Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ «այսօր ամեն ջանք գործադրվում է Հայոց Եկեղեցուն դուրս մղելու դպրոցից»:
Այդ մասին նա ասել է կրթության մշակների օրհնության կարգի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Սուրբ Գայանե վանքում:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ համաշխարհայնացման եւ արժեհամակարգի նենգափոխման մերօրյա հորձանուտում անտեսվում եւ հետ են մղվում իրական արժեքները՝ ազգերին ու հասարակություններին կանգնեցնելով հակասությունների եւ գոյաբանական խնդիրների առջեւ․
«Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ եւ ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների եւ իմացության եւ միեւնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»։
Անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում Հայ Եկեղեցու առաքելությանը՝ Գարեգին Երկրորդը փաստել է, որ անկախ պետականության հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը եւ նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ եւ հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։
«Այս կարեւոր նպատակին էր ուղղված նաեւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որն այլեւս չի դասավանդվելու։ Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաեւ ազգային արժեքների եւ ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված եւ աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։
Պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու եւ ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականության ապահով ներկան եւ, մանավանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստված մեր հավատին եւ ավանդներին ու դրանցով ներշաղախված մեր ազգային նկարագրին հարազատ ու հավատարիմ մնալով։ Սա է մեր պատմության մատուցած գլխավոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,- նշել է Վեհափառ Հայրապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: