Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ բռնությունից - Mediamax.am

591 դիտում

Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ բռնությունից


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկած Գերագույն հոգեւոր խորհրդի աշխատանքի ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական խնդիրներին եւ արտաքին անվտանգային մարտահրավերներին։

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

 

«Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը եւ հատկապես վերջերս սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես եւ սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձեւավորման՝ հանգեցնելով նաեւ Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։

 

Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների եւ մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից եւ կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակում իշխանությունների նկատմամբ ձեւավորված արդարացի դժգոհությունները, որ դրսեւորվում են բողոքի եւ անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով եւ բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։

 

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երեւանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը եւ գործադրված միջոցները, ինչի հետեւանքով ցուցարարների եւ ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։

 

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն եւ թշնամանք սերմանելու մերժելի դրսեւորումներից։ Մեր կոչն է նաեւ իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ եւ օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության եւ զգաստության մեջ քաղաքական երկխոսության։

 

Դատապարտելի է նաեւ, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետեւողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն եւ ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսեւորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:

 

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը եւ համազգային միաբանության ձեւավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որեւէ մեկի կամ որեւէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին եւ հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության եւ խաղաղ ու ապահով կյանքի կերտման»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին