով խոտի վրա: Արդյունքում որոշվել է «բացել» գազոններից մեկը: Բայց այն շատ պահանջված է ու ամեն անգամ, երբ երեխաների հետ այգի ենք գալիս, արդեն զբաղված է (ժպտում է – հեղ.): Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքում բնակվողները ձգտում են դեպի բնությունն ու ունեն դրա կարիքը: Գարնանն ընդառաջ, կարծում եմ, կարիք կլինի եւս մեկ անգամ հանդիպել ու այգու ղեկավարության հետ քննարկել գոնե 3 գազոն բացելու հնարավորությունը:

 

Գունաթափված խաղահրապարակներն ու մեծ անցքերով սղարանները

 

Խաղահրապարակների հարցը եւս անհանգստացնում էր ինձ: Շատ էի զայրանում, երբ տեսնում էի էժան ու արդեն գունաթափված պլաստիկից սղարաններ՝ մեծ անցքերով: Ցավալի էր, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, վերջերս են տեղադրվել կամ թարմացվել:

Լուսանկարը` անձնական արխիվ

Մի օր խնդրի մասին գրեցի իմ սոցցանցերում ու Telegram-ում չաթ բացեցի, որին միացան մտահոգ այլ ծնողներ: Հենց այսպես դրվեց Yerevan for Kids-ի հիմքը: Հիմա արդեն ամեն շաբաթ հավաքվում ենք, քննարկում խնդիրները, հանդիպում Երեւանի համայնքների ղեկավարների հետ: Այս աշխատանքի արդյունքում Երեւանում արդեն իսկ տեղադրվել է մի քանի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ: Սա ավելին է, քան պարզապես ճոճանակը կամ սղարանը: Խաղահրապարակը նաեւ շփման ու ֆիզիկական զարգացման ապահով տարածք է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լինում է՝ մարդիկ ասում են՝ «մենք փոքր տարիքում խաղահրապարակներ չենք ունեցել, եւ ի՞նչ՝ մեծացել ենք չէ՞»: Այո, մեր մանկության տարիներին շատ բան չի եղել, բայց սա չի նշանակում, որ չպետք է զարգանանք կամ առաջ շարժվենք: Բացի այդ, մենք ունեցել ենք լիարժեք բակեր: Շատ երեւանցիներ են պատմել ինձ՝ ինչպես էին վազվզում ու խաղում ավտոտնակներից ու կրպակներից ազատ, ծառաշատ բակերում: Այդ տարիներին բակն ապահով, վստահելի տարածք էր, որտեղ բոլորն իրար ճանաչում էին ու հետեւում միմյանց երեխաներին: Այսօր բակերի մեծ մասը լցված է կառույցներով, այդ թվում՝ ապօրինի, ծառերը հատել են ու ստվեր գրեթե չկա:  

 

«Մեկ մեծ նվեր՝ բազմաթիվ փոքրերի փոխարեն»

 

Նոր տարվան ընդառաջ մեր նախաձեռնության անդամներից մեկը՝ Արթուր Գասպարյանը առաջարկեց որակյալ ու բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ նվիրել Հայաստանի մարզային քաղաքներից մեկին: Նա բացատրեց, որ տոներին ընդառաջ շատ մարդիկ, հատկապես՝ Սփյուռքից ցանկանում են ուրախացնել երեխաներին նվերներով եւ պատրաստ են գումար ներդնել: Այս դեպքում բազմաթիվ փոքր նվերները կարելի է փոխարինել մեկ մեծով՝ խաղահրապարակով, որտեղ երեխաները կկարողանան խաղալ ու շփվել: Պատահականության սկզբունքով ընտրվեց Հրազդան քաղաքը:

Լուսանկարը` անձնական արխիվ

Մենք նախապատրաստվեցինք, մշակեցինք անհրաժեշտ նյութերն ու սկսեցինք դրամահավաքը, որին զուգահեռ փնտրում ենք նաեւ հովանավորներ: Ինքներս մեզ համար որոշել ենք՝ ցանկանում ենք իսկապես նշանակալի, ժամանակակից վայր ստանալ, ոչ թե պարզապես մեկ ճոճանակ ու սղարան տեղադրել: Ցանկանում ենք, որ հանրային այս տարածքը հետաքրքիր լինի տարբեր տարիքի երեխաների, նրանց ծնողների համար եւ յուրաքանչյուրն այստեղ իր համար զբաղմունք գտնի: Այս պահին ակտիվ փուլում է դրամահավաքի առաջին փուլը ու մեզ հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարի մոտ 40 տոկոսը:

 

 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին