Yandex.Taxi-ն ընդլայնում է սոցիալական նախաձեռնությունները Հայաստանում: Ընկերության Yandex Go հավելվածում հունիսին թողարկվել է «Հատուկ հնարավորությունների էկրանը», որը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց տաքսի պատվիրելուց առաջ նախապես տեղեկացնել իրենց պատվերին առնչվող պահանջների մասին: Yandex Go-ն նաեւ սկսում է բարեգործական ուղեւորություններ իրականացնել՝ համագործակցելով հայկական 4 բարեգործական հիմնադրամի հետ:
Մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարվեց բարեգործական ուղեւորությունների մեկնարկը, ինչպես նաեւ Yandex Go-ի եւ հիմնադրամների ներկայացուցիչները մանրամասներ ներկայացրեցին նոր գործիքների եւ համագործակցության մասին:
Հատուկ գործիքները
Սվետլանա Վորոնինա, Yandex Go միջազգային շուկաների սոցիալական նախագծերի ղեկավար
Հունիսին Yandex Go հավելվածում թողարկել է «Հատուկ հնարավորությունների էկրանը»՝ «Օգնեք գտնել մեքենան», «Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում», «Չեմ խոսում, բայց լսում եմ», «Անվասայլակով եմ լինելու» սահմանափակ կարողություններով անձանց համար նախատեսված տարբերակներով: Սա օգնում է նվազեցնել վիճելի իրավիճակների քանակը, որը կարող է առաջանալ օգտվողների եւ վարորդների միջեւ: Խոսքն այն օգտվողների մասին է, որոնք առողջության տեսանկյունից հատուկ ուշադրության կարիք ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հավելվածի հատուկ բաժնում ավելացրած գործիքները բարելավում են մեր ծառայությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Օգտվողը կարող է նախապես նշել, թե իրեն ինչ է անհրաժեշտ է, իսկ վարորդը նախապես տեղեկություն ստանալ պատվերին առնչվող մանրամասների մասին: Նաեւ ձայնային ծանուցման միջոցով ենք կրկնօրինակում այս տեղեկությունը:
Հավելվածում վարորդների համար հայերեն եւ ռուսերեն լեզուներով ուսումնական նյութեր են տեղադրվել, որոնք մշակել ենք մեզ հետ համագործակցող հիմնադրամների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հատուկ գործիքների թողարկումից հետո, որից ընդամենը 1.5 ամիս է անցել, արդեն իրականացվել է ավելի քան 2 000 ուղեւորություն: Իհարկե, մեծ մասը՝ Երեւանում, բայց տեսնում ենք, որ պահանջարկ կա նաեւ այլ քաղաքներում, ինչը վկայում է, որ տեղաշարժման հետ խնդիր ունեցող մարդիկ սկսում են օգտվել այս գործիքից:
Բարեգործական ուղեւորությունները եւ գործընկեր հիմնադրամները
Սվետլանա Վորոնինա
Yandex Go-ն այսուհետ կիրականացնի նաեւ բարեգործական անվճար ուղեւորություններ՝ համագործակցելով «Հայ մայրեր», «City of smile», «Վիվա․ Բժիշկները և կամավորները Հայաստանին», «Շտապիր դեպի բարին» բարեգործական հասարակական կազմակերպությունների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Բարեգործական ուղեւորություններից» կարող են օգտվել հիմնադրամների մասնագետները, օրինակ՝ բժիշկները, հոգեբանները, վերականգնողական մասնագետները: Այսինքն՝ հիմնադրամներն իրենք են որոշելու՝ ովքեր կարող են դառնալ այս ուղեւորություններից օգտվողները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամեն ամիս յուրաքանչյուր հիմնադրամ կստանա բյուջե՝ իր տրանսպորտային խնդիրները լուծելու համար: Դեռեւս գործարկում ենք պիլոտային ռեժիմով, մեզ համար կարեւոր է տեսնել՝ ինչպես կընթանա ծրագիրը եւ ինչպիսին կլինեն առաջին արդյունքները: Ուղեւորությունները կիրականացնեն բարձր վարկանիշ ունեցող վարորդները:
Նարինե Մանուկյան, «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն
Միշտ փորձել ենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարելավել տրանսպորտային պայմանները, բայց, ցավոք, դեռեւս քիչ բան է հաջողվել անել: Հատկապես առավել խոցելի, անապահով ընտանիքների երեխաների տեղաշարժը շատ դժվար է՝ անգամ դեպի վերականգնողական կենտրոններ: Yandex Go-ի հետ փորձել ենք ընդգրկել բոլոր այն երեխաներին, որոնք ընդհանրապես մոբիլ չեն եւ նույնիսկ տրանսպորտային միջոցի առկայության դեպքում չեն կարողանում հասնել վերականգնողական կենտրոն: Պալիատիվ խնամքի նման մի բան ենք մտածել նրանց համար, մեր «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի մասնագետներն իրենք կգնան որոշ ծանր խնդիրներով երեխաների տուն, որոնց հիմնականում մեծացնում են միայնակ մայրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեզ համար շատ կարեւոր է այս հնարավորությունը ստանալը, քանի որ շատ դժվար է հիմնական վերականգնողական բուժման համար տրամադրվող բյուջեից ինչ-որ մաս տրամադրել այս կարեւորագույն նպատակին:
Տատյանա Հովհաննիսյան, «Վիվա» հիմնադրամի նախագահ
Yandex Go-ն առաջիններից է ուշադրություն է դարձրել սոցիալական հատվածին եւ նման ծրագիր սկսել: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, քանի որ հիմնադրամը տրանսպորտի համար նախատեսված միջոցներ չունի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս նախաձեռնությունը խոսում է նաեւ այն մասին, որ աստիճանաբար դառնում ենք առողջ սոցիալականացված երկիր:
Սեդա Քոսակյան, «City of smile» հիմնադրամի ներկայացուցիչ
Ճիշտ է՝ ծրագրի մեկնարկը նոր է տրված, բայց արդեն իսկ առիթ ունեցել ենք փորձարկելու եւ օգտվելու նրանից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուզում եմ նշել նաեւ սրտացավության մասին, թե որքան բարձր է մատուցվող ծառայությունների որակը:
Ելենա Հակոբյան, «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի նախագահ
Մեր հիմնադրամն օգնություն է ցուցաբերում տարբեր հիվանդություն ունեցող երեխաներին, տարբեր սոցիալական եւ կրթական ծրագրեր է իրականացնում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար: Այս համագործակցության մեջ ուզում եմ ընդգծել փոխադարձ վստահության կարեւորությունը եւ մարդկանց բարի գործ անելու հնարավորություն տալը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հավատացած եմ, որ այս համագործակցությունը երկարատեւ կլինի եւ շատ արդյունավետ: Ուզում եմ, որ երբեք չկորցնենք օգնության ձեռք մեկնելու կարողությունը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: