«Իմ տունն Արցախում». Որ թվերի մեջ չկորի մարդը - Mediamax.am

1411 դիտում

«Իմ տունն Արցախում». Որ թվերի մեջ չկորի մարդը


Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդրա Լիվերգանտը
Ալեքսանդրա Լիվերգանտը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քնար Բաբայանի ընտանիքի տունը
Քնար Բաբայանի ընտանիքի տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Բալայանի ընտանիքի տունը
Արեգ Բալայանի ընտանիքի տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանի լուսանկարն Արցախի Տող գյուղում
Մարկ Գրիգորյանի լուսանկարն Արցախի Տող գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահներից մեկի պատերին Արցախն է՝ ապրող, երազող, պապական տան բակում ընտանեկան հավաքներով ու վերջին անգամ նույն տան դուռը փակող ու հեռացող։

 

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լրագրողներ Ալեքսանդրա Լիվերգանտի ու Յան Շենկմանի նախաձեռնությամբ փետրվարի 23-ին այստեղ բացվել է «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը։ Կազմակերպիչների խնդրանքով արցախցիները ցուցադրության համար փոխանցել են իրենց տների լուսանկարները, կիսվել հիշողություններով։

 

Լուսանկարների մեծ մասն անձնական արխիվներից է՝ հեռախոսով արված։ Կեսից ավելին տանտերերն արել են Արցախից բռնի տեղահանման ժամանակ՝ տանը հրաժեշտ տալու պահին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որ թվերի մեջ չկորի մարդը

 

«Այնտեղ դիմավորում էի լուսաբացը, հյուրեր ընդունում, կերակրում բակի կատուներին. հողամասում երեք բալենի ու նռան ծառ տնկեցի, ամռանն ու աշնանը բերքահավաք էի անում, պատրաստում կեռասի մուրաբա, կոմպոտներ»:

 

Հասմիկ Առուշանյան, Ստեփանակերտ

 

Ցուցադրության առաջին լուսանկարներից մեկում Հասմիկ Առուշանյանի տունն է, կից՝ նրա հիշողությունները։ Այս տանը կինն ապրել է ամենալուսավոր պահերը՝ թոռների ծնունդ, որդու հարսանիք։ Տան «հետ» անցել է նաեւ 44-օրյա պատերազմը, երբ 80 սմ հաստություն ունեցող ամուր պատերը պաշտպանել են ոչ միայն իր, այլեւ՝ հարեւանների ընտանիքները։ 2020թ.-ի նոյեմբերի 5-ին տան պատին դիպել է 120 մմ ականանետի երկու արկ, պայթել է տանիքը, երկրորդ ու երրորդ հարկերը՝ մասամբ փլվել։ Առաջին հարկում մարդիկ են եղել, բայց ոչ մեկ չի տուժել։ Ամիսներ անց նորոգել են տունն ու վերադարձել։

 

«Ցուցահանդեսի գերագույն նպատակն է, որ մեր հասարակությունը տեսնի ու եւս մեկ անգամ հասկանա՝ կատարվածը միայն մեծ թվերի մասին չէ, սա անհատի անձնական ողբերգություն է։ Մեծ թվերի մեջ, կարծես, մոռացվում է մարդը», - ասում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հիշում է՝ ինչպես Ալեքսանդրա Լիվերգանտն ու Յան Շենկմանը ցուցահանդեսի գաղափարով կիսվեցին իր հետ, իսկ հետո սկսվեց նյութերի հավաքագրման գործընթացը.

 

«Արցախցիները սոցցանցերով մեզ էին ուղարկում իրենց տների լուսանկարներն, իսկ Ալեքսանդրան եւ Յանն այցելում էին նրանց, զրուցում։ Ամբողջ գործընթացին մասնակցում էր թանգարան-ինստիտուտի անձնակազմն, ինչպես նաեւ՝ երիտասարդ կամավորներ, որոնց թվում նույնիսկ դպրոցականներ կային»։

Մարկ Գրիգորյանի լուսանկարն Արցախի Տող գյուղում Մարկ Գրիգորյանի լուսանկարն Արցախի Տող գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցանմուշների թվում կա նաեւ Մարկ Գրիգորյանի լուսանկարը՝ արված 2020թ.-ին, պատերազմից երկու շաբաթ առաջ, Տող գյուղում.

 

«Շատ բարի երեկո էր։ «Կատարո» գինու գործարանում էինք իմ լավ ընկեր ու գործարանի հիմնադիր Գրիգորի Ավետիսյանի հետ: Դուրս գալուց հետո գնացինք դիմացի տուն, սուրճ էինք խմում, իսկ դրսում գեղեցիկ մայրամուտ էր՝ սարյանական գույներով։ Պատուհանից նկարեցի տեսարանը»։

 

Գերակա զգացումը. ցավը

 

«Բացի լուսանկարներից ու պատահական իրերի տարօրինակ տեսականիից, նրանք (տատիկն ու պապիկը) իրենց հետ բերել էին տանձ, խաղող ու կառալյոկ, որ հավաքել էին մեկնելուց առաջ: Տանձ կտրեցի ու հասկացա՝ վերջին անգամն է, որ մեր այգուց միրգ եմ ուտում:

 

Դիանա Առուշանյան, Ստեփանակերտ (Հայկավան)

Լուսանկարը` Մեդիամաքս

«2023թ. հոկտեմբերի վերջին հանդիպեցի իմ գործընկեր Յան Շենկմանի հետ: Զրուցում էինք Արցախում կատարվածի, տեղահանման մասին։ Քննարկում էինք՝ ինչպես են տարբեր մարդիկ փորձում օգնել արցախցիներին. հավաքել հագուստ, սնունդ, դեղորայք։ Այս ամենն, իհարկե, անչափ կարեւոր էր, բայց նաեւ կարեւոր էր պահպանել հիշողությունները տեղի մասին, ուր անցել է մարդու ողջ կյանքը», - պատմում է Ալեքսանդրա Լիվերգանտը։

 

Քննարկումների արդյունքում գալիս են եզրակացության՝ կորստի ցավը կենտրոնացած է այն տանը, որում մարդիկ ապրել են սերնդեսերունդ, երջանիկ են եղել, սիրել, պայքարել, ծառեր տնկել ու ստիպված են եղել թողնել մի քանի օրում։

Ալեքսանդրա Լիվերգանտը Ալեքսանդրա Լիվերգանտը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակեցինք էլեկտրոնային փոստի հասցե՝ խնդրելով, որ մարդիկ ուղարկեն իրենց տան լուսանկարները։ Սկզբում ոչ մի նամակ չէինք ստանում, մարդիկ լուռ էին։ Շատերն էին մեզ ասում, որ դեռ նման նախագծի ժամանակը չէ, թեման շատ ցավոտ է։ Բայց ինչ-որ պահից սկսեցինք լուսանկարներ ստանալ, այցելել, զրուցել ընտանիքների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդկանց ներսում էմոցիաների փոթորիկ էր։ Որոշները լացում էին, մյուսները՝ լուսավորվում տան մասին պատմելիս։ Կային մարդիկ, որոնք զրուցում էին ինձ հետ, բայց հասկանում էի՝ այստեղ չեն, մտքով քայլում են իրենց տան ամեն անկյունով, նայում հարազատ պատկերներին։ Ես ուղղակի բարձրախոս դարձա նրանց պատմությունների համար։ Դրանք շատ տարբեր էին, շատ տարբեր էր նաեւ մարդկանց այսօրվա կյանքը, բայց կար մեկ ընդհանուր, միավորող ու գերակա զգացում՝ ցավը»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդրա Լիվերգանտն ասում է՝ ցանկանում են, որ նախագիծը շարունակական լինի.

 

«Դեռ չենք հստակեցրել՝ ինչպես, բայց ուզում ենք, որ այս ամենը պահպանվի ու հավաքագրվի մեկ տեղում»:

 

«Պլանավորում էինք մեր երրորդ երեխային ունենալ վերջապես մեր բնակարանում: Արդյունքում՝ բլոկադայի ընթացքում միջանցքի նորոգումը պետք եղավ ռմբակոծությունների ժամանակ. այնտեղ հարմար էր թաքնվել ամբողջ ընտանիքով»:

 

Աննա Սարգսյան, Ստեփանակերտ

 

«Չեմ հիշում մի հավաքույթ, որ այս բակում սեղան չգցեինք»

 

«Շատ տներ ենք ունեցել, բայց երբ ասում են տուն, չգիտեմ ինչի, միտքս Գիշիի այս տունն է գալիս», - ասում է արցախցի լրագրող, լուսանկարիչ Քնար Բաբայանը.

Քնար Բաբայանի ընտանիքի տունը Քնար Բաբայանի ընտանիքի տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս տանն ապրել եմ Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Այստեղ էին անցնում մեր ամառային արձակուրդներն, իսկ տան բակում՝ բոլոր ընտանեկան միջոցառումները: Չեմ հիշում մի հավաքույթ, որ այս բակում սեղան չգցեինք: Անհավատալի է, բայց առաջին ու վերջին անգամ տունը նկարել եմ 2022թ.գարնանը։ Չգիտեմ՝ ինչ զգացի կամ ինչը դրդեց։ Ուղղակի հանեցի, նկարեցի՝ առանց երկար-բարակ մտածելու»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիշիի տան լուսանկարների կողքին ձեռքով արված մանկական նկար է։

 

«Սա նկարել եմ հինգ տարեկանում՝ 1992-93թ.-ին։ Նկարում իմ պատկերացմամբ Գիշիի մեր տունն է։ Այդ ընթացքում մի քանի ամիս Երեւանում էինք ապրում։ Մաման իմ խնդրանքով գրել էր նկարի վրա ու այն ուղարկել էինք պապայիս՝ Ղարաբաղ: Նա դիրքերում էր: Չի երեւում, բայց նկարի հետեւի կողմում նկարել ենք ձեռքիս ուրվագիծը։ Այն տատիկիս համար էր, որ տեսնի՝ ինչքան եմ մեծացել», - պատմում է Քնար Բաբայանը։  

 

«Մալիբուն» ու տունը, որ «ամեն ինչին դիմացավ»

 

Պատմություններից մեկը լուսանկարիչ Արեգ Բալայանի ընտանեկան կամ «Վալեռի ու Մանուշի» տան՝ «Մալիբուի» մասին է։

 

«Մեր տունն ու հողամասը կատակով անվանում եմ «Մալիբու», քանի որ նախկին Մալիբեյլու բնակավայրի տարածքում է, որը դարձել էր Ստեփանակերտի արվարձաններից մեկը՝ Աջափնյակը:

Արեգ Բալայանի ընտանիքի տունը Արեգ Բալայանի ընտանիքի տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էս տունը տարբեր սերունդների ու նաեւ ազգերի խաչմերուկ էր: Այն կառուցում էինք 12-13 տարի՝ ամբողջ մեծ ընտանիքով: Դրա ընթացքում հավաքույթներն ու մերձմանղալյան զրույցներն անպակաս էին: Էս «խաչմերուկում» շատ ջահելներ սիրահարվեցին, ամուսնացան, ընկերացան, գործընկերացան, ոմանք էլ հասցրեցին «կշտանալ» իրարից: Ու ամենակարեւորը՝ սիրեցին Ղարաբաղը, տեսան Ղարաբաղը: Էս տունը Վալեռի ու Մանուշի տունն ա, որտեղ ցանկացած մարդ կարող էր իրեն ջերմության մեջ զգալ», - լուսանկարին կից գրել է Արեգը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ այլ նկարում երեխան ու շունը նայում են տան պատուհանից։

 

«Հայրիկս գնեց այս տունը Սումգայիթից փախչելուց հետո: Արմատներով արցախցի է՝ Մարտունու շրջանից: Տեղի ունեցած սարսափից հետո ասաց՝ «հայրենիք ենք գնալու»:

Փոքր, մեկհարկանի առանձնատուն է Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ Հակոբյան փողոցում: Կառուցվել է 1940-50-ական թվականներին, բայց շատ պինդ է: Հայրիկս ասում էր՝ «ամեն ինչին կդիմանա»: Այդպես էլ եղավ», - իր տան պատմությունով կիսվել է Լարիսա Սարգսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինա Պետրոսովան սեփական ձեռքերով նորոգել էր տունը 2020թ. պատերազմից հետո.

 

«2020թ. պատերազմից հետո, երբ պապիկն ու տատիկը ողջ չէին, իմ ձեռքերով վերանորոգեցի տունը: Մենք այնտեղ հավաքվում էինք ընկերներով, շփվում, ֆիլմեր դիտում: Տանը միշտ շատ հյուրեր կային: Երբեք չէինք փակում տան դուռն ու դարպասը: Բանալին միշտ կախված էր մուտքի մոտ: Հեռանալուց էլ այն թողեցի նույն տեղում»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին