Կենսաբանական բազմազանության ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը կկայանա Հայաստանում - Mediamax.am

2513 դիտում

Կենսաբանական բազմազանության ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը կկայանա Հայաստանում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։

Համաժողովը (COP17) կայանալու է Երևանում 2026 թվականին։

 

Որոշումը կայացվել է Կոլումբիայում կայացած COP16 համաժողովի ընթացքում:

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.

 

«Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը' նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը»։

 

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան հանդիսանում է բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկը, որը կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։

 

Կոնվենցիայի ներքո կողմերի համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ, որոնց ընթացքում անդամ երկրներն աշխատանքներ են տանում կոնվենցիայի կիրարկման համար համապատասխան մեխանիզմների մշակման և այդ նպատակով նոր հանձնառությունների ստանձնման ուղղությամբ։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին