Արցախցիներին աջակցող ՀԲԸՄ նախաձեռնությունները եւ դրանց միացած կամավորները - Mediamax.am

exclusive
1490 դիտում

Արցախցիներին աջակցող ՀԲԸՄ նախաձեռնությունները եւ դրանց միացած կամավորները


Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ծրագրերում առանցքային դեր ունեն կամավորական նախաձեռնությունները, որոնք յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրներից տասնյակ կամավորների են համախմբում Հայաստանում: Այս տարի բարեգործական ծրագրերին նրանց ներգրավումն առավել քան կարեւոր էր՝ Արցախից բռնի տեղահանված հայերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:

 

Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած հայրենակիցներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով ՀԲԸՄ-ն եւ WCK-ը (World Central Kitchen) ամենօրյա տաք սննդով ապահովելու ծրագիր նախաձեռնեցին: Նախաձեռնությանը միացել են թե՛ հայազգի, թե՛ օտարազգի կամավորներ, որոնք, ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում հասցրել են բաշխել 28 000 պարենային տուփ եւ շուրջ 340 000 չափաբաժին տաք կերակուր։

Լուսանկարը` ՀԲԸՄ

Սննդի ապահովման ծրագրին զուգահեռ կամավորներն ակտիվ միացել են ՀԲԸՄ-ի եւս մեկ՝ «Հայե՛ր, համախմբվե՛ք» (ACT) նախաձեռնությանը, որը մեկնարկել էր դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: ACТ-ը ներկայում կիսում է հայրենազրկված արցախցիների հոգսերը տարբեր բնագավառներում:

 

«Ծրագրի նպատակն այս երեք տարվա ընթացքում փոխվել է: Առաջին տարին պատերազմից հետո կամավորները մարդկանց հագուստ, առաջին անհրաժեշտության այլ իրեր էին բաժանում: Երկրորդ տարում պատերազմից հետո Արցախից Հայաստանի սահմանամերձ համայնքներ տեղափոխված մարդկանց մեր կամավորների խմբերը օգնում էին տների բարեկարգման, այգիների մշակման հարցում: 2023 թվականի սկզբում որոշել էինք ուղղություն փոքր-ինչ փոխել, զբաղվել այն համայնքների շենացման հարցերով, որտեղ շատ արցախցիներ էին բնակվում: Օրինակ, Արմավիրի մարզում, մեր կամավորների ջանքերով եւ ֆինանսավորմամբ վերանորոգեցինք երեք դասասենյակ տարբեր դպրոցներում եւ մշակութային կենտրոններում: Այսինքն՝ սա կամավորների համախմբման ծրագիր է, որը Հայաստանին եւ հատկապես արցախցիներին օգնելու նպատակ ունի»,- ասում է ՀԲԸՄ հումանիտար եւ կամավորական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանը:

Լուսանկարը` ՀԲԸՄ

ACT-ի կամավորները միացել են նաեւ միության «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնի կվերականգնման աշխատանքներին, որտեղ արցախահայերը կկարողանան անվճար բուժօգնություն եւ խորհրդատվություն ստանալ: Կենտրոնում կլինեն մանկաբույժի, սրտաբանի, հոգեբանի, գինեկոլոգի, ակնաբույժի եւ ՔԿԱ մասնագետի ծառայություններ:

 

ACT նախաձեռնությանը միանալու եւ բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան էին ժամանել 15 կամավոր՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Սինգապուրից, Ուրուգվայից, Բրազիլիայից եւ Արգենտինայից:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Սինգապուրից Հայաստան ժամանած կամավորներից է Քալիսթա Պետերը մինչ ACT-ին միանալը՝ որեւէ կամավորական աշխատանքի չի մասնակցել:

 

«Երբեք կամավորական աշխատանք չեմ արել, սա իսկապես ինձ համար գոհացնող փորձառություն է՝ օգնել մարդկանց, որոնք տուն են կորցրել եւ գրեթե ոչինչ չունեն: Ես շնորհակալ եմ այս փորձառության համար»,- ասում է Քալիսթան:

 

Կամավորական թիմին Փարիզից միացած Անի Ոսկանյանն էլ որոշել էր երեք շաբաթով գալ Հայաստան, որեւէ ծրագրի միանալ եւ ինչ-որ ձեւ օգտակար լինել արցախցիներին:

 

«Գալուս հենց երկրորդ օրը տեսա ՀԲԸՄ-ի ինստագրամյան հրապարակումն ACT-ի մասին, գրեցի, միացա մյուս կամավորներին: Շատ ոգեւորող է խմբի հետ աշխատելը, որոնց թվում արցախահայերին օգնելու եկած անգամ ոչ հայազգի կամավորներ կան»,- ասում է Անին:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքներին մասնակցելուց բացի՝ ACT նախաձեռնության շրջանակում կամավորները Հայաստանի տարբեր համայնքներում Արցախից տեղահանվածներին բաժանել են ջեռուցիչներ, տաք վերմակներ, մանկական սնունդ:

 

Ալիկ Քուինն էլ, ով կամավորներին է միացել Լոնդոնից, ասում է՝ ուրախ է, որ միացել է այս նախաձեռնությանը. «Իսկապես վայելում եմ այն, ինչ անում եմ: Շատ ուրախ եմ, որ հանդիպում ենք Արցախից տեղահանված երեխաներին, նրանք իսկապես բոլորիս օգնության կարիքն ունեն այս պահին»:

 

ACT-ը շատերի համար նաեւ հայրենիք գալու հնարավորություն է դարձել:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Մեկ շաբաթ մասնակցել եմ ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությանը: Այն ինձ առիթ տվեց, որ Հայաստան գամ եւ որքանով հնարավոր է օգնեմ մարդկանց»,- ասում է կամավորներից Րաֆֆի Քելեշյանը եւ խորհուրդ տալիս՝ «ով առիթ ունենա թող մասնակցի եւ օգնի մեր հայրենակիցներին»:

 

ACT-ը տարվա ընթացքում 4-5 անգամ կամավորների խմբեր է ընդունում, իսկ այս երեք տարվա ընթացքում այս նախաձեռնությամբ արդեն 150-ից ավելի կամավոր է եկել Հայաստան:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Ինեսսա Մարգարյանի խոսքով՝ սփյուռքից Հայաստանին եւ արցախցիներին աջակցելու ցանկությունից եւ պատրաստակամությունից ելնելով՝ ՀԲԸՄ-ն այս տարի մեկնարկել է նաեւ «Բարեգործական ուրբաթ» նախաձեռնությունը:

 

«Մեր միությունը մի շարք դպրոցներ, թատերախմբեր ունի տարբեր երկրներում, որոնցից տարվա ընթացքում շատ երիտասարդներ Հայաստան են այցելում: Կամավորական աշխատանքներին իրենց ներգրավելու համար մեկօրյա միջոցառում նախաձեռնեցինք, որը ստացավ «Բարեգործական ուրբաթ» անունը, որի ընթացքում, օրինակ, կամավորները տեսակավորում են ստացած մեծ քանակությամբ հագուստը կամ այլ պարագաները, որոնք հետո բաժանում ենք համայնքներում: Հիմա «Բարեգործական ուրբաթ»-ները շատ ինտենսիվ են դարձել: Դրանց շրջանակում նաեւ միջոցառումներ ենք կազմակերպում արցախցի փոքրիկների համար, կամավորները հանդիպում են նրանց, ժամանակ անցկացնում, ամանորյա նվերներ բաժանում»,- մանրամասնում է Ինեսսա Մարգարյանը:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Բարեգործական ուրբաթ» նախաձեռնությանը արդեն 500-ից ավելի կամավոր է մասնակցել:

 

«Այս ծանր իրավիճակում դրական փաստն այն է, որ այնքան է ակտիվացել սփյուռքը, հատկապես երիտասարդները, որոնք ամեն ինչ անում են, անգամ իրենց հաշվին արձակուրդ են վերցնում, որ կարողանան գալ եւ ինչ-որ կերպ օգտակար լինել այստեղ»,- նշում է նա:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին