«Շատ դժվար է մերժել Աստծուն, մանավանդ երբ չգիտես՝ ում ես մերժում» - Mediamax.am

exclusive
4122 դիտում

«Շատ դժվար է մերժել Աստծուն, մանավանդ երբ չգիտես՝ ում ես մերժում»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Փախչանյանը
Արամ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդան Ասլանյանը
Վարդան Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աստծո գոյության ու կրոնի անհրաժեշտության մասին քննարկումները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են հասարակության ու նաեւ առանձին անհատների կյանքում։ Աստծուն ու ճշմարտությունը փնտրելու ճանապարհին հատկապես երիտասարդները    հաճախ տրվում են աստվածամերժ ազդեցությունների։

 

Հավատա՞լ, ժխտե՞լ, կասկածե՞լ, թե առհասարակ չմտածել Աստծո գոյության մասին։ «Այբ» դպրոցում «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական հանդիպմանը «Աթեիզմ, ագնոստիցիզմ, սկեպտիցիզմ» թեմայի մասին են խոսել «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, փիլիսոփայական եւ աստվածաբանական գիտությունների թեկնածու, սարկավագ Վարդան Ասլանյանը եւ «Այբ» դպրոցի համահիմնադիր, աստվածաբան Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։

 

Կարո՞ղ են աթեիզմը, ագնոստիցիզն ու սկեպտիցիզմը պատասխանել մարդկային կյանքի հիմնական հարցադրումներին ու որոնումներին

 

Վարդան Ասլանյան

 

Երբ ասում ենք սկեպտիցիզմ կամ սկեպտիկ, առաջինը զուգորդում ենք ամեն ինչին կասկածող մարդու հետ։ Բայց եթե անդրադառնանք բառի ստուգաբանությանը, իմաստը ոչ թե կասկածն է, այլ՝ հետազոտումը, երբ մարդը փորձում է հետազոտել ամեն բան, գտնել ամեն ինչի հիմնավոր պատասխանները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Առողջ կասկածը, առողջ քննադատությունը տեղ ունի ցանկացած հավատացյալի կյանքում։ Պատկերացրեք՝ որքան միամիտ եւ սնահավատ կլիներ մեր հավատը, եթե նախ կասկածով, առողջ սկեպսիսով չառաջնորդվեինք։ Այդ դեպքում մենք ցանկացած գերբնական թվացող երեւույթ միանգամից հավատի կառնեինք։

Վարդան Ասլանյանը Վարդան Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստված, լինելով այս տիեզերքում գերագույն գոյը, գերագույն բանականությունը, բնավ չի վախենում մեր քննող, կասկածող հայացքից։ Ավետարանում էլ Քրիստոս ասում է՝ քննեցեք եւ տեսեք, այսինքն՝ նախ պետք է քննության առնել այն ամենը, ինչին ուզում ենք հավատալ, ինչում ուզում ենք համոզվել։ Դրախտում Ադամն ու Եվան ճաշակեցին արգելված պտղից, եւ դա նրանց չարգելվեց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Աստված հնարավորություն տվեց մարդուն գործադրել իր ազատ կամքը, իր մտածողությունը, եւ այն, ինչ նա հավատի չառավ՝ չհավատաց Աստծուն, որ չպետք է ճաշակի այդ պտղից, թույլ տրվեց, որ փորձով համոզվի դրանում։

 

Փիլիսոփայության մեջ ագնոստիցիզմը մեկնաբանվում է որպես իմացության, ճանաչողության հնարավորության հերքում. հնարավոր չէ որեւէ ոլորտում ինչ-որ բան իմանալ։ Երբ սա տեղափոխում ենք կրոնի եւ հավատի դաշտ, նշանակում է, որ մենք ընդհանրապես հնարավոր չենք համարում Աստծո գոյության մասին խոսելը՝ սա ո՛չ ապացուցելի է, ո՛չ հերքելի։ Սա, կարծում եմ, ամենաածայրահեղ եւ ամենավտանգավոր մոտեցումն է այն առումով, որ ագնոստիկն իր մտքից ընդհանրապես հանում է Աստծո մասին մտածելու անհրաժեշտությունը։ Մեր հասարակությունը լի է ագնոստիկներով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աթեիզմը հին դարերում կամ միջնադարում հասարակության կողմից մերժելի ու խոտելի բան էր։ Չկային մարդիկ, որ հայտարարեին, թե իրենք աթեիստներ են. բոլոր փիլիսոփաները, գիտնականներն այս կամ այն կերպ հավատացել են Աստծո, աստվածների կամ գերբնական ուժի գորությանը։ Եվ միայն լուսավորության դարաշրջանում է, որ Վոլտերն ու այլ լուսավորյալներ, հավատալով բանականության լույսի ուժին, հայտարարեցին, որ իրենք կարող են բանականությամբ, գիտությամբ ամեն ինչ բացատրել եւ այլեւս կարիք չունեն Աստծո մասին խորհելու։

 

Աթեիզմը չի ենթադրում ամբողջական գաղափարախոսություն․ամեն մարդ սուբյեկտիվորեն ունի փաստարկներ, որոնց հետեւելով՝ չի հավատում Աստծուն կամ դեմ է Աստծո գաղափարին։ Բայց աթեիստները, անգամ հակառակվելով, միեւնույն է, երկխոսում են Աստծո հետ։ Դա նշանակում է՝ միշտ հնարավոր է, որ իրենց հայացքը, մոտեցումները փոխվեն, եւ վերածվեն ջերմեռանդ հավատացյալների։ Պատմությունը լի է այդպիսի դեպքերով։

 

Արամ Փախչանյան

 

Աթեիստի կյանքը պայքար է հողմաղացների դեմ. նրա հետ ոչ ոք չի ուզում պայքարել, բայց նա շարունակում է պայքարը, որովհետեւ իր կյանքի նպատակը, իր առաքելությունն է մարդկանց աչքերը բացել։ Նրա կարծիքով՝ մարդիկ աշխարհը սխալ են տեսնում, բայց թե որն է իրական ճշմարտությունը, նա չի կարողանում ասել։

 

Դա էր սովետական գիտական աթեիզմի ամբողջ միտքը՝ սկզբում մարդկանց ազատենք Աստծո գոյության գաղափարից, հետո այդ ազատ տեղը մի բանով կլցնենք։ Բայց դրա փոխարեն մարդը սկսեց ուրիշ բաների հավատալ, շատերը հավատացին կապիտալիստական գաղափարներին, երկիրը շուռ տվեցին, դարձրին կապիտալիստական։ Պետք է հասկանալ, որ եթե մարդուն զրկում ես հոգեւոր արժեքներից, այդ դատարկ տեղն առաջին հերթին լցվելու է նյութականով։ Հետո այդ մարդուն հետ բերելը շատ ավելի դժվար է լինում։

Արամ Փախչանյանը Արամ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկեպտիկի հիմնական խնդիրն այն է, որ ինքն անընդհատ պայքարում է իր հետ։ Եթե դու անընդհատ կասկածի տակ ես դնում այն, ինչի վրա փորձում ես հենվել, սկսում ես այլ հենակետ փնտրել, ու այդպես ամբողջ կյանքում։

 

Սկեպտիկները բավականին նյարդային են, որովհետեւ անընդհատ ներքին կասկածի հոգեվիճակի մեջ են, ներքին կասկածն իրենց կրծում, ուտում է։ Երբ ես երեխաների հետ խոսում եմ քննադատական մտածողության մասին, միշտ ասում եմ՝ պետք է կասկածի տակ դնես ոչ թե ամեն ինչ, այլ՝ քո սեփական ընկալումը, որովհետեւ այդ պահին է, որ դու որոշում ես կայացնում։ Հավատալը շատ ավելի կարեւոր է, քան՝ չհավատալը։ Սխալ հավատի ազդեցությունը մարդու վրա ավելի քիչ է, քան՝ բացարձակ չհավատալու։ Հավատալն ավելի առողջ բան է, քան՝ չհավատալը։    

 

Ամենադաժան պատկերն ագնոստիկինն է, որովհետեւ նա չգիտի՝ ինչին է հավատում, անընդհատ փոխում է իր հավատները։ Բայց այդպիսի սկզբունք չունեցող մարդուն ոչ ոք չի հավատում։

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան

 

Այս տեսություններն ի սկզբանե ինքնաբավ չեն։ Դրանք կա՛մ բացահայտ մերժում են, կա՛մ խուսափում են բացահայտ պատասխանից, կա՛մ կասկածի տակ են դնում որոշակի իրողություններ, որոնց մասին չգիտեն։ Շատ դժվար բան է մերժել Աստծուն, մանավանդ՝ եթե չես ճանաչում, չգիտես՝ ում ես մերժում, ինչն ես մերժում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբեմն գիտնականներն են փորձում իրենց հեղինակությամբ մտնել այս ոլորտ՝ չունենալով այս ասպարեզում տարրական գիտելիք։ Երբ սովորում էի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, իմ գիտական մակրողեկավարն ակադեմիկոս Գինսբուրգն էր՝ աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նա թունդ աթեիստ էր, եւ փորձեց հրապարակային բանավեճի մեջ մտնել ռուս եկեղեցու շատ հայտնի մի աստվածաբանի՝ սարկավագ Կուրաեւի հետ։ Գինսբուրգը սարսափելի վիճակի մեջ ընկավ, ուղղակի խայտառակ եղավ տարրական գիտելիքների բացակայության պատճառով։ Նույնը ես կասեի Բերտրան Ռասելի՝ «Ինչո՞ւ ես քրիստոնյա չեմ» էսսեի մասին։ Զարմացնում է, որ այդ մասշտաբի գիտնականն այդքան մակերեսային պատկերացումներ ունի քրիստոնեության եւ հոգեւորի մասին, բայց փորձում է դա բարձրաձայնել եւ ազդել անփորձ մարդկային մտքերի վրա։

 

Այս երեք աստվածամերժ տեսանկյունները շատ հաճախ այնքան էլ հիմնավորված չեն եւ հոգեւորի ճանաչողության տեսանկյունից ունեն մեծ բացեր։ Դրանք նաեւ իրար հետ են վիճում, իրար հետ հակասության մեջ են. չկա մի ընդհանուր աստվածամերժ ճակատ, չկա գաղափարական միասնություն։ Սա ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ընդդեմ ինչ-որ բանի է։ Հետեւաբար դժվար է պատկերացնել, որ այս գաղափարները կարող են ռեալ առաջնորդել մարդկանց։

 

Ամուր հոգեւոր համակարգ՝ ի հակադրություն տեխնոլոգիաների կործանարար ազդեցությանը

 

Արամ Փախչանյան

 

Դպրոցներում ու համալսարաններում հիմա սովորեցնում են լինել ինքնուրույն մտածող, քննել ամեն բան եւ ինքնուրույն որոշում կայացնել։ Բայց չեն տալիս կարեւոր հարց՝ ինչի՞ հիման վրա ես քննում, որտեղի՞ց են գալիս քո համոզմունքները։ Երբ երիտասարդը սկսում է խորանալ իր սեփական համոզմունքների մեջ, հայտնաբերում է, որ իր ուղեղում խայտաբղետ իրականություն է, որը հիմնականում ձեւավորված է մանկության տարիների չգիտակցված ընկալումներից։ Բայց նրան ասում են՝ դու ես քո հեղինակությունը եւ այդ բարձունքից դատիր մնացածներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրան ավելանում է սկեպտիցիզմը․ ես ոչ մեկին ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ չունեմ հոմոզիչ փաստարկ։ Անգամ եթե ես ունենում եմ ուժեղ զգացողություն, որն ինձ՝ որպես երիտասարդի, անձնավորության անհասկանալի է, լռում եմ դրա մասին։ Ստացվում է՝ այդ հոգեւոր փորձառությունը չի կիսվում, չի տարածվում, քանի որ լռեցվում է այն հրամայականով, որ դուք պետք է համոզիչ լինեք։

 

Յունգն ասում է, որ մարդու գիտակցությունից եւ ենթագիտակցությունից բացի կա վերգիտակցություն՝ մի տեղ, որը հասանելի է միայն հոգեւորի համար, որտեղ ապրում է Աստծո ընկալումը։ Այսինքն՝ մարդու մեջ ստեղծված է Աստծո նկատմամբ հավատի «մեխանիզմը»։ Եվ եթե դու նրան չես ուղղորդում, որ այդ տեղը լրացնի՝ հիմնվելով մարդկանց կուտակած դարավոր փորձի վրա, նա այդ բացը լրացնելու է սեփական փնտրտուքների հիման վրա՝ հաճախ վերադառնալով նախկին դարերի, մութ ժամանակների, բազմաստվածության ստանդարտներին։ Այդ տեղում ինչ ասես՝ կարող է առաջանել, բայց մի բան առաջանալու է։ Այդ «մի բանի» համար շատ լավ պայքար է գնում։ Շատերն ուզում են առաջացնել այն, ինչ իրենց է պետք, եւ երիտասարդներն ընկնում են տարբեր թակարդները։

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան

 

Քննական մտածողություն չի նշանակում հակառակության հոգի։ Քննական մտածողությունը միայն այն դեպքում արժեք ունի, եթե տանում է ինքնաճանաչողության, ինքնաքննության եւ ինքնաքննադատության։ Այլապես դու քեզ երբեք չես մեղադրելու, բայց բոլորին մեղավոր ես համարելու։ Մինչդեռ մարդու հոգեկան առողջությունը սկսվում է այն ժամանակ, երբ տեսնում է իր սխալները, կարողանում է ունենալ առողջ ինքնաքննադատություն եւ ինքն իրեն ազատագրել այդ սխալներից։

 

Բայց ժամանակակից կրթության մեջ ես չեմ տեսնում այդ գործիքակազմը։ Մարդը դպրոցներ, համալսարաններ է ավարտում, բայց էմոցիոնալ խելամտության, որպես մարդ զարգացածության տեսանկյունից կարող է մանկապարտեզի երեխայի մակարդակ ունենալ։ Ծանրաբեռնված է ուղեղները, բայց էմոցիոնալ տեսանկյունից թերզարգացած մարդիկ են, երբեք իրենց վրա չեն աշխատել, իրենց սխալների անալիզով չեն զբաղվել։

 

Եթե կրթությունը չի տալիս ինքս ինձ գտնելու հնավարովություն, դառնում է վտանգավոր, ինձ անընդհատ շեղում է ճշմարտությունից։ Ժամանակակից մարդկությունը, երիտասարդությունը կարող ես մի բառով բնորոշել՝  ներկայության բացակայություն։ Իրենք ուրիշ տեղում են՝ հեռախոսների մեջ, վիրտուալ տիրույթներում, ցրված են, տարրալուծված են։ Վերջերս մի շատ նշանավոր մաթեմատիկոսի հետ էի խոսում, որը զբաղվում է լուրջ մաթեմատիկական ուսումնասիրություններով, հատկապես՝ սոցիալական ոլորտներում, պատմում էր այդ տեխնոլոգիաների մասին, թե ինչպես ես մեկ-երկու-երեք-չորս սինխրոնացված ստեր գցում վիրտուալ տարածքներ եւ ինչպես են դրանք աղավաղում մարդկային հոգեբանությունը։ Իսկ մենք նույնիսկ չգիտենք դրա մասին։ Մարդը պետք է ունենա ամուր հոգեւոր համակարգ, խորը ինքնաճանաչողություն, որպեսզի կարողանա զգուշանալ տեխնոլոգիաների կործանարար ազդեցություններից։

 

Ճշմարտություններ, որ գիտությունը չի կարող բացահայտել

 

Վարդան Ասլանյան

 

Գիտությունը ո՛չ կարող է հերքել, ո՛չ հաստատել Աստծո գոյությունը։ Հավատի անհրաժեշտությունը գիտության իրավասության ոլորտը չէ։ Նույն գիտական փաստը, հայտնագործությունը կարող են ծառայեցնել հօգուտ իրենց ե՛ւ աթեիստները, ե՛ւ հավատացյալները։ Դիքցուք, ֆիզիկայի հայտնագործությունները կարող են հավատացյալին ավելի ամրացնել իր հավատի մեջ, որ՝ այո՛, եթե տիեզերքն այսպիսի կարգավորություն ունի, ուրեմն կա Արարիչ։ Մյուս կողմից էլ աթեիստը կարող է ասել՝ եթե մենք խելացի ենք, որ կարող ենք գիտությամբ բացատրել այս ամենը, ուրեմն՝ մեզ Արարիչ պետք չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստծո գոյությունը ե՛ւ ակնհայտ իրողություն է, ե՛ւ ծածուկ միեւնույն ժամանակ։ Դա հանճարեղ աստվածային նախախնամություն է։ Աստծո համար դժվար չէր լինի ամպերի վերեւից գոռգռալ ամենքիս վրա, հայտնել, որ ինքը կա, եւ մենք կհավատայինք։ Բայց ինչպե՞ս։ Բռնի։ Աստծուն պետք չէ բռնի հավատք կամ բռնի սեր։ Աստված թույլ է տալիս, որ ամենքը կամավոր գան դեպի իրեն։

 

Արամ Փախչանյան

 

Հավատքը՝ որպես ճանաչողության միջոց գիտությանը հակադրելը գիտության ոչնչացմանն ուղղված ամենակարեւոր քայլն է եղել այն մարդկանց կողմից, որոնք իրականում գիտությունը չէին ճանաչում, չէին հասկանում, բայց որոշեցին այն օգտագործել՝ իրենց անձնային շահերը, հավատքի դեմ պայքարն առաջ տանելու համար։

 

Գիտությունը ճանաչողության ձեւերից մեկն է, եւ այն բացարձակացնելը շատ վտանգավոր է։ Այսօր հանրության հավատը գիտության նկատմամբ գնալով նվազում է, որովհետեւ հենց գիտությունը դառնում է գիտության պաշտամունք, վերածվում է սնահավատության։ Սկսում ենք գիտությունից ակնկալել այն, ինչ չի կարող տալ, բայց մեկ էլ հայտնվում են մարդիկ, որ գիտության անունից սկսում են տալ այդ ակնկալածը, ու դու չգիտես՝ այս մարդու հետեւում ինչ կա։ Գուցե իր նեղ ոլորտում մի բան արած գիտնական է, բայց դա չի նշանակում, որ կարող է բեմ դուրս գալ, խոսել ամեն ինչից, պնդումներ անել աշխարհի, Աստծո մասին ու ակնկալել, որ իրեն հավատանք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտությունը դարձել է պաշտամունքի առարկա եւ գիտության ֆինանսավորումը վերածվել է՝ թող մեզ մի նոր, հավես բան պատմեն, որ մենք ոգեւորվենք ու գումար տանք։ Գիտնականները, տարվելով պոզիտիվիզմով եւ մերժելով այլ ճանապարհներով ճշմարտությունը ճանաչելու հնարավորությունը, պնդելով, որ միայն իրենք են այդ ճշմարտությունը բերողը, իրենց դրել են ծաղրածուի դերում։ Իսկ այն գիտնականները, որոնք այդպես չեն մտածում, դարձել են փոքրամասնություն։ Կենսաբանության ոլորտում հավատացյալ կենսաբաններին բառացիորեն հետապնդում են, նրանց հոդվածները չեն հրապարակում, նրանց ասածները ենթարկում են հակահարձակման։

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան

 

Արդյոք միայն գիտությո՞ւնն է խոսում ճշմարտությունից կամ ճշմարտության բացահայտման ճանապարհն է։ Ամենեւին՝ ոչ, ռացիոնալիզմը շատ ավելի լայն հասկացողություն է, քան՝ գիտությունը։ Գիտությունը կյանքի շատ նեղ հարցերի է պատասխանում։ Միայն Շեքսպիրը կյանքին վերաբերող շատ ավելի ճշմարտություններ է բացահայտել, քան՝ բոլոր գիտնակնները միասին վերցրած։ Առանց գիտության կարող ես ապրել, բայց առանց այդ ճշմարտությունների չես կարող։ Ճանաչողությունը շատ ավելի լայն պրոցես է, քան, այսպես կոչված, «գիտական ճանաչողությունը»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես շատ հարգում եմ գիտական մեթոդը, եւ միշտ, անգամ աշակերտների հետ շփվելիս, ասում եմ՝ փորձեք կիրառել գիտական մեթոդը ինքնաճանաչողության համար։ Գիտական մեթոդի մեջ մի կարեւոր դերակատար կա։ Ես պետք է փորձ դնեմ, արդյունքներ ունենամ։ Բայց որպեսզի իմ արդյունքներն օբյեկտիվ լինեն, պետք է անկախ դիտորդ ունենամ։ Եթե անկախ դիտորդ չլինի կամ ես լինեմ իմ դիտորդը, անընդհատ միջամտելու եմ փորձի արդյունքներին, դրանք արժանահավատ չեն լինելու։ Պատկերացրեք, որ դա կիրառում եք ինքնաճանաչողության համար։ Դուք լավ դիտորդ չեք ինքներդ ձեզ համար, անկախ դիտորդի կարիք ունեք, որը, միգուցե շատ խորը հոգեւոր մարդ է, սուրբ է, կարեւոր հեղինակություն է, որը ձեզ չի խաբելու, միշտ ճիշտն է ասելու։ Եթե ես փորձեմ այդ դիտորդի գաղափարը բացարձակացնել, կհանգեմ Աստծո գաղափարին, Աստծո գոյության անհրաժեշտությանն իմ կյանքում։ Առանց այդ բացարձակ աստվածային հայացքի մենք երբեք օբյեկտիվ ճշմարտության չենք հասնի։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարը՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին