Երեւան: Մեդիամաքս: Գաֆէսճեան թանգարանում կայացել է սցենարիստ, դերասան եւ գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում:
«Այսօր հրաշալի հնարավորություն ունենք առնչվելու սիրելի Վարպետի մտքին ու խոսքին, որը հազվադեպ է, ու հենց դրանով էլ ավելի արժեքավոր է դարձնում ասված յուրաքանչյուր բառ։ Շատ կարեւոր է արժեւորել մարդկանց, երբ նրանք այստեղ են՝ մեր կողքին։ Ժամանակները բարդ են, բոլորիս մտքերը՝ բազմաշերտ, եւ այս պայմաններում շատ կարեւոր է խոսել արվեստից ու մշակույթից, արժեւորել մեր ունեցածը եւ դրանից ուժ ստանալ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները», - ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվամբ կինոդպրոց հիմնելու հեռանկարները, որպեսզի ուսանողները, որոնք իրենց ապագան տեսնում են կինոաշխարհում, կարողանան սովորել վարպետից։
Շնորհանդեսի ընթացքում Արտավազդ Փելեշյանը մի դրվագ է պատմել
«Տարիներ առաջ ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի Կիեւ՝ խոսելու Փարաջանովի հետ: Տարբեր թեմաների մասին խոսեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք մեկ ժամից ավելի, եւ երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եկավ: Փոստի աշխատակցուհին էր։ Ասաց, որ վճար չի վերցնելու շուրջ մեկ ժամ տեւած հեռախոսազանգի դիմաց, քանի որ այնպիսի զրույց, ինչպիսին իմ եւ Փարաջանովինն էր, իր կյանքում երբեւէ չէր լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ։ Ես սիրով համաձայնեցի եւ հրավիրեցի հյուրանոց՝ հաջորդ օրը հանդիպելու եւ ծանոթանալու։ Հիանալի մարդ էր այդ կինը։ Մի հերթական զրույցի ժամանակ էլ ասաց՝ ես կարող եմ անվճար խոսել արտերկիր, երբ ցանկանամ։ Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: