Երեւանում բացվել է «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ կենտրոնը:
Այսուհետ Կողբացի 36/4 հասցեի հինգերորդ հարկում կարելի է ինչպես գնել, այնպես էլ տեղում կարդալ եւ լսել գրքեր, մասնակցել մշակութային քննարկումների:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնը ստեղծվել է «Սոխո Սենթըր» ընկերության կողմից՝ Հայաստանի մշակութային հիմնադրամի հետ համագործակցությամբ:
«Կարծում եմ՝ Երեւանը նման հարթակների պակաս ու անհրաժեշտություն ունի: Հուսանք՝ «Գրքերի աշխարհն» ինչ-որ չափով կլրացնի այդ բացը», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նշել է, որ կենտրոնում, գրքերից բացի, կան նաեւ համակարգիչներ ու էլեկտրոնային գրքեր, որոնք անվճար հասանելի են այցելուներին.
«Այս հարթակը եւ՛ դասական գրախանութ է, որտեղից կարելի է գրքեր գնել, եւ՛ վայր, որտեղ կարող եք կարդալ գրքեր, օգտվել համակարգչներից, ներբեռնել էլեկտրոնային կամ աուդիոգրքեր: Կենտրոնը նախատեսված է նաեւ մշակութային միջոցառումների անցկացման համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Գրքերի աշխարհում» լինելու են շնորհանդեսներ, քննարկումներ: Այն բաց է շաբաթվա բոլոր օրերին՝ առավոտյան ժամը 10:00-ից: Սիրով սպասում ենք ուսանողներին, աշակերտներին, գրքով եւ մշակույթով հետաքրքրվող մարդկանց»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնի բացմանը ներկա Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ասել է, որ նման վայրերը կարող են ձգել մարդկանց դեպի գիրքը.
«Մեր քաղաքում գիրքը պետք է նշանակություն ունենա: Այսօր ընթերցողների թիվը բավարար չէ: Նման կենտրոնները մարդկանց հնարավորություն են տալիս կարդալ, զրուցել ու քննարկել: Սա կարեւոր հարթակ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրողների միության նախագահը կարեւորել է կենտրոնում ներկայացված գրքերի բազմազանությունը:
«Նկատեցի, որ այստեղ գրքերի լայն ընտրություն կա: Կարծում եմ՝ ընթերցասերները կգտնեն հետաքրքիր գրականություն: Ցավոք, որպես գրող, նկատում եմ՝ ժամանակակից գրականությունն այսօր թերագնահատված է:

Այդ մասին պետք է խոսել, քննարկել: Այսպիսի կենտրոններն էլ կարող են քննարկումների վայր դառնալ: Կարծում եմ՝ դա կնպաստի գրականության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը», - ասել է Էդուարդ Միլիտոնյանը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: