Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը ՀՀ-ին զորակցելու համար - Mediamax.am

6444 դիտում

Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը ՀՀ-ին զորակցելու համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

 

«Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն է արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող զիջումների եւ ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգային միջավայրի հաստատման գործընթացներին։ Նա խոսել է նաեւ արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կարեւորության եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին։

 

Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար՝ մեծապես գնահատելով նաեւ Իրանում հայկական հոգեւոր-մշակութային արժեքների եւ հայ համայնքի նկատմամբ դրսեւորվող հոգատար վերաբերմունքը»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

 

Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Հայոց Հայրապետին է ներկայացրել երկու երկրների միջեւ կրթական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։

 

Իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության ղեկավարը վստահություն է հայտնել, որ կրոնների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը կարեւոր խթան կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչողության, բարեկամության ամրապնդման եւ տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին