Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր ենթատեսակը - Mediamax.am

1366 դիտում

Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր ենթատեսակը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվել։

«Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` XBB 2.3, XBB 2.3.2 (ակրուքս) ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով։ Թեստավորման դրական արդյունքները եւս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%)»,- հայտնել են Առողջապահության նախարարությունից։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: Հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) եւ EG.5 (Eris) տարբերակները։

 

Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության եւ հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար:

 

«Հայաստանում ՍՇՎ եւ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը կանխարգելելու եւ վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` պատվաստվել սեզոնային գրիպի եւ կորոնավիրուսային հիվանդության դեմ, սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության բարձրացում (մինչեւ 38-40◦ C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն, դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման եւ ժամանակին բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու նպատակով»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին