Լոռիում եւ Շիրակում տնկված 100 հա անտառն ու «կանաչ մտածողությունը» - Mediamax.am

1396 դիտում

Լոռիում եւ Շիրակում տնկված 100 հա անտառն ու «կանաչ մտածողությունը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆրենկ Հեսսը
Ֆրենկ Հեսսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուիզա Վարդանյանը
Լուիզա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիմա Աբրահամյանը
Ռիմա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիմա Աբրահամյանը
Ռիմա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Կրիկյան
Ռուբեն Կրիկյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուզաննա Առուստամյանը
Ռուզաննա Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Դավթյան
Տաթեւիկ Դավթյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեք տարում 100 հա տնկված անտառ Լոռու եւ Շիրակի մարզերում, ավելի քան 300 հազար տնկի եւ 290 սեզոնային աշխատատեղ․ ամփոփվել է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիրը։ Այն մեկնարկել էր 2021 թվականի մարտի սկզբին, իրականացրել է «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ Եվրամիության ֆինանսավորմամբ։

 

Շրջակա միջավայրին առնչվող հարցերի կարեւորությունը

 

Ֆրենկ Հեսս, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար

 

Շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեզ համար շատ կարեւոր են։ Եվրոպական միության պատվիրակության հանձնառությունն է՝ օգնել, աջակցել այդ հարցերում եւ դառնալ համաշխարհային առաջատար, երբ խոսքը կլիմայի փոփոխությունների, դեգրադացիայի եւ այլ խնդիրների մասին է։ Փորձում ենք մի շարք ծրագրերի սատարել, որոնք վերաբերում են ամենատարբեր թեմաների, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի աղբյուրները, շրջանաձեւ տնտեսությունը, թափոնների նվազեցումը, արդյունավետության բարձրացումը։

Ֆրենկ Հեսսը Ֆրենկ Հեսսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւանա լճի բնապահպանական խնդիրներին, Երեւանում վտանգավոր թափոններին վերաբերող ծրագրեր ենք իրականացնում, աշխատում ենք տարբեր նախարարությունների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Կարեւոր է նաեւ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ի ծրագիրը, որը վերաբերում է շրջակա միջավայրի ավելի լայն եւ ավելի նեղ հարցերի։ Կարեւոր է, որ երեխաները, երիտասարդները տեղյակ լինեն շրջակա միջավայրի փոփոխություններից եւ կարողանան պատշաճ քայլեր ձեռնարկել նաեւ Եվրոպական միության կողմից աջակցություն ստացած այս ծրագրի շրջանակում։

 

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում Եվրամիությունը ծախսել է 300 մլն դրամ, մեծ աշխատանքներ են տարվել, այդ թվում՝ տնկարանների հետ եւ հույս ունենք, որ այս աշխատանքները շարունակական բնույթ կկրեն։ Մեզ համար կարեւոր է աշխատանքը երիտասարդների, քաղհասարակության, նախարարությունների, համայնքապետարանների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրի իրական արդյունքը պատկերացնելու համար այս հարցին պետք է վերադառնալ 2-3 տարի անց եւ հասկանալ՝ արդյոք համայնքապետարանները շարունակել են գործել այն կարգով, որով սկսել են գործել ծրագրի ընթացքում, արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ ծրագրով դասընթացներ անցած երեխաները շարունակում են այդ կերպ մտածել, տեսնել, թե ինչպիսին են անտառների իրավիճակը, որեւէ մնայուն արդյունք կա՞, թե՞ ոչ։ Փաստ է, որ բավական մեծ աշխատանք է տարվել, այս պահի դրությամբ արդյունքը լավ է։

 

«ԷՅ ԹԻ ՓԻ»-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

 

Ռուզաննա Առուստամյան, «Էյ Թի Փի» ԲՀ համակարգող

 

Այս ծրագրի իրականացման ճանապարհն անցել ենք մեր գործընկերների հետ՝ «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել իր բաղադրիչի համար, բայց յուրաքանչյուրն էլ ակտիվ ներգրավված է եղել բոլոր փուլերում եւ աշխատանքներում։

Ռուզաննա Առուստամյանը Ռուզաննա Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցնող երեք տարիները հեշտ չէին մեր երկրի համար, բազում մարտահրավերները մեծ ազդեցություն են ունեցել բոլորիս վրա, որոշ խոչընդոտներ են առաջացել ծրագրի իրականացման ժամանակ, բայց փորձել ենք ուշադրությունը պահել մեր նպատակի եւ վերջնարդյունքի վրա։

 

«ԷՅ ԹԻ ՓԻ»-ն, լինելով այս ծրագրի գլխավոր հայտատուն, ապահովելու է ծրագրի իրականացման շարունակականությունը, եւ հատկապես այս տարի, երբ նշելու ենք մեր գործունեության 30 տարին, ձգտելու ենք դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա մեր անտառտնկումներով, կանաչապատման աշխատանքներով, բնապահպանական դասընթացներով եւ այլ ծրագրերով։

 

Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա

 

Ռիմա Աբրահամյան, «ԷՅ ԹԻ ՓԻ» ընկերության մարքեթինգի փորձագետ, ծրագրի համակարգող

 

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել Հայաստանի փոքր ու մեծ մարզային քաղաքների կարողությունները շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխության հարմարվողականության բնագավառներում։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակ, Տավուշ, Լոռի։ Մարզերից ընտրվել են թիրախային քաղաքներ, Շիրակի մարզում՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Լոռիում՝ Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Տավուշում՝ Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան եւ Այրում քաղաքները։

Ռիմա Աբրահամյանը Ռիմա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագիրն ընթացել է երեք հիմնական ուղղությամբ՝ կանաչապատում, կենցաղայի թափոնների կանաչ կառավարում եւ վերականգնվող էներգետիկա, էներգախնայողություն, էներգաարդյունավետություն։ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն պատասխանատվություն էր ստանձնել կանաչապատման բաղադրիչի համար։ Ծրագրի ավարտին նախատեսված էր շահառու մարզերում ունենալ 100 հա տնկված անտառ։ Արդյունքում Լոռու մարզի Ուրասար համայնքում հիմնեցինք 40 հա, Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում՝ 60 հա մակերեսով անտառ։ Անտառատնկման ընթացքում ստեղծեցինք շուրջ 290 սեզոնային աշխատատեղ, անտառներ տնկելու համար օգտագործվեց 300 հազար տնկի, վերատնկումների փուլում տնկվեց եւս 90 հազար։ Անտառներ տնկելուց առաջ, որպեսզի աշխատանքն ունենա կայուն արդյունք, կատարել ենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ցանկապատել տարածքները՝ տնկիները կենդանիներից պաշտպանելու համար, իրականացվել են հողի փխրեցում, մոլախոտերի հեռացում եւ այլ գործողություններ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրով կանաչապատել ենք 50 դպրոցի տարածք, յուրաքանչյուրում տնկել 300 ծառ՝ հիմնականում պտղատու։ Շահառու համայնքներում հիմնել ենք 22 այգի եւ հարակից հանգստյան գոտի։ Ընդհանուր առմամբ, «Համայնքային ծառատունկ» բաղադրիչով տնկվել է 33 316 ծառ։

 

Գյումրու ժամանակակից եւ տնամերձ տնկարանները

 

Ծրագրով նախատեսված էր Գյումրիին մոտ ունենալ 100 հազար տնկի արտդրողականության տնկարան։ «ԷՅ ԹԻ ՓԻ»-ն ունի 4 տնկարանային տնտեսություն եւ մեր տնկարանները հիմնվում են տարբեր կլիմայական գոտիներում։ Հայաստանն ունի մի քանի կլիմայական գոտի եւ, որպեսզի տնվող ծառերն ունենան բարձր կպչողականություն, անհրաժեշտ է՝ դրանք անցած լինեն կլիմայավարժում։ Տարբեր կլիմայական գոտիներում տնկարաններ հիմնելով՝ հնարավորություն ենք ստանում ունենալ ծառեր, որոնք արդեն անցել են կլիմայավարժում, հետեւաբար ունենք բարձր կպչողականություն։

Ռիմա Աբրահամյանը Ռիմա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շիրակի մարզը համարվում է կանաչ գոտիների մակերեսով մի փոքր աղքատ եւ քանի որ ծրագրով թիրախավորել էինք այդ մարզը, կարեւոր էր այստեղ ունենալ ջերմատուն, տնկարան, որը հետագայում կապահովեր մարզի կանաչապատման աշխատանքների համար տնկիներ։ Այս պահին Գյումրի սելեկցիոն կայանում ունենք ժամանակակից տնկարան։ 2023թ․ ավարտին, երբ ամփոփում էինք այնտեղ արված աշխատանքը՝ ունեինք 120 հազարից ավելի տնկի՝ շուրջ 15 ծառաթփատեսակ։

 

Կանաչապատման աշխատանքները համայնքներում խթանելու եւ գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ծրագրի ընթացքում մեկնարկեցինք տնամերձ տնկարանների ծրագիրը։ Այն եւ կանաչապատման, եւ սոցիալական բաղադրիչ ունի։ Ընտրվեց ցանկություն հայտնած 150 տնտեսություն, որոնք դարձան ծրագրի շահառու։ Նրանց տրամադրեցինք միկրոդրամաշնորհներ, որ կարողանային հիմնադրել տնամերձ տնկարաններ, «ԷՅ ԹԻ ՓԻ»-ի թիմը տրամադրեց նաեւ սերմեր, խորհրդատվություն, աջակցություն, որ շահառուները կարողանային աճեցնել տնկիները։ Ծառատնկման շրջանում մենք նրանցից գնում էինք այդ տնկիները։

 

Ծրագրով նախատեսված էր 150 տնամերձ տնկարաների միջոցով տարեկան ապահովել 200 հազար արտադրողականություն, բայց ընթացքում գնեցինք ավելի մեծ թվով տնկիներ։

 

Դպրոցականների մասնակցությունը ծրագրին

 

Մեր ամառային էկոճամբարներում ներգրաված էր 1000-ից ավելի դպրոցական, որոնք, բացի հանգստից, նաեւ ստանում էին բնապահպանական գիտելիքներ ծրագրի երեք ուղղություններով։ Նրանց հետ միասին շահառու մարզերում նաեւ հանրային իրազեկման արշավներ, աղբահավաքներ ենք անցկացրել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բավական մեծ աճ ունեցանք ծրագրի այն բաղադրիչով, որն առնչվում էր էներգետիկային, վերականգնվող էներգետիկային եւ էներգախնայողությանը։

Ծրագրի եւ սկզբում, եւ ավարտին էկոակումբերի սաների միջոցով հարցումներ արվեցին։ Ծրագրի ավարտին արեւային կայանների, էներգետիկ լուծումների, էներգախնայող լուծումների շուրջ 7 հազար նոր օգտագործող ունեինք։

 

Մեր ծրագրի ամենակարեւոր ձեռքբերումներից էր նաեւ «Կանաչ քաղաքաշինության» մոդելը, այն մշակել էինք «Ուրբան» հիմնադրամի հետ։ Մինչ այդ 15 համայնքում իրականացվել էր կարիքների գնահատում, իրավական դաշտն էր ուսումնասիրվել, որից հետո մշակվեց մոդելը, որի պիլոտային կիրառումը մենք իրականացրեցինք Իջեւան, Նոյեմբերյան եւ Թումանյան համայնքներում։

 

Քաղաքային կանաչ մոդելն ու կրթական բաղադրիչը

 

Լուիզա Վարդանյան, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն

 

Մեր հիմնադրամը ծրագրում պատասխանատու է եղել այն ամենի համար, ինչն առնչվել է կանաչ էներգետիկայի հետ՝ դասընթացներ, որոնք անցկացվել են 15 էկո ակումբների երեխաների համար, ամառային ճամբարներ։

Լուիզա Վարդանյանը Լուիզա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ հիմնական գործունեություն, որ արվել է՝ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համար քաղաքային կանաչ մոդելի մշակումն է, որի շրջանակում իրականացվել են դասընթացներ համայնքների անձնակազմի կարողությունները բարձրացնելու նպատակով։ Ծրագրի իրականացման թիմում մեր հիմնադրամը ներկայացված է եղել եւ ուղղորդող, եւ գնումների հանձնաժողովի աշխատանքներում։ Ծրագիրն այնպես էր կազմված, որ բոլորս միասին աշխատել ենք ինչպես քննարկումների, այնպես էլ՝ հանդիպումների ժամանակ։

 

Ռուբեն Կրիկյան, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի քաղհասարակության եւ կրթական ծրագրերի համակարգող

 

Մեր հիմնադրամը պատասխանատու է եղել ունակությունների զարգացման եւ կրթական բաղադրիչի համար։ Անցած երեք տարիները դժվար էին բոլորիս եւ ծրագրի համար, եղել են դեպքեր, երբ պլանավորել, բայց ստիպված հետաձգել ենք որոշ քայլեր։ Չնայած սրան՝ կարողացել ենք հասնել ակնկալվող արդյունքներին։

Ռուբեն Կրիկյան Ռուբեն Կրիկյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրի ընթացքում կազմակերպել ենք ամառային ճամբարներ, աղբահավաքներ, ինչպես նաեւ՝ 15 էկոակումբների աշխատանքը։ Այդ ընթացքում երեխաները մշակել, իրականացրել են տարբեր նախագծեր։ Երեխաների ոգեւորությունը ցույց տվեց, թե որքան կարեւոր էր այս ծրագիրը նրանց էկոլոգիական կրթության համար։ Հուսով եմ՝ ապագայում էլ կտեսնենք, թե ինչպես են էկո ակումբները շարունակում իրենց ծրագրերի իրականացումն ու նոր երեխաներ կմասնակցեն այս ծրագրին։

 

«Կանաչ մտածելու» կարեւորությունը

 

Տաթեւիկ Դավթյան, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար

 

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրին դիմելու մրցույթը հայտարարվեց 2020 թվականի սկզբին, երբ դեռ կորոնավիրուսի համավարակն էլ չէր սկսել, հետո եղավ քովիդն ու պատերազմը։ Մենք մտածում էինք՝ այն մարտահրավերների համատեքստում, որի առջեւ կանգնած էր Հայաստանը 2020թ․ նոյեմբերին, բնապահպանական թեմայով ծրագիրը որքանո՞վ նպատակահարմար կլինի իրականացնել։ Ծրագրում որոշում կայացնող մարդիկ մտածում էին, որ բնապահպանական մարտահրավերները պակաս կարեւոր չեն, դրանք եւս մեծ նշանակություն ունեն երկրի, պետության դիմակայության համար եւ այնպիսի խնդիրներ չեն, որոնք կարելի է մի կողմ դնել ու ժամանակավոր չզբաղվել։

Տաթեւիկ Դավթյան Տաթեւիկ Դավթյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնապահպանական, կլիմայի փոփոխության մարտահրավերներին լուծումներ գտնելը մեր երկրի դիմակայության համար կարեւոր նշանակություն ունեն։ Հույս ունեմ՝ ծրագրի արդյունքները կլինեն շարունակական ոչ միայն կանաչապատման, էկո վարքի դրսեւորման մեջ, այլ նաեւ շատ կարեւոր է, որ մոդելը հետագա զարգացում ունենա, կանաչ կառավարումը համայնքներում չասոցացվի որեւէ օտար կամ անհասկանալի եզրույթի հետ։ Համայնքներում պետք է ընկալելի լինի, թե ինչ է կանաչ կառավարումը եւ ինչպես կարելի է «կանաչ մտածել», բոլոր գործողությունները պլանավորելիս այնպես անել, որ բնապահպանական հիմնախնդիրները լինեն առանցքում։ Պետք է նկատի ունենալ, որ եթե չունենանք պաշտպանված բնություն, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայություն, ապա առհասարակ չենք ունենա որեւէ դիմակայություն։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին