Աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց քարտեզների: Դրանք պետության եւ ազգի ինքնության մասին վկայող կարեւոր փաստաթղթեր են, Հայաստանի եւ Արցախի համար՝ պատմական հիշողության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւոր գործիք: Աշխարհագրագետ եւ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գրքում ամփոփել է տարիների ընթացքում արված հետազոտությունները՝ ընթերցողին ներկայացնելով, թե 1917թ.-ից սկսած ինչպե՞ս եւ ինչո՞ւ են Հայաստանի սահմանները նեղացել` հաճախ առանց իրավական եւ պաշտոնական պատճառների:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հունիսի 28-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» քառալեզու գրքի շնորհանդեսը: Գրքի ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունը ֆինանսավորել է ՀԲԸՄ-ն:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այսօրվա մեր ամենամեծ խնդիրը մեր սահմաններն են, տեղեկությունները, թե ինչ է կատարվել եւ կատարվում դրանց հետ վերջին 100 տարվա ընթացքում՝ նախքան խորհրդայնացումն ու դրանից հետո: Գրքիս նպատակն էլ դա է, Հայաստանի սահմաններով հետաքրքրված հանրությանը պարզ եւ հանրամատչելի լեզվով ու քարտեզների պատկերներով ծանոթացնել մեր սահմաններին կատարվող պարբերաբար փոփոխություններին եւ դրանց հիմնական պատճառներին: Նաեւ ներկայացնել, թե ինչպես են օտարները ընկալել եւ ցուցադրել Հայաստանն իրենց քարտեզներում»,- ասում է Ռուբեն Գալչյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հեղինակը շուրջ 40 տարի հետազոտություններ է արել, եղել աշխարհի տարբեր գրադարաններում, թանգարաններում, ուսումնասիրել մասնավոր հավաքածուներ, իսկ դրանց արդյունքները գրքով ներկայացնելու որոշումը կայացրել է վերջին երկու տարում:
«Շատ կարեւոր է մարդկանց երկրի սահմանների փոփոխության մասին տեղեկություններ փոխանցելը, քանի որ այսքան տարվա փորձս ցույց է տվել, որ ժողովուրդն ընդհանրապես տեղյակ չէ երկրի սահմաններին վերաբերող շատ մանրամասներից, թե ինչ է կատարվել դրանց հետ, ինչպես են մեր հողերից կտորներ տվել սրան-նրան, ինչպես են հարեւանները յուրացրել մեր տարածքներն ու փոփոխել սահմանները»,- նշում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուբեն Գալչյանը գրքի համար թիրախ է ընտրել հատկապես ավագ դպրոցականներին եւ համալսարանական երիտասարդությանը. «Գիրքն ուղարկեցի ԿԳՄՍ նախարարություն ուսումնական նյութ հաստատելու համար: Նախարարությունից երաշխավորումը ստանալուց հետո 2 հազար օրինակ անվճար ուղարկեցի հանրակրթական դպրոցներին: Մեր առջեւ այսօր լինել-չլինելու խնդիր է դրված, իսկ երիտասարդ սերնդին պատմական եւ քարտեզագրական տեղեկություններ փոխանցելը շատ կարեւոր է»:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հաշվի առնելով պատմական բարդ ժամանակաշրջանը եւ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները՝ Հայաստանի եւ Արցախի համար քարտեզներն էլ ավելի մեծ նշանակություն են ստանում: Դրանք հանդիսանում են վիզուալ փաստագրում՝ հնարավորություն տալով գիտնականներին, դիվանագետներին, քաղաքականություն մշակողներին եւ բանակցողներին հասկանալ եւ գնահատել բարդ իրավիճակը. դրանք կարող են նպաստել նաեւ խաղաղ լուծումների գնալուն: Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք փորձագետ, ով իր կյանքի եւ ներուժի մեծ մասը նվիրել է պատմական քարտեզների ուսումնասիրությանը եւ հավաքագրմանը»,- նշում է ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանի խոսքով՝ այս աշխատանքը Հայաստանի համար քաղաքական եւ ռազմավարական արժեք ունի՝ մասնավորապես միջազգային հարթակներում։
«Ռուբենի աշխատանքի կարեւորությունը շատ մեծ է համաշխարհային պատմության մեջ Հայաստանի տեղը ներկայացնելու, ինչպես նաեւ ադրբեջանցի եւ թուրք գիտնականների կեղծարարություններին հակազդելու գործում: Շատ կարեւոր է նաեւ, որ Հայաստանում մարդիկ ուսումնասիրեն այս գիրքը եւ իմանան դարերի ընթացքում իրենց հայրենիքի սահմանների փոփոխության մասին»,- ասում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արմեն Տեր-Կյուրեղյանը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ գրքում ներկայացված քարտեզները ներառում են ոչ միայն եվրոպական եւ հայկական աղբյուրներ, այլեւ՝ Իրանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից իսլամադավան քարտեզագիրների ստեղծված քարտեզներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գիրքը հրատարակվել է չորս լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն:
«Գրքերս միշտ հայերեն եւ անգլերեն եմ գրում, քանի որ ուզում եմ օտարին էլ ծանոթացնել մեր անցյալին, քարտեզներին եւ սահմաններին: Այս անգամ ՀԲԸՄ-ից առաջարկ ստացա «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գիրքը թարգմանել եւ հրատարակել նաեւ ռուսերեն եւ ֆրանսերեն: Սիրով ընդունեցի այդ առաջարկը: Հույս ունեմ, որ մարդիկ, այսպիսով, ավելի շատ կտեղեկանան, թե ինչ է կատարվել մեր երկրի սահմաններին, ինչու, ինչ իրական եւ անիրական պատճառներով»,- ասում է հեղինակը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գրքի ներածական հատվածում եւ առաջին գլխում համառոտ պատմական տեղեկություններից զատ՝ ներկայացված են քարտեզներ, որոնք ներառում են Միջին Արեւելքի եւ Կովկասի շրջանները, այսինքն՝ այն տարածքը, որի մեջ է նաեւ Հայաստանը: Երկրորդ գլխում ներկայացված են օտարների քարտեզներ, որոնց վրա կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք ընկալել եւ պատկերել Հայաստանն իրենց քարտեզներում՝ ներառելով նաեւ հարեւաններին եւ դրանց գտնվելու շրջանը: Երրորդ գլուխը հեղինակն ամբողջությամբ նվիրել է ՀՀ սահմաններին: Գրքում պատկերված յուրաքանչյուր քարտեզ իրեն կից հակիրճ, բայց կարեւոր բացատրություններ ունի տվյալ քարտեզի հեղինակի, ցուցադրած տեղեկությունների կամ դրանց հետ կապված խնդիրների վերաբերյալ: Գրքում նաեւ կարեւոր անվանումների եւ տեղանունների բառարան կա:
«Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գիրքը վաճառվում է Հայաստանի գրախանութներում:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: