Փյոդոր դային, Կառլսոնն ու օտող-խմող կյուլը՝ Պարույր Ներսիսյանի «արցախյան» մուլտերում - Mediamax.am

exclusive
35242 դիտում

Փյոդոր դային, Կառլսոնն ու օտող-խմող կյուլը՝ Պարույր Ներսիսյանի «արցախյան» մուլտերում


Պարույր Ներսիսյանը
Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարույր Ներսիսյանը
Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարույր Ներսիսյանը
Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարույր Ներսիսյանը
Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յանա Շախրամանյանը զրուցում է Պարույր Ներսիսյանի հետ
Յանա Շախրամանյանը զրուցում է Պարույր Ներսիսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ լսում եմ «պատերազմ» բառն, առաջինն աչքիս առաջ երեխաներն են գալիս: Պատերազմը գողանում է մանկությունը», - ասում է արցախցի ռեժիսոր, դերասան Պարույր Ներսիսյանը:

 

Ինքը եւս պատերազմին զուգահեռ է մեծացել: Ծնվել է 1992թ.-ին՝ Ստեփանակերտում: Ասում է՝ Արցախյան առաջին պատերազմից քիչ բան է հիշում, բայց այն միեւնույն է մնացել է իր ու սերնդակիցների ենթագիտակցության մեջ:

 

Երեխաների համար թեկուզ փոքրիկ, բայց ջերմ ու զվարճալի հիշողություն ստեղծելու նպատակով Պարույրը դեռ կորոնավիրուսի համավարակի օրերին իր տունը վերածել է ձայնագրման ստուդիայի ու սկսել արցախյան բարբառով հնչյունավորել խորհրդային եւ արտասահմանյան հայտնի մուլտֆիլմերը։

 

2023թ. սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո հասկացել է՝ այժմ այդ գործն առավել քան կարեւոր է։

 

Կորոնավիրուսի օրերին վերհիշած մանկական սովորությունը

 

Մանկությունս Արցախում է անցել։ Հետպատերազմյան դժվար տարիներն էին, ամեն ինչի պակաս կար, բայց միեւնույն է՝ բազմաթիվ ջերմ հիշողություններ ունեմ այդ օրերից։ 15 տարեկանից հաճախում էի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ստուդիա։ Այն ավարտելուց հետո շարունակեցի աշխատանքս որպես դերասան։

 

Թատրոնի, կինոյի ոլորտը շատ էր գրավում ու զինվորական ծառայությունից հետո որոշեցի բարձրագույն կրթություն ստանալ։ Ընտրեցի ռեժիսորի մասնագիտությունը, սովորելու համար տեղափոխվեցի Երեւան ու մնացի։ Արցախի հետ կապը միշտ կար, շատ հաճախ էի գնում, բայց հիմնական աշխատանքս Երեւանում էր՝ թատրոնի ու կինոյի ոլորտում։

Պարույր Ներսիսյանը Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկությունից մնացած հաճելի հիշողություններից մեկը հեռուստացույցով ցուցադրվող մուլտֆիլմերն էին։ Երբ պատրաստ էինք ամեն ինչ թողնել ու բակից տուն վազել մեր սիրելի մուլտը նայելու համար։ Այդ ժամանակ մի սովորություն ունեի։ Մուլտֆիլմը նայելուն զուգահեռ մտքում այն վերարտադրում էի արցախյան բարբառով։ 2020թ.-ի գարնանը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաունի ընթացքում, հիշեցի այդ սովորությունս ու որոշեցի գործի դնել (ժպտում է – հեղ.)։ Մտածեցի՝ կարելի է ընտրել հայտնի մուլտֆիլմեր ու դրանք հնչյունավորել արցախյան բարբառով։ Արդյունքում ե՛ւ ես կցրվեի տանը փակված, ե՛ւ փոքրիկները կնայեին, կուրախանային։

 

Առաջին հնչյունավորած մուլտֆիլմը՝ «Կեշա»-ն, հրապարակելուց հետո բազմաթիվ դրական արձագանքներ ստացա։ Ձայնագրությունները տանն էի անում, կային տեխնիկական թերություններ, բայց մարդիկ սիրեցին միտքը։ Ընդ որում, ոչ միայն արցախցիներն ու ոչ միայն երեխաները։ Օրինակ՝ լոռեցի ընկերներիցս մեկն առաջարկեց նույնն անել Լոռու բարբառով։

 

«Մուլծիկի ձայնը»

 

Առաջին մուլտֆիլմին հաջորդեցին մյուսները։ Քիչ-քիչ արցախյան բարբառով «խոսեցին» Կառլսոնը, Չեբուռաշկան, «օտող-խմող կյուլն» ու Փյոդոր դային՝ Պրոստակվաշինոյի «дядя Федор»-ն էլի (ծիծաղում է – հեղ.)։ Երեխաներին շատ էր դուր գալիս ու սա ինձ ոգեւորում էր։

Պարույր Ներսիսյանը Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի օր զանգել էի Ստեփանակերտ՝ ընկերոջս, զրուցում էինք։ Իր երեխան, որ այդ ժամանակ 5-6 տարեկան էր, անընդհատ պտտվում էր հոր շուրջն ու խնդրում հեռախոսը։ Ինձ չէր ճանաչում, ուղղակի երեխայական կամակորություն էր անում ու ուզում անպայման խոսել հեռախոսով։ Ընկերս փոխանցեց, երեխայի հետ մի քանի բառ խոսեցի, մեկ էլ լսում եմ՝ հայրիկին ասում է՝ «վա՜յ, պապա, էս էն մուլծիկի ձայնն ա»։ Ընկերս երեխայի համար պարբերաբար միացնում էր մուլտերն ու փաստորեն ձայնս այդքան տպավորվել էր։

 

 

2020թ. Արցախյան պատերազմից հետո հնչյունավորման գործը չշարունակեցի։ Ոչ մի կերպ չէի տրամադրվում։ Հիմա շատ եմ ափսոսում, որովհետեւ նման նախագծերը պետք է շարունակել հատկապես դժվար օրերին։ 2023թ. սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած նոր պատերազմից, մարդկանց բռնի տեղահանումից հետո արցախյան բարբառի պահպանումն օրակարգային դարձավ։ Որոշեցի, որ հնչյունավորումը պետք է անպայման վերսկսել։ Ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրելուց հետո բազմաթիվ մարդիկ արձագանքեցին։ Ընկերներիցս շատերն առաջարկեցին ձայնագրման ստուդիա տրամադրել, մյուսները ցանկություն հայտնեցին մասնակցել հնչյունավորմանը։ Այնպես որ, կարծում եմ՝ այս անգամ հնչյունավորումը կլինի առավել որակյալ ու բազմաձայն։   

 

Հետագայում նպատակ ունեմ նաեւ զրոյից մուլտֆիլմեր ստեղծել: Նույնիսկ որոշ էսքիզներ ունեմ, որոնց հիմքում արցախյան հեքիաթներն են։

                                                             

***

 

-    Էս հի՞նչ ա՝ չը՛խկ հա չըխկ, չը՛խկ հա չխըկ, - հարցնում է Բոբիկը։

-    Էս սհաթ ա: Հո՞ւնց ասիմ քեզ: Սհաթ ա լի, քինամ ա, - պատասխանում է տանտեր Բարբոսը:

-    Հո՞ւնց թա է քինամ ա: Բա վոնները ո՞ւր ա, - զարմանում է Բոբիկը:

-    Դե ասում են, որ քինամ ա, բայց սաղ վախտը չը՛խկ հա չըխկ, հետո էլ թխում ա:

-    Բո՜, կռի՞վ էլ ա անում:

-    Չէ, թխում չի լի, զանգ ա տամ՝ բո՜մ-բո՜մ:

 

(Հատված «Բոբիկը հյուր է գնում Բարբոսին» մուլտֆիլմի հնչյունավորուման տեքստից, որն առավել հայտնի է «Человек собаке друг» երգով)։

 

                                                         ***

Սհաթը, վեր թխում ա

 

Արցախյան բարբառով մուլտֆիլմերի ազդեցությունը շատ լավ զգացել եմ տղայիս օրինակով։ Յոթ տարեկան է, Երեւանում է ծնվել ու չէր տիրապետում բարբառին։ Մուլտերի շնորհիվ սկսեց հետաքրքրվել, ամեն անհասկանալի բառը գալ, հարցնել ու սովորել։ Նրան ամենաշատը հետաքրքրում էին բառերը, որոնք գրական հայերենում կիրառվողներին նման են, բայց բոլորովին այլ նշանակություն ունեն։

 

 

Օրինակ՝ մուլտֆիլմերից մեկում արտահայտություն կա՝ «սհաթը թխում ա» (բառացի - ժամացույցը խփում է)։ «Թխել» բառի այս կիրառության վրա շատ էր զարմացել, ասում էր՝ «պապա, բայց թխելը հաց թխելը չի՞»։ Բացատրեցի, որ Արցախում «թխելը» զարկել, խփել իմաստն ունի։ Հիմա արդեն ինքն է խնդրում, որ հետը բարբառով խոսեմ։ Նրան տեսնելով հասկացա՝ ինչպես կարող են «աշխատել» այս մուլտֆիլմերը։

 

Բարբառը՝ ինքնության մաս

 

Մի հետաքրքիր, պարզ բան եմ նկատել շատերի մոտ։ Կապ չունի՝ մարդն Արցախից է, Լոռիից, թե Շիրակից, երբ իր բարբառով է խոսում, լիովին փոխվում է։ Տարբեր մարզերից ընկերներ ունեմ, որոնք հիանալի խոսում են գրական հայերենով, բայց հենց սկսում են իրենց բարբառով խոսել, փոխվում է նույնիսկ դեմքի արտահայտությունը, միմիկան։ Ավելի պարզ, իրական ու անմիջական են դառնում։ Այդ պահին մոտս զգացողություն է, որ մարդուն տեսնում եմ առավելագույնս բաց ու բնական վիճակով։ Բարբառը մարդու ինքնության կարեւորագույն մաս է ու այն կիրառելիս նա, կարծես, հետ գա արմատներին ու իր ինքնության հետ լիովին հաշտ դառնա։

Պարույր Ներսիսյանը Պարույր Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարբառային շատ արտահայտություններ կան, որ ինքս էլ ամենօրյա խոսքում կիրառում եմ՝ «ամալա կյամ», «լոխ լավ ա ինան»։ Բայց ամենասիրելի արտահայտությունը պապիցս է մնացել։ Երբ մոտն ինչ-որ գործ չէր ստացվում, զայրացած ասում էր՝ «մաշկեդ հոռը կոտրե», մոտավոր թարգմանությամբ՝ «ողնաշարդ կոտրվի»։ Հիմա էլ ես, երբ շատ եմ ջղայնանում, հայհոյանքի փոխարեն կիրառում եմ (ժպտում է - հեղ.):

 

Ապահով ու ջերմ աշխարհը, որ պետք է երեխաներին

 

Հիմա հիմնական նպատակներիցս մեկը կյանքի ծանր փուլում հայտնված երեխաների համար մի ապահով ու ջերմ բան ստեղծելն է, որն իրենց համար մանկության սիրուն հիշողություն կդառնա, կլինի հարազատ, իրենց բարբառով: Երբ ինձ մոտ ասում են «պատերազմ», առաջինը մտքիս երեխաներն են գալիս: Նայում եմ նրանց ու զգում, որ իրենց մանկությունը գողանում են։

 

Մեծ հույս ունեմ, որ հարազատ բարբառով մուլտ նայելու ընթացքում կկարողանան թեկուզ 15 րոպեով կտրվել պատերազմից, կորուստներից, իրականությունից, որը շատ ցավոտ է: Մեծերն ինչ-որ չափով հասկանում են տեղի ունեցողը, կարողանում են վերլուծել այն: Երեխաների դեպքում նրանց ուղղակի մի օրում կտրում, դուրս են քաշում ինչ-որ հեքիաթային, երազանքների աշխարհից ու տեղափոխում բոլորովին այլ իրականություն:

Յանա Շախրամանյանը զրուցում է Պարույր Ներսիսյանի հետ Յանա Շախրամանյանը զրուցում է Պարույր Ներսիսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասացի, որ ափսոսում եմ 2020թ. պատերազմից հետո հնչյունավորումը չշարունակելու որոշման համար: Ինձ մոտ այդ պահին ինչ-որ առումով հաղթեց եսասիրությունը։ Բոլորի նման ծանր հոգեբանական վիճակում էի, փակվել էի իմ մեջ, ոչ մի բանում իմաստ չէի տեսնում։ Բայց չէ՞ որ երեխաների համար եւս ծանր էր։  Ցանկացած պատերազմից, աղետից հետո պետք է շարունակել այն, ինչը կարող է ջերմացնել ու հույս տալ դիմացինին։ Սա էլ է պատերազմ, որից փախչել, խուսափել, այն մերժել չես կարող: Եթե «ձեռքիցս գալիս է» մի բան, ինչը գոնե մի քանի րոպեով կուրախացնի մեկ երեխայի, անպայման պետք է շարունակեմ գործել։  

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին