Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով:
Ապրիլի 4-ին կայացած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգեւը նրա որդի` Սարկիս Իզմիրլյանին, նշել է.
«Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Դիկրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրելն է:
Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ եւ հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով:
Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են:
Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն եւ հարգանքին:
Բայց միեւնույն ժամանակ մեր պետությունը եւ պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել եւ պարգեւատրել մեր երկրի եւ ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին:
Այսօր ես մեծ ուրախությամբ եւ երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգեւը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգեւորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար:
Համոզված եմ նաեւ, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում»:
Վահագն Խաչատուրյանն նաեւ ընդունել է Սարկիս Իզմիրլյանին եւ նրա տիկնոջը՝ Քեթրին Իզմիրլյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Սարկիս Իզմիրլյանը ասել է.
«Իմ ընտանիքը մեծապես երախտապարտ է այն պարգեւի համար, որն այսօր իմ հայրը ստացավ: Նա միշտ ասում է՝ հայերը պետք է օգնեն հայերին: Աշխարհի, որ մասում էլ լինենք, մենք առաջին հերթին հայ ենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: