Մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը - Mediamax.am

970 դիտում

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը


Լուսանկարը` «Ոսկե ծիրան»

Լուսանկարը` «Ոսկե ծիրան»

Լուսանկարը` «Ոսկե ծիրան»

Լուսանկարը` «Ոսկե ծիրան»


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 7-ին Երեւանում պաշտոնապես բացվել է 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չունեցավ բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարեւոր դետալն կրում է լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինեց արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

 

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

 

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» եւ 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Լուսանկարը` «Ոսկե ծիրան»

Ատոմ Էգոյանը վերադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։  Էգոյանի նոր կինոնկարը՝ «Յոթ քողը»  «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն էր։

 

21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։

 

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի եւ կինոյի դերասան Քեւին Սփեյսին։ Սփեյսին կրկնակի օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Լուսանկարը` «Ոսկե ծիրան»

Փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանն Քեւին Սփեյսիին հանձնել է մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

 

«Երջանիկ եմ այստեղ գտնվել։ Շնորհակալ եմ բարի ու ջերմ  խոսքերի համար։ Ինձ համար պատիվ է այստեղ լինել՝ նման պատվարժան կինոգործիչների, ժյուրիի անդամների հետ։ Մեծ պատիվ է, որ որոշել եք ինձ հյուրընկալել։ Երբ նայում եմ իմ ֆիլմերից ներկայացված հատվածները, մտքովս անցնում են այն բոլոր ռեժիսորները, սցենարիստները, խաղընկերները եւ թիմակիցները։ Ինձ պատվելով՝ դուք պատվում եք նրանց բոլորին, ովքեր ժամանակին պատվել են ինձ»,- ասել է Քեւին Սփեյսին։

Լուսանկարը` «Ոսկե ծիրան»

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ Փարաջանովյան թալեր է հանձնել Ատոմ Էգոյանին։

 

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երեւանի քաղաքապետարանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին