5/2 գրաֆիկով գրասենյակային աշխատանք (լավագույն դեպքում), ցանկացած ազատ պահի հեռախոսում «reel»-երի թերթում, համակարգչի առջեւ կորացած մեջք ու թիմային քննարկումներ, որ էլի հոգնած եք արթնացել: Այս ամենին զուգահեռ մասնագետները խորհուրդ են տալիս (բայց, ինչպես հայտնի արտահայտության մեջ է ասվում, չեն պարտադրում) կյանքի մաս դարձնել ֆիզիկական ակտիվությունը:
Ինքներդ ձեզ պարտադրելու գործառույթն այստեղ միայն ձեր ուսերին է. հերթական հանգստյան օրերն անցկացնել թարմ սերիալ-չիփսեր համադրությամբ (ինչն անկեղծորեն վատ տարբերակ չէ), թե գնալ քայլելու, թարմ օդ շնչելու, զգալու բնությունն ու վերալիցքավորվելու դրանից:
Եթե, այնուամենայնիվ, ինքներդ ձեզ համար 2025-ին ընդառաջ որոշել եք, որ հենց այս տարվանից սկսելու եք շատ քայլել, արշավներ գնալ ու վայելել բնությունը, ապա Մեդիամաքսի այս նյութը ձեզ օգտակար կլինի:
Ընտրությունն առավել հեշտ դարձնելու համար ամեն շաբաթ ձեզ կներկայացնենք գալիք հանգստյան օրերի արշավների/վերելքների ցանկը հայաստանյան արշավական ակումբների կողմից:
Հունվարի 25-27 (հանգստյան օրերն ամբողջությամբ)
North Peak լեռնային ակումբ․ Ձմեռային Խուստուփ
Այս հանգստյան օրերին North Peak լեռնային ակումբը բոլոր լեռնասերներին հրավիրում է բացառիկ ձմեռային վերելքի՝ Սյունիքի զարդ համարվող Խուստուփ լեռան ժայռոտ գագաթ (3201 մ): Ծրագիրը եռօրյա է, 2 գիշերակացով Բաղաբուրջում:
Բուն վերելքի երթուղին 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ +1200/-1200 մ:
Մասնակիցները պարտադիր պետք է ունենան ձմեռնային վերելքների փորձ եւ լավ ֆիզիկական մարզավիճակ:
Գնի, մեկնման վայրի ու ժամի մասին մանրամասները՝ հղումով:
Լուսանկարը` North Peak
Հունվարի 25 (շաբաթ)
ARI / ԱՐԻ․ Խոխա արշավ Կարենիսից Քարաշամբ
ARI / ԱՐԻ արշավական ակումբը երբեք չի մոռանում երեխաների մասին՝ կազմակերպելով ARI / ԱՐԻ Խոխա արշավներ: Հունվարի 25-ին ակումբն առաջարկում է 3-6 տարեկան երեխաներին եւ նրանց ծնողներին մեկնել Կոտայք՝ բացահայտելու մարզի պատմամշակութային եւ բնական հուշարձանները: Քայլքը կսկսվի Կարենիս գյուղից, հետո խումբը կիջնի Հրազդանի ձոր, որտեղ կայցելի 6-7-րդ դարերի Կարենիսի վանք: Այնուհետեւ կանցնի բազալտե կամարով եւ կհասնի Քարաշամբ։ Ճանապարհին նախատեսվում է դադար խարույկի շուրջ: Արշավի երկարությունը 5 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:
Մանրամասները՝ հղումով:
Հունվարի 26 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ
Այս կիրակի Armenian Geographic ակումբն արշավներ է առաջարկում միանգամից երեք ուղղությամբ:
Սառցե Թռչկան
Հունվարի 26-ին կիրականացվի արշավ Չիչկանի կիրճով, որի վերջում կտեսնեք Սառցե Թագուհուն՝ Թռչկանի ջրվեժը։ Ձմռանը դրա շուրջ ամեն ինչ սառում է՝ ստանալով յուրահատուկ գրավչություն: Ջրվեժը Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանագլխին է: Արշավը սկսվելու է Շիրակի մարզից։ Ճանապարհը հիմնականում ուղիղ է, առանց կտրուկ վերելքների։ Երթուղու երկարությունը՝ 11 կմ:
Մանրամասները՝ հղումով:
Լուսանկարը` Armenian Geographic
MYLER. Արի՜ տեսարանների հետեւից
Դարձյալ կիրակի ակումբն առաջարկում է հետաքրքիր ճամփորդություն, որի ժամանակ ինչպես կբացահայտեք մշակութային կոթողներ, այնպես էլ կվայելեք բնության չքնաղ տեսարաններ:
Դրա շրջանակում կայցելեք Աստվածընկալ վանք (5-13 դ)։ Այուհետեւ կուղեւորվեք Եղիպատրուշ գյուղ, որտեղ հնարավորություն կունենաք տեսնել Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Այս կետից կուղեւորվեք MYLER լեռնադահուկային հանգստավայր՝ վայելելու այնտեղից բացվող տեսարանները։
Այնտեղ կունենաք ազատ ժամանակ՝ ճոպանուղի նստելու, ձմեռային ժամանցի համար։ Ճոպանուղով կբարձրանանք մինչեւ 2700 մ, որտեղից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մեծ եւ Փոքր Մասիսներ, քառագագաթ Արագած, Արա լեռ, Գեղամա լեռներ ու այլ գագաթներ։
Մանրամասները՝ հղումով:
Արշավ դեպի Տեսիլք լեռ եւ քարանձավ
Կիրակնօրյա մեկ այլ ուղղություն է Տեսիլք լեռը: Այն Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մոտ է եւ ունի 1371 մետր բարձրություն: Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ: Արշավի ընթացքում տեսնելու եք նաեւ լեռան լանջին գտնվող քարանձավը: Տեսիլքի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Աղստեւի հովիտ, իսկ գագաթամերձ հատվածում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
Արշավի մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ․ Արշավ Ցողասարի լեռներ եւ 2 գագաթ
Այս կիրակի ArmLand արշավական ակումբն ուղեւորվում է Շիրակի մարզ՝ քայլելու Ցողասարի լեռներով եւ վերելք կատարելու Սեպ եւ Պոլոզ լեռներ։ Սեպ լեռան բարձրությունը 2449 մ է, Պոլոզ լեռանը՝ 2375 մ։
Արշավի երկարությունը մոտ 10-12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ։ Քայլարշավը սկսվելու է Բանդիվան գյուղից:
Խմբին միանալու մանրամասները՝ հղումով:
Լուսանկարը` ArmLand
ARI / ԱՐԻ արշավական ակումբ․ Վերելք Ալսար
Այս արշավական ակումբը հունվարի 26-ին առաջարկում է վերելք կատարել Երախի լեռների ամենաբարձր գագաթը՝ Ալսարը (1853 մ): Գագաթն Արարատի մարզում է, վերելքը սկսվելու եւ ավարտվելու է Նարեկ գյուղում:
Դրա ընթացքում կվայելեք Գեղամա լեռնաշղթան, Երանոսի, Օձասարի եւ Արարատի գեղեցիկ տեսարանները: Արշավից հետո նախատեսվում է կարճ դադար խարույկի շուրջ: Կարեւոր է նկատի ունենալ, որ ճանապարհին ձյուն չի լինելու, տեղում կլիման չոր եւ տափաստանային է: Արշավի երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 480 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ Խոխա․ Խոխա արշավ Նարեկից Հրեշտակների ձոր
Կիրակի օրվա համար նույնպես ARI / ԱՐԻ Խոխան հետաքրքիր երթուղի է պատրաստել երեխաների համար: Հունվարի 26-ին 6-14 տարեկան երեխաները կարող են մեկնել Արարատի մարզ՝ սարերի փեշերով քայլելու։ Արշավը սկսվելու է Նարեկից: Անցնելով սիրուն ձորակով, Երախի լեռներ եւ Արարատ բացվող տեսարաններով, երթուղին ավարտվելու է Դաշտաքար գյուղին մոտ գտնվող Հրեշտակների դեղնակարմրավուն ձորում։ Վերջում նախատեսվում է դադար խարույկի շուրջ, համովությունների խորովում ու վերադարձ Երեւան: Արշավի երկարությունը 8 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հատիս Տուր արշավական ակումբ
Վերելք Արտենի լեռ
Հունվարի 26-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Արագածոտնի մարզ` Արտենի լեռ (2047 մ): Արշավի սկզբում նախատեսվում է այցելել Թալինի Կաթողիկե եկեղեցի, որը կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին, այնուհետեւ շարունակել ճանապարհը դեպի Արտենի լեռան ստորոտ։ Արտենին հրաբուխ է, որի վերջին ժայթքումը գրանցվել է 1340 թ.-ին: Վերելքը սկսվելու է 1500 մ-ից։ Իջնելուց հետո նախատեսվում է այց Քաղենիի ամրոց (Դաշտադեմի բերդ): Ենթադրվում է, որ այն կառուցվել է Կամսարականների օրոք՝ 7-րդ դարում՝ ուրարտական ամրոցի տեղում:
Վերելքի մանրամասները՝ հղումով:
Լուսանկարը` Armenian Geographic
Հունվարի 28 (ոչ աշխատանքային երեքշաբթի)
Armenian Geographic արշավական ակումբ․ Վերելք Արա լեռ
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Armenian Geographic-ը հրավիրում է մասնակցել Արա լեռան վերելքին (2557 մ):
Արան բազմածին հրաբուխ է Կոտայքի մարզում: Այն ունի հատած գագաթով անկանոն կոնի ձեւ: Լեռան հարավ արեւմուտքում կա բնական պատռվածք: Ըստ ավանդության՝ լեռը կոչել են Արա Գեղեցիկ արքայի անունով:
Վերելքի մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: