Տիկին Նելլիի անցած դժոխային ճանապարհն ու բուժել ձգտող բարությունը - Mediamax.am

exclusive
2132 դիտում

Տիկին Նելլիի անցած դժոխային ճանապարհն ու բուժել ձգտող բարությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակման ժամանակ մարդիկ ստիպված էին երկար ժամանակ ռմբապաստարաններում անցկացնել: Ստեփանակերտի բնակիչ Նելլի Ծատուրյանը, սակայն, ամուսնու՝ Սերգեյ Ծատուրյանի հետ մնացել էր տանը՝ ծնկային հոդի սուր ցավերի պատճառով:

 

Բռնագաղթի երեք օր տեւած դժոխային ճանապարհով անցնելուց հետո Նելլի Ծատուրյանը դարձել է «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված առողջապահական աջակցության ծրագրի շահառուներից մեկը: Հաջող վիրահատությունից ամիսներ անց նա արդեն մոռացել է ֆիզիկական անտանելի ցավերը, սակայն Արցախում թողած տան կորստի ցավը հազիվ թե հնարավոր լինի նույն կերպ բուժել:

 

Մեդիամաքսը Նելլի Ծատուրյանի հետ զրուցել է նրա տեսած պատերազմների, շրջափակման, բռնագաղթի զրկանքների, շարունակական բուժումների ու այստեղ սեփական անկյունը գտնելու աղոտ հույսի մասին:

 

Ցավի արտացոլանքն աչքերում

 

«Երեխաներս ու թոռնիկներս նկուղում էին, իսկ ամուսինս ինձ հետ տանը մնաց: Չէի կարողանում նստել, իսկ նկուղում պառկելու հնարավորություն չկար, սարսափելի ցավեր ունեի»,- Ստեփանակերտի ռմբակոծության օրերն է հիշում տիկին Նելլին:

 

Շրջափակման ժամանակ նա արդեն թույլտվություն ուներ Կարմիր Խաչի մեքենայով Երեւան ուղեւորվելու եւ վիրահատվելու համար, սակայն վախեցել էր օգտվել այդ հնարավորությունից. իսկ ի՞նչ եթե չկարողանա վերադառնալ ու ամուսնուն, որդիներին մենակ թողնի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բռնագաղթի դժոխային ճանապարհն առողջական խնդիրներով հաղթահարելը ծանր փորձություն էր: Նա մեքենայից դուրս չէր գալիս, բայց իր մասին չէր էլ մտածում, մտահոգվում էր թոռների համար:

 

Երեւան հասնելուց հետո Նելլին դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ տարիներ առաջ մյուս ոտքի ծնկի հոդի էնդոպրոթեզավորում էր իրականացրել:

 

«Նախորդ վիրահատությունս պրոֆեսոր Արմեն Չարչյանն էր իրականացրել, շատ գոհ էի, ուստի որոշեցի նորից նրա մոտ գալ»,- ասում է տիկին Նելլին:

 

Նրա խոսքով՝ երբ բժշկի սենյակ էր մտնում, չգիտեր «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին: Խոստովանում է, որ ամեն ինչ կորցնելուց հետո սեփական միջոցներով առողջությամբ զբաղվելն անհնար կլիներ:

 

«Արմեն Գերասիմիչն ինձ հիշեց նախորդ վիրահատությունից, հիշեց, որ Ստեփանակերտից եմ: Նա մեծ տխրությամբ ասաց, որ շատ է ցավում: Ես այդ մեծ ցավը տեսնում էի նաեւ նրա աչքերում, որոնք ոչ մի կերպ չէին տարբերվում իմ կամ մյուս արցախցիների աչքերից»,- հիշում է տիկին Նելլին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախորդ տարվա նոյեմբերի 3-ին տեղի ունեցած վիրահատությունից հետո նա արդեն ապաքինվել է, հանգիստ քայլում է եւ վստահ է, որ շուտով կսկսի նաեւ վազել:

 

«Մեզ ամբողջ ընթացքում խաբում էին»

 

Նելլի Ծատուրյանը ծնվել եւ կրթություն է ստացել Բաքվում, իսկ ամուսնանալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ: Արցախը նաեւ Նելլի ծնողների ծննդավայրն է: Ինչպես իր շատ տարեկիցներ, նա եւս 4 պատերազմ է տեսել վերջին երեսուն տարիների ընթացքում:

 

«Ապրում էինք հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու, աշխատում էինք, ստեղծում, բարեկեցիկ կյանք կառուցում, իսկ հետո մնացինք առանց ոչնչի: Ցավալին այն է, որ մեզ այս ամբողջ ընթացքում պարզապես խաբում էին»,- ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

2020 թվականի պատերազմից հետո տիկին Նելլին չէր ցանկանում վերադառնալ Արցախ ու նոր պատերազմի միջով անցնել, սակայն ամուսինը պնդել է, որ պետք է վերադառնան իրենց տուն: Խաղաղապահների ներկայությունը շատերին հույս էր ներշնել, ոչ ոք չէր մտածում, որ խաղաղ բնակչությունն անպաշտպան կմնա նրանց ներկայությամբ հանդերձ:

 

«Ճանապարհը դժոխք  էր»

 

Ցանկանում էին ճանապարհ ընկնել սեպտեմբերի 26-ի առավոտյան, սակայն Նելլիի ամուսնու՝ Սերգեյի առողջական վիճակը կտրուկ վատացել է, պարզվել է, որ ինֆարկտ է: Ստեփանակերտի հիվանդանոցում նրան առաջին օգնություն են ցույց տվել: Նույն օրը եղել է չարաբաստիկ պայթյունը, որից մասին լուրն ու տուժած մարդկանց տեսնելն էլ ավելի են բարդացրել Սերգեյի առողջական վիճակը:

 

Երեկոյան ճանապարհ են ընկել՝ հուսով, որ արագ կհաղթահարեն ճանապարհն ու Սերգեյը շուտով նորից բժիշկների հսկողության տակ կլինի:

 

«Ճանապարհը դժոխք էր: Տանն էլ ոչինչ չկար, որ սնունդ պատրաստեինք, մեզ հետ վերցնեինք՝ ճանապարհին ուտելու համար: Դեռ Հակարի կամուրջ չհասած՝ մեր կողքով հայկական ավտոբուսներ անցան, որ գնում էին Ստեփանակերտից մարդ տեղափոխելու: Նրանք մեզ ջուր եւ քաղցրեղեն բաժանեցին, երեխաներն այնքան էին ուրախացել, այնպես էին ուտում այդ փխրահացերը»,- հիշում է տիկին Նելլին ու հուզմունքից չի կարողանում զսպել արցունքները:

 

Սահմանից այն կողմ ընտանիքին մեծ ջերմությամբ են ընդունել: Առաջին բանը, որ խնդրել են, բժշկական օգնությունն էր ամուսնու համար: Սերգեյին հետազոտել են, դեղորայք տվել: Քանի որ ուշ ժամ էր, իսկ հյուրանոցներում տեղ չկար, նրանց հյուրընկալել է Գորիսի մի ընտանիք: Տիկին Նելլին մեծ երախտագիտությամբ է հիշում նրանց մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միանգամայն անծանոթ մարդիկ մեզ այնպիսի ջերմությամբ ընդունեցին: Իրենք տան մի սենյակում տեղավորվեցին, իսկ մեծ սենյակը մեզ հատկացրին, որ հանգստանանք ու մեզ կարգի բերենք: Չեմ կարող մոռանալ նրանց դեմքերը, նրանք ունեցվածքի տեր չէին, հասարակ կյանքով ապրող մարդիկ էին, սակայն նրանց հոգին այնքան պարզ էր, այնքան մաքուր»,- հիշում է Նելլին:

 

Վտանգված առողջություն

 

Երեւան գալուց հետո Նելլիի ամուսնու սրտին 4 ստենդ են դրել: Հիմա առողջական այլ խնդիրներ էլ ունեն, փորձում են դրանով զբաղվել:     

 

«Տպավորություն է, որ եկել ենք ընկել հիվանդանոցները: Երեւի ծանր սթրեսից է, որ այսքան առողջական խնդիրներ են սկսել ի հայտ գալ»,-ասում է տիկին Նելլին:

 

Այժմ վարձով են բնակվում: Նելլիի որդիները դեռեւս աշխատանք չեն գտել, տաքսի վարելով են գումար աշխատում, իսկ իր ու ամուսնու առողջական վիճակն այլեւս թույլ չի տալիս աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շրջափակման ինը ամիսներն ու դժոխային ճանապարհը շատ արցախցիների մոտ են առողջական խնդիրներ առաջացրել: «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրի համակարգող Նորա Ալեքյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից սկսած Արցախից բռնի տեղահանված բազում քաղաքացիներ ստանում են բուժօգնություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նրանց մի մասը վիրահատվել է, մյուս մասը անցել ամբուլատոր հետազոտություն։ Բռնի տեղահանված արցախցիները մեզ դիմում են տարբեր առողջական խնդիրներով՝ հոդի մաշվածություն, վահանաձեւ գեղձի խնդիրներ, շաքարային դիաբետ եւ այլն»,- նշել է նա։

 

Բարության ճառագումը

 

Տիկին Նելլին հուզմունքով է հիշում այն ջերմ մթնոլորտը, որը կար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում եւ մյուս հիվանդանոցներում, որտեղ ինքն ու ամուսինը բուժում են ստացել: Մեր ծանր եւ մութ ժամանակներում իսկական բարության դրսեւորումներն առավել ուժգին են ճառագում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ նոր էինք եկել, ամուսնուս տեղափոխեցին Նորք Մարաշի սրտաբանական կենտրոն, որտեղ Քրիստինե Կարապետյանն իր թիմով կարելի է ասել, որ փրկեց ամուսնուս կյանքը: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում էլ Անի Համբարձումյանն իր թիմի հետ ամուսնուս աչքի կատարակտի վիրահատություն իրականացրին: Համար առաջին հիվանդանոց մտնելիս էլ ամուսինս ասում է, որ այնպիսի ջերմությամբ են իրեն այնտեղ շրջապատում, որ կարծես հարազատ մարդկանց հանդիպի: «Իզմիրլյան» հիվանդանոցի մասին խոսքեր չունեմ, ամեն ինչ մշտապես բարձր մակարդակի վրա է, անչափ շնորհակալ ենք ամբողջ անձնակազմին եւ մյուս բուժհաստատությունների բոլոր բժիշկներին»,-հիշում է տիկին Նելլին:

 

Լավ մարդկանց հետ բոլոր հանդիպումները, ճիշտ է, օգնում են ընտանիքին հաղթահարել ծանր հոգեբանական դրությունը, սակայն, միեւնույն է, կորստի ցավը շարունակում է տանջել.

 

«Ես Արցախում թողել եմ իմ հոգին, հարազատներիս գերեզմանները, այդ բոլոր երիտասարդների գերեզմանները, որ զոհվեցին պատերազմում ու թաղվեցին այդ հողում: Ես իմ կյանքն արդեն ապրել եմ, բայց չգիտեմ՝ արդյոք կկարողանա՞ն որդիներս այստեղ իրենց անկյունն ունենալ: Լավատես լինել չեմ կարողանում: Հիմա մենք դեռ ապրում ենք հիշողություններով, մեր կառուցած տան հիշողություններով»:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին