ԵՄ ծրագրերի շրջանավարտներն իրենց փորձն են փոխանցում համայքների երիտասարդներին - Mediamax.am

exclusive
8827 դիտում

ԵՄ ծրագրերի շրջանավարտներն իրենց փորձն են փոխանցում համայքների երիտասարդներին


Լուսանկարը` EU4Youth

Աննա Եղոյանը
Աննա Եղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Փանոսյանը, Աննա Եղոյանը եւ Սյուզաննա Նորոյանը
Լիլիթ Փանոսյանը, Աննա Եղոյանը եւ Սյուզաննա Նորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Փանոսյանը
Լիլիթ Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Նորոյանը
Սյուզաննա Նորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Յուքինյանը
Հովհաննես Յուքինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` EU4Youth


«Ամեն տարի աշխատում ենք 10-15 երիտասարդի հետ, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հմտություններն ու փորձն է փոխանցում համայնքների տասնյակ երիտասարդների: Նրանք այն կաթիլներն են, որոնք տարիներ անց դրական փոփոխության խոշոր ալիք կդառնան»,- ասում է EU4Youth շրջանավարտների ցանցի հայաստանյան մենթոր Աննա Եղոյանը:

 

EU4Youth շրջանավարտների ցանցը (EU4Youth Alumni Network) գործում է 2019 թվականից: Այն մաս է ԵՄ-ն երիտասարդների համար (EU4Youth) ծրագրի, որի միջոցով ԵՄ-ն հանձնառու է Արեւելյան գործընկերության երկրներում երիտասարդների առաջնորդության եւ ձեռներեցության հմտությունների զարգացմանը մի շարք գործողությունների միջոցով՝ ներառյալ կարողությունների զարգացում, կրթաթոշակների տրամադրում, աջակություն ռազմավարական երկխոսությանը եւ դրամաշնորհների տրամադրում այս ոլորտներում ակտիվորեն գործող կազմակերպություններին:

 

EU4Youth Alumni Network-ը հնարավորություն է տալիս Եվրոպական միության երիտասարդական ծրագրերի մասնակիցներին իրենց ստացած գիտելիքն ու փորձը տեղայնացնելու՝  հայրենի համայնքներում երիտասարդական նախաձեռնությունների իրականացման միջոցով:

 

Շուրջ տասը ամիս տեւող ծրագրի ընթացքում շրջանավարտներն աշխատում են մենթորի հետ, ստեղծում եւ ներդնում իրենց սեփական նախաձեռնությունները՝ զարգացնելով տարբեր համայնքների դեռահասների ու երիտասարդների կարողությունները եւ միեւնույն ժամանակ ձեռք բերելով նոր գիտելիք եւ փորձ:

 

Իրականացված նախաձեռնությունների եւ դրանց ազդեցության մասին Մեդիամաքսը զրուցել է ծրագրի հայաստանյան մենթոր Աննա Եղոյանի եւ այս տարվա շրջափուլի մասնակից շրջանավարտների հետ:

 

Բազմապատկվող ազդեցություն

 

Աննա Եղոյանը EU4Youth Alumni Network-ի շրջանակում անցյալ չորս տարիների ընթացքում աշխատել է շուրջ 60 երիտասարդի հետ՝ օգնելով նրանց Հայաստանի տարբեր համայնքներում իրականացնել կրթական նախաձեռնություններ:

Աննա Եղոյանը Աննա Եղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Յուրաքանչյուր տարի աշխատում ենք 10-15 շրջանավարտի հետ, որոնցից յուրաքանչյուրը հանձն է առնում իր ծրագրում ներգրավել առնվազն 10 շահառուի, ուստի կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում շրջանավարտների իրականացրած կրթական նախաձեռնությունները հասանելի են դարձել 500 եւ ավելի երիտասարդների ամբողջ Հայաստանում»,- ասում է Աննա Եղոյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխատանքը շրջանավարտներն իրականացնում են կամավորական սկզբունքով:

 

Հոկտեմբերի սկզբին Մոլդովայում տեղի է ունեցել EU4Youth Alumni Network-ի այս տարվա ավարտական միջոցառումը, որտեղ հավաքվել էին Արեւելյան գործընկերության երկրներից մասնակիցներն ու մենթորները՝ ամփոփելու իրականացված ծրագրերի արդյունքները:

 

Նոր շրջափուլի համար դիմումների ներկայացումն արդեն իսկ մեկնարկել է եւ բաց է լինելու մինչեւ հոկտեմբերի 30-ը:

 

Նախաձեռնություններ՝ հիմնված իրական կարիքների վրա

 

Աննա Եղոյանի խոսքով՝ ծրագրին դիմելիս առաջնային չափանիշը շրջանավարտների մոտիվացիան է: Ընտրվելուց հետո կողմոնորշիչ հանդիպման ժամանակ նրանք ներկայացնում են, թե ինչ թիրախային խմբի հետ են ցանկանում աշխատել, եւ մենթորն օգնում է գաղափարների մշակման հարցում:

 

«Մենք չենք ակնկալում, որ շրջանավարտները գան պատրաստի գաղափարներով, քանի որ շատ հաճախ պատրաստի գաղափարները հիմնված են զուտ սեփական պատկերացումների եւ կարողությունների վրա, մինչդեռ պոտենցիալ շահառուների կարիքները կարող են միանգամայն տարբեր լինել»,- ասում է Աննա Եղոյանը:

Նա ընդգծում է, որ սկզբում շրջանավարտներին սովորեցնում են բացահայտել ու գնահատել կարիքները, եւ հետո միայն դրա հիման վրա վերջնական տեսքի բերել նախաձեռնության հայեցակարգը:

 

Յուրաքանչյուր շրջափուլում շրջանավարտները հիմնականում աշխատում են զույգերով, երբեմն միայնակ, հազվադեպ նաեւ երեք հոգանոց թիմով: Ընդհանուր առմամբ ամեն շրջափուլի ընթացքում մասնակից յուրաքանչյուր երկրում իրականացվում է 5-6 նախաձեռնություն: Դրանք հիմնականում միտված են համեմատաբար պասիվ, անտեսված կամ խոցելի խմբերի համար կրթական ծրագրերի իրականացմանը՝ մասնագիտական կողմնորոշում, քաղաքացիական կրթություն, հաղորդակցության հմտությունների զարգացում եւ այլն:

Լիլիթ Փանոսյանը, Աննա Եղոյանը եւ Սյուզաննա Նորոյանը Լիլիթ Փանոսյանը, Աննա Եղոյանը եւ Սյուզաննա Նորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղարշապատում փոփոխության նոր ալիքը

 

EU4Youth շրջանավարտների ցանցի այս տարվա մասնակիցներ Լիլիթ Փանոսյանը, Սյուզաննա Նորոյանը եւ Հովհաննես Յուքինյանը Վաղարշապատ համայնքում միասին իրականացրել են «Հաջորդ ալիք» («Next wave») նախաձեռնությունը, որի շրջանակում աշխատել են 14-18 տարեկան շուրջ 30 երիտասարդի հետ՝ դասընթացների միջոցով փոխանցելով նրանց քաղաքացիական կրթություն:

 

Նախաձեռությունն իրականացվել է Էջմիածնի երիտասարդական տան աջակցությամբ, որտեղ էլ անցկացվել են դասերն ու քննարկումները: 2024 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր տեւած ծրագրի ընթացքում շահառուները սովորել են տեղական ինքնակառավարման, համայնքային զարգացման, դրամաշնորհային ծրագրերին դիմելու հմտություններ դասախոսությունների եւ սիմուլիացիոն խաղերի միջոցով: Բացի այդ, շրջանավարտները շահառուներին են փոխանցել մի շարք գործնական հմտություններ՝ ինչպես գրել մոտիվացիոն նամակ, կազմել ինքնակենսագրական, զարգացնել հանրային խոսքը եւ այլն:

 

Դասերը վարել են ինչպես իրենք՝ շրջանավարտները, այնպես էլ հրավիրյալ դասախոսները:

 

«Բացի պարտադիր դասընթացներից, ունեինք նաեւ դրան հաջորդող կամավոր հատված, որի ընթացքում տարատեսակ թեմաներ էինք քննարկում, օրինակ, գրական ստեղծագործություններ: Հետաքրքրական է, որ գրեթե բոլոր մասնակիցները մնում էին նաեւ այս ոչ պարտադիր քննարկումներին եւ ակտիվ մասնակցում, քանի որ նրանց համար դա արտահայտվելու հիանալի հարթակ էր, ինչի կարիքն իրենք զգում էին»,-պատմում է Լիլիթ Փանոսյանը:

Լիլիթ Փանոսյանը Լիլիթ Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երիտասարդների կարողությունների զարգացումը պրակտիկ աշխատանքով

 

Յուրաքանչյուր շրջանավարտ EU4Youth շրջանավարտների ցանցի աշխատանքում կարող է ներգրավվել երկու անգամ: Սա 26-ամյա Լիլիթ Փանոսյանի մասնակցության երկրորդ տարին էր, ուստի նախորդ տարվա իր փորձով ձգտում էր կիսվել թիմակիցների հետ:

 

«Երիտասարդական աշխատանքի համար անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ կան, որոնք ձեռք են բերվում հենց նախաձեռնությունների իրականացման ժամանակ: Նախորդ տարվա նախաձեռնության շնորհիվ զարգացրել եմ հաղորդակցության, նախագծերի կառավարման, հաշվետվություններ գրելու հմտություններ, իսկ այս տարի թիմակիցներիս շնորհիվ մեկ այլ շատ կարեւոր հմտություն կարողացա ձեռք բերել՝ սովորեցի կիսել պատասխանատվությունը»,- ասում է Լիլիթ Փանոսյանը:

 

23-ամյա Սյուզաննա Նորոյանը, որն այս տարի առաջին անգամ է մասնակցում ծրագրին, մեծ ոգեւորությամբ է խոսում մենթոր Աննա Եղոյանի հետ աշխատելու եւ նրանից սովորելու հնարավորության մասին:

 

«Երիտասարդների հետ աշխատանքում պետք է շատ պատրաստված լինել, ունենալ համապատասխան հմտություններ, քանի որ չվնասելու սկզբունքն առաջնային է»,-ասում է նա:

Սյուզաննա Նորոյանը Սյուզաննա Նորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննան այս տարի եւս դիմելու է ծրագրին եւ ընտրվելու դեպքում նախատեսում է կրթական ծրագիր իրականացնել հայրենի Շիրակի մարզի համայնքներից մեկում: Ըստ նրա՝ մարզի շատ համայնքներում երիտասարդները, կարծես, մեկուսացած լինեն եւ հիմնականում տեղեկացված չեն երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրերից:

 

Նախորդ ամիսների ընթացքում EU4Youth-ի շրջանավարտների ձեռքբերած պրակտիկ հմտություններից զատ, Աննա Եղոյանը կարեւորում է նաեւ գիտակցական փոփոխությունը. «Ըստ իս՝ շրջանավարտների համար ծրագրի ամենամեծ ձեռքբերումն այն գիտակցումն է, որ իրենց միջազգային փորձառությունը պետք է տեղայնացվի եւ պտուղներ տա իրենց հայրենիքում»,- ասում է նա:

 

Ոգեւորիչ արդյունքներ

 

23-ամյա Հովհաննես Յուքինյանի համար հատկապես ոգեւորիչ էր տեսնել իրենց նախաձեռնության շահառուների փոխակերպումը. ի սկզբանե պասիվ երիտասարդները ամփոփիչ հանդիպմանը միանգամայն այլ կերպ էին իրենց դրսեւորում:

 

«Ծրագրի ավարտական օրը շահառուներն իրենց խոսքով եւ հարցադրումներով ցույց տվեցին, թե այս ամսիների ընթացքում որքան են զարգացրել իրենց հանրային խոսքի հմտությունները, քննադատական մտածողությունը: Նրանցից շատերն արդեն իսկ դիմել են տարբեր ծրագրերի եւ գործնականում կիրառում են նոր հմտությունները»,- ասում է Հովհաննես Յուքինյանը:

 

Նա ընդգծում է, որ նմանատիպ ծրագրերի իրականացումը հատկապես կարեւոր է համայնքներում, որպեսզի հնարավորությունները հասնեն յուրաքանչյուր գյուղի ամեն երիտասարդի:

Հովհաննես Յուքինյանը Հովհաննես Յուքինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Փանոսյանի համար EU4Youth շրջանավարտների ցանցը մեծ կարեւորություն ունի, քանի որ այն հնարավորություն է ընձեռել փոխանցելու իր համայնքին այն գիտելիքը, ինչ ինքը ստացել է ԵՄ ֆինանսավորմամբ տարբեր երիտասարդական ծրագրերին մասնակցելիս:

 

«Շատ ուրախ եմ, որ իմ կյանքում հնարավորություն ունեցա փոքրիկ ներդրում ունենալ երիտասարդ սերնդի հմտությունների զարգացման գործում: Ինձ համար նաեւ շատ ոգեւորիչ էր երիտասարդների հետ աշխատելը, որոնց արտահայտած պայծառ մտքերը վստահություն էին ներշնչում՝ նրանք հիանալի ապագա են կերտելու»,-ասում է նա:  

 

Մենթորի առանցքային դերը

 

Երիտասարդների մենթոր Աննա Եղոյանի համար սեփական հաջողությունը շրջանավարտների գրանցած հաջողություններն են: Ծրագրի ամբողջ ընթացքում նա մշտական կապի մեջ է թիմերի հետ, արագ արձագանքում է առաջացող դժվարություններին եւ ուղղորդում դեպի լուծումներ:

 

«Նախաձեռնությունները շատ տարբեր են՝ պարզից մինչեւ չափազանց հավակնոտ: Դա, իհարկե, կախված է շրջանավարտների կարողություններից եւ ունեցած փորձից: Կարեւոր է, որ յուրաքանչյուրն իրականացնի այնպիսի ծրագիր, որը կօգնի բացահայտել սեփական կարողություններն ու առավելագույնս նպաստի իր հմտությունների զարգացմանը»,- ասում է նա:

 

Հատկապես խոցելի խմբերի հետ աշխատանքում շրջանավարտները պետք է ունենան հստակ փորձ եւ կարողություններ, այլապես նախաձեռնությունը օգնելու փոխարեն կարող է վնասել: Մենթորը շարունակական զրույցներ է ունենում մասնակիցների հետ՝ համոզվելու, որ նրանք պատրաստ են ստանձնած աշխատանքին:

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Իմ՝ որպես մենթորի դերակատարումն է տալ այնպիսի հարցեր, որոնցով շրջանավարտները կգիտակցեն տվյալ խմբի կյանքում իրենց միջամտության լրջությունն ու ամենայն պատասխանատվությամբ կմոտենան: Նրանց հետ շատ ենք խոսում, թե որը պետք է լինի խմբի հետ աշխատելու ճիշտ մոտիվացիան, ինչ բարդության ծրագրեր կարելի է իրականացնել: Երբեմն չափազանց հավակնոտ գաղափարներ են լինում, ուստի ես փորձում եմ նրանց բերել իրականության դաշտ, երբեմն էլ հակառակը, ուզում են շատ հեշտ մի ծրագիր իրականացնել, այս դեպքում էլ փորձում եմ նշաձողը բարձրացնել, քանի որ ինձ համար առաջնային է իրենց ուսուցման գործընթացը»,- ասում է Աննա Եղոյանը:

 

Միասին տոնելով յուրաքանչյուր հաջողություն

 

Նախորդ տարիներից մենթոր Աննա Եղոյանը մի շարք հաջողված նախաձեռնություններ է հիշում: Նա հատկապես կարեւորում է այն նախաձեռնությունները, երբ շրջանավարտը վերադառնում է իր հայրենի համայնք ու փորձում այնտեղ փոփոխություն բերել:

 

«Շրջանավարտներից Կարեն Ղազարյանը երկու տարի շարունակ Սպիտակի դպրոցներից մեկում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագիր էր իրականացնում, երկրորդ տարին նրան միացավ մեկ այլ շրջանավարտ՝ Մադլեն Մինասյանը, որն իր բերած տեսանկյունով ավելի հարստացրեց ծրագիրը: Հետաքրքրական է, որ Կարենն ինքն այդ դպրոցն էր ավարտել, իսկ այն բավականին անտեսված էր: Ինձ համար շատ ոգեւորիչ էր տեսնելը, որ ծրագրի շահառուներից շատերն իսկապես կողմնորոշվեցին հետագա մասնագիտության հարցում»,- պատմում է մենթորը:

Լուսանկարը` EU4Youth

Աննա Եղոյանի խոսքով՝ ծրագրերի իրականացման փուլում շատ ճկուն են, որովհետեւ լինում են չնախատեսված հանգամանքներ, ինչի հետեւանքով որոշակի փոփոխությունների կարիք է լինում: «Այդ ճկունության շնորհիվ հիմնականում շատ ավելի հարուստ նախաձեռնություններ են ստացվում վերջնաարդյունքում, քան նախապես ծրագրել էին շրջանավարտները»,-ասում է նա:

Եղել են իրավիճակներ, երբ նախաձեռնության ընթացքում պարզ է դարձել, որ տվյալ խումբը դեռեւս պատրաստ չէ ծրագրված դասընթացներին, եւ դեռեւս բազային հմտություններ ստանալու կարիք ունի. «Նման իրավիճակում շրջանավարտները փոքր-ինչ տխրում են, որ իրենց պատկերացրածով ամեն ինչ չի ընթանում, սակայն ես բացատրում եմ նրանց, թե որքան կարեւոր են այդ փոքր քայլերը, որովհետեւ առանց այդ հիմքի, հետագայում ոչինչ հնարավոր չի լինի կառուցել»,-ասում է մենթորը:

 

Աննա Եղոյանի համար շատ կարեւոր է բոլոր նախաձեռնություններին այցելելը եւ գրանցված արդյունքները սեփական աչքով տեսնելը: Դա աշխատանքի ամենաոգեւորիչ մասն է, որ նոր լիքցեր է հաղորդում մենթորին:

 

«Երբ որ գնում եմ համայնքներից մեկն ու տեսնում կիսախարխուլ մի շենքում հավաքված երիտասարդների, որոնք ուշադիր լսում են, ձգտում սովորել, պատմում են, որ ծրագրի միջոցով իրենց կյանքը փոխվել է ու հիմա հավակնոտ ձգտումներ ունեն, մեծ հպարտությամբ եմ լցվում մեր շրջանավարտների կատարած աշխատանքի համար»,- ասում է Աննա Եղոյանը:

 

«Մյուս կողմից տեսնում եմ, թե ինչպես են ծրագրի ընթացքում փոխակերպվում շրջանավարտները, դառնում ավելի հասուն եւ գիտակից իրենց գործողություների՝ այլոց վրա ազդեցության վերաբերյալ: Նրանք բոլորը շատ նվիրված են երիտասարդական աշխատանքին եւ շատ են ցանկանում անպայմանորեն դրական փոփոխություններ բերել»,-ամփոփում է Աննա Եղոյանը:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին