Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն կոչ են արել աշխարհի մարդկանց միանալ հայ գերիների համար աղոթքին - Mediamax.am

1484 դիտում

Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն կոչ են արել աշխարհի մարդկանց միանալ հայ գերիների համար աղոթքին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին:

«Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների եւ միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

 

Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգեւոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ եւ իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,- ասվում է Գարեգին Բ-ի ուղերձում։

 

Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալ Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության եւ գերիների ազատ արձակման։

 

Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եւս միացել է աղոթքի օրվա կոչին։

 

«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին եւ բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը Բաքվից։

 

Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը եւ խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են եւ չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

 

ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին, Ժնեւի Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին