Վերարտադրողական առողջության բևեռացված ցուցանիշները ՄԱԲՀ զեկույցում - Mediamax.am

645 դիտում

Վերարտադրողական առողջության բևեռացված ցուցանիշները ՄԱԲՀ զեկույցում


Լուսանկարը` Geneva Solutions/Michelle Langrand


Աշխարհում ամեն օր 800 կին է մահանում երեխային կյանք պարգևելիս, մինչդեռ այդ մահերից գրեթե բոլորը հնարավոր է կանխարգելել:

 

Դեռևս 30 տարի առաջ միջազգային հանրությունը համաձայնության էր եկել մարդկանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները գլոբալ զարգացման հիմքում դնելու ծրագրի շուրջ: Չնայած տարիներ ի վեր գրանցվող կայուն առաջընթացին՝ 2016 թվականից սկսած այս ուղղությամբ զարգացումը որոշ ուղղություններով կանգ է առել:

 

Առաջընթացի բացակայության հիմքում առկա խնդիրներն ուսումնասիրվել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) 2024 թվականի «Աշխարհի բնակչությունը» զեկույցում: Վերջինս ներկայացնում է, թե որքանով են աշխարհի երկրներն իրականացրել «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի կողմից» 1994 թվականին Կահիրեում ընդունված «Գործողությունների բեկումնային ծրագիրը»:

 

Գլոբալ անհավասարությունը՝ առաջընթացի խոչընդոտ

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմն ընդգծել է, որ առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը գլոբալ անհավասարությունն է և դրա շարունակական խորացումը:

 

Ըստ զեկույցի՝ թույլ զարգացած առողջապահական համակարգով երկրներում ծննդաբերության ժամանակ կնոջ մահը 130 անգամ ավելի հավանական է, քան եվրոպական կամ Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Միևնույն ժամանակ նույն երկրներում շրջանների միջև անհավասար պայմանները ևս ակնառու են:

 

«Մենք պետք է շարունակենք ավելի ճշգրիտ տվյալների հավաքագրում՝ դասակարգված ըստ էթնիկ խմբերի, հաշմանդամության և այլնի, որպեսզի հասկանանք՝ ովքեր են մնում անտեսված և ինչպես կարող ենք հասնել նրանց»,- նշել է դոկտոր Նատալյա Քանեմը։

 

Նա ընդգծել է համայնքային դերակատարների հզորացման անհրաժեշտությունը, որպեսզի վերջիններս կարողանան գնահատել տեղական կարիքները և ուղղորդել առողջապահական համակարգն ու ծրագրերը ներքևից վերև սկզբունքով, և ոչ հակառակը:

 

«Այս անհրաժեշտ քայլերը միայն լուսանցքում մնացած մարդկանց հասնելու մասին չեն, այլև բոլորիս՝ ամբողջ մարդկության հզորացման։ Գործվածքն ամուր է այնքան, որքան ամուր է դրա ամենաթույլ թելը։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես սեռական ու վերարտադրողական առողջությունում իրականացված ներդրումներից կշահեն բոլորը»,- հավելել է ՄԱԲՀ գործադիր տնօրենը:

 

Վերարտադրողական առողջության բևեռացված ցուցանիշներ

 

Համաձայն տարածաշրջանային վերանայման վերջին զեկույցի՝ ընդլայնված եվրոպական տարածաշրջանում այժմ ավելի քիչ թվով կանայք են մահանում ծննդաբերության ժամանակ, երեխա ունենում դեռահաս տարիքում և բախվում հակաբեղմնավորիչների հասանելիության հետ կապված խնդիրների:

 

•    Մայրական մահացությունը 2000-2020 թթ. ընթացքում կրճատվել է գրեթե երկու անգամ՝ միջինը 22-ից իջնելով մինչև 12 մահվան՝ 100,000 կենդանածնի հաշվով:

•    Դեռահասների շրջանում ծնելիության գործակիցը 2000-2020 թթ. նվազել է գրեթե 50 տոկոսով՝ 15-ից 19 տարեկան 1000 կնոջ հաշվով միջինը 20,3-ից հասնելով 12.6-ի:

•    Վերարտադրողական տարիքի կանանց մասնաբաժինը, որոնց ընտանիքի պլանավորման կարիքները բավարարված են ժամանակակից մեթոդներով, 2000 թ.-ի 66,7 մեդիան արժեքից 2022 թվականին հասել է 75,9-ի:

Միևնույն ժամանակ «Աշխարհի բնակչությունը» զեկույցը նաև ցույց է տալիս որոշ ուղղություններով առաջընթացի դանդաղում կամ նույնիսկ հետընթաց, ըստ որի զարգացումը շրջանցել է անապահով խավին:

•    2015-2020 թթ.-ին ընդլայնված եվրոպական տարածաշրջանում մայրական մահացության նվազման առաջընթացը դանդաղել է, և մայրական մահացության աճ է գրանցվել հասանելի տվյալներ ունեցող 52 երկրից 18-ում։

•    Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի որոշ հատվածներում ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործումը մնում է չափազանց ցածր. հինգ երկրում կանանց կեսից ավելին չի օգտագործում հակաբեղմնավորման որևէ եղանակ։

•    Վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր չորրորդ կին ինքնուրույն չէ իր մարմնի և առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

•    2022 թ.-ին Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 160,000 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, ինչը 49 տոկոսով բարձր է 2010 թ. ցուցանիշից և այս ժամանակահատվածում աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանի համեմատ ամենամեծ աճն է:

•    Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները մինչև 10 անգամ ավելի հավանական է, որ ենթարկվեն գենդերային բռնության, ներառյալ սեռական բռնության:

•    Մարդկանց մասնաբաժինը, որոնք կարծում են, որ տղամարդու կողմից իր կնոջը ծեծելը կարելի է արդարացնել, ժամանակի ընթացքում աճել է տարածաշրջանի՝ հասանելի տվյալներ ունեցող երկրների կեսում՝ հատկապես երիտասարդների շրջանում:

 

«Զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ դեռ չափազանց շատ մարդիկ են անհաղորդ այն ձեռքբերումների բերած օգուտներին, որոնք մենք գրանցել ենք կանանց և երիտասարդների՝  իրենց մարմնի և առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողության և անհրաժեշտ ծառայություններին ու տեղեկատվությանը հասանելիություն ունենալու ճանապարհին», - ասել է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը:

 

«Այս բացերը ծածկելու համար մենք պետք է վերջ տանք կանանց և այլ խոցելի խմբերի նկատմամբ դեռևս մեծ տարածում ունեցող խտրականությանը, ինչպես նաև կարծրատիպերին, կողմնակալությանը և խարանին, որոնք սնում են այն»,- հավելել է նա:

 

8 միլիարդ թելերի փոխկապակցվածությունը

 

Զեկույցի համահեղինակ դոկտոր Թլալենգ Մոֆոկենգը հույս է հայտնել, որ հետազոտությունում ներկայացված լուծումները կօգնեն միավորել միջազգային համայնքը՝ ապահովելու այն, որ ոչ ոք այլևս անտեսված չլինի:

 

«Հաճախ, երբ մարդիկ տեսնում են մայրական մահացության, դեռահասների հղիության, սեռավարակների բարձր ցուցանիշներ, մտածում են, որ դրանք անհատների կողմից ընդունված սխալ որոշումների հետևանք են: Մենք հիմնականում չենք վերլուծում այն գործոնները, որոնք ընկած են այդ ցուցանիշների հիմքում: Հույս ունեմ, որ այս հետազոտությունը կօգնի լույս սփռել այն հարցի վրա, թե ինչպես է կառուցվածքային խտրականությունը մարդկանց ետ մղում»,- նշել է նա:

 

Հաշվի առնելով, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շատ երկրներ ծնելիության ցածր մակարդակ ունեն և ավելի ու ավելի հաճախ են բախվում բնակչության նվազման, քայլերը, որոնք բերում են կանանց, փոքրամասնությունների և լուսանցք մղված այլ խմբերի՝ տնտեսության մեջ և հասարակական կյանքում ավելի լավ ինտեգրման, գնալով ավելի կարևոր են դառնում:

 

ՄԱԲՀ-ն աջակցում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու ժողովրդագրական փոփոխությունների նկատմամբ նրանց դիմադրողականությունը, այդ թվում՝ մարդկային կապիտալում ներդրումների և լուսանցք մղված համայնքների ավելի լայն ընդգրկման միջոցով:

 

«Մարդկության գործվածքը հարուստ է և գեղեցիկ՝ բաղկացած 8 միլիարդ թելիկից, որից յուրաքանչուրս յուրօրինակ ենք։ Մեր տոկունությունը բխում է ոչ թե մեկ առանձին թելից, այլ հավաքական միահյուսված ամբողջությունից։ Դա է մեր զորությունը, և այդ կերպ է, որ մենք կկարողանանք առաջ շարժվել ու միասին աշխատելով հասնել հաջողության»,- ամփոփել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին