Արմեն Գեւորգյան. «Նոր աշխարհում բարեկամություն անելը դժվար է լինելու» - Mediamax.am

exclusive
4599 դիտում

Արմեն Գեւորգյան. «Նոր աշխարհում բարեկամություն անելը դժվար է լինելու»


Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը Մեդիամաքսին է տրամադրել Մինսկում կայացած Հայաստանի Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում իր ելույթի տեքստը:

 

Հարգելի գործընկերնե՛ր,

 

Ծամծմված են դարձել պնդումներն այն մասին, որ աշխարհը թեւակոխում է հարաբերությունների մի նոր դարաշրջան, որտեղ միակողմանի հեգեմոնիան նահանջում է, եւ ի հայտ են գալիս ազդեցության նոր կենտրոններ ու հավակնություններ, կամ այն մասին, որ սկսվում է նոր աշխարհակարգի դարաշրջան: Ակնհայտ է միայն այն, որ աշխարհն ապրում է արմատական վերափոխումների դարաշրջան, եւ քանի դեռ ամեն ինչ ընթացքի, շարժման մեջ է, մոտակա տասնամյակում պետք չէ գլոբալ կայունության եւ կանխատեսելիության հույսեր փայփայել:

 

Առաջիկա մի քանի տարիները դառնալու են նոր հավակնությունների ձեւավորման փուլ, որոնք իրենց ծավալներով կլինեն գլոբալ կամ տարածաշրջանային, միջազգային համագործակցության գործող ձեւաչափերի փլուզման, հատկապես անվտանգության հարցերով, գործող տարածաշրջանային կազմակերպությունների վերաիմաստավորման եւ վերաֆորմատավորման ժամանակաշրջան։

 

Միեւնույն ժամանակ, ակնհայտ են մի շարք հանգամանքներ.

 

• աշխարհը պատրաստ չէ երրորդ համաշխարհային պատերազմին, քանի որ դժվար կլինի դիմանալ միջուկային բաղադրիչի գայթակղությանը, ինչը ամեն ինչի վերջ կնշանակի;

 

• աշխարհը չի խուսափելու քաղաքական սահմանների նոր վերաբաշխումից, ինչն ի վերջո կթուլացնի հակամարտությունների բարձր ներուժը, կբավարարի կուտակված հավակնությունները եւ որոշակի հանգստություն կբերի;

 

• աճում է տնտեսությունների ռազմականացումը եւ ռազմարդյունաբերական համալիրի հզորացումը, առեւտրատնտեսական հարաբերություններում նկատվում է առեւտրի տեղայնացումը;

 

• տեղի է ունենում սեփականության անձեռնմխելիության պարադիգմի՝ որպես ժամանակակից ազատական հարաբերությունների հիմքի փոփոխություն եւ գաղափարախոսությունների ու արժեքային պարադիգմների փլուզում (ազատականություն, պահպանողականություն);

 

• զգալի բնական ռեսուրսների տիրապետումը կամ դրանց բաշխման եւ փոխադրման գործընթացի վրա ազդելու կարողությունը դառնում են որոշիչ գործոններ սեփական ազգային շահերի առաջմղման կամ պաշտպանության համար: Ընդհանուր առմամբ, տեղի է ունենում տնտեսական կապերի ինքնիշխանացում համագործակցության նոր ուղիների եւ կախվածությունները նվազագույնի հասցնելու միջոցով։

 

Ցավոք, միջազգային հարաբերությունների նոր գլոբալ ճարտարապետության կառուցման առաջիկա գործընթացում կլինեն եւ՛ շահող եւ՛ կորցնող պետություններ (ինքնիշխանության կորուստ եւ փլուզում, տարածքային կորուստներ եւ այլն)։ Դաշինքները ձեւավորվելու են տարբեր քաղաքական ռեժիմներ ունեցող երկրների միջեւ՝ կախված պայմանավորվող կողմերի ռազմավարական նպատակներից եւ շահերից, իսկ որոշ դեպքերում էթնոկրոնական գործոնները որոշիչ կդառնան դաշինքի շահերի առաջմղման համար։ Համընդհանուր տուրբուլենտության ժամանակաշրջանում երկրները շահարկելու են իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները, ի ցույց են դնելու իրենց արժեքն ու նշանակությունը։ Նոր անորոշության պայմաններում յուրաքանչյուրը կձգտի հասնել իր համար առավել շահավետ լուծումներին եւ պաշտպանել իրեն հնարավոր ռիսկերից։ Նոր աշխարհում բարեկամություն անելը դժվար կլինի։

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք պետք է ելնենք այն փաստից, որ Եվրասիայում հիմնական պայքարը շարունակվելու է միջանկյալ պետություններում այսպես կոչված ռազմավարական ներկայության համար: Այն պետություններում, որոնք հայտնվել են Ռուսաստանի եւ մնացած աշխարհի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում: Ուժերի առկա հարաբերակցության հիմնական փոփոխություններն ավանդաբար տեղի կունենան Եվրասիական մայրցամաքում։ Այստեղ լարվածության ներուժը կուտակվել է ոչ միայն վերջին տասնամյակներում։ Այն սկսեց ձեւավորվել եւ աճել Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ Խորհրդային Միության փլուզումը որոշակի իմաստով սրեց անկայունության եւ առճակատման տարրերը, որոնք զետեղված էին ազգային քաղաքականության վերաբերյալ բոլշեւիկների նախկին որոշումներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

 

Մեր տարածաշրջանի եւ, մասնավորապես, իմ երկրի համար հատկապես կարեւոր է հասկանալ, որ այսօր տարածաշրջանում ծավալվում է երկու երկարաժամկետ աշխարհաքաղաքական ռազմավարությունների մրցակցություն՝ Ռուսաստանի եվրասիական ինտեգրումը եւ Թուրքիայի պանթյուրքական էքսպանսիան։ Եթե եվրասիական ինտեգրման ռազմավարության շարժառիթը եւ նպատակները հասկանալի եւ օբյեկտիվ են՝ պայմանավորված պատմական պայմաններով եւ պատճառներով, ապա կարեւոր է մատնանշել պանթյուրքական էքսպանսիայի շարժառիթներն ու հիմնական նպատակները՝ հասկանալով այն որպես տարածաշրջանում ռազմավարական առումով առավելագույնս խորը եւ երկարաժամկետ դիրքավորվելու արեւմտյան երկրների ցանկությունը։ Դրա համար նրանց անհրաժեշտ է.

 

-Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխությունը եւ Թուրքիայի դերի ուժեղացումը, այսինքն՝ տարածաշրջանային հիմնական խաղացողի փոփոխությունը;

 

- Ազատ հասանելիություն Կասպիական տարածաշրջանի էներգառեսուրսներին եւ դրանց անխոչընդոտ տեղափոխում;

 

- Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի տարանցիկ եւ լոգիստիկ հնարավորությունների սահմանափակումը Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք երթուղիներով:

 

Այսօր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացումը մեծապես պայմանավորված է ոչ միայն գլոբալ գործընթացներով, միջպետական հարաբերություններով, համապատասխան երկրներում իշխանության որակի խնդիրներով, այլեւ Ուկրաինայի շուրջ իրավիճակով։ Մինչ վերջերս շատերին թվում էր, թե հայկական կողմի համար գործընթացները սահմանափակվում են 2025 թվականով՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու ժամկետով։ Սակայն պարզվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղության օրակարգը, որն ակտիվորեն առաջ են մղում արեւմտյան երկրները ուկրաինական հակամարտության ֆոնին, նոր իրավիճակ ստեղծեց:

 

Պետք է հստակ հասկանալ եւ գիտակցել, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Լեռնային Ղարաբաղը վերջինիս կազմում ներառյալ եւ խաղաղության պայմանագրի ստորագրման աշխարհաքաղաքական շարունակությունը կլինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա ներկայության նպատակահարմարության, եւ առհասարակ, Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցի բարձրացումը։ Բայց ամենակարեւորն այն է, որ իրադարձությունների նման զարգացումը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պատմական հայրենիքում նոր ցեղասպանության եւ դրա հետագա կորստի պոտենցիալ հեռանկար է ստեղծում, ինչպես դա եղավ Նախիջեւանի հայերի հետ Խորհրդային Ադրբեջանի տարիներին։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չլուծված թողնի հակամարտության հիմնարար հարցը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա դրա լուծումը կրկին լինելու է հայության ոչ միայն այսօրվա, այլեւ ապագա սերունդների առաքելությունը։ Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում ներկա սերունդներին չի հաջողվի վերջնական փոխզիջումային լուծում գտնել Ղարաբաղի հարցում, սակայն եթե խնդրի քաղաքական մոտեցումները չբացահայտվեն, ապա տարածաշրջանում խաղաղություն որպես այդպիսին չի լինելու։

 

Ադրբեջանի վարքագիծը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները եւ դրա ինքնիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացումը վերջին երկու տարիներին, Հայաստանի քաղաքացիներին Բաքվում գերության մեջ պահելը, Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանդիսանում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի դրույթների ուղղակի խախտում, Ադրբեջանի կողմից միջազգային դատական ատյանների որոշումները չկատարելը, այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում իշխանությունն ի վիճակի չէ բանակցել, այն գտնվում է էյֆորիայի մեջ եւ որոշակի առումով զգում է իր անպատժելիությունը։ Այդ զգացումը մեծանում է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից արեւմտյան գործընկերների կախվածության ու Իրանի հետ դիմակայությունում նրանից նոր ակնկալիքներին զուգահեռ։

 

Ադրբեջանի այս պահվածքին շատ դեպքերում նպաստում է նաեւ իրավիճակը ՀԱՊԿ ներսում, որի անդամներից մի քանիսը մի շարք պատճառներով ըստ էության աջակցում են Ադրբեջանին՝ պաշտոնապես շնորհավորելով նրան 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ցավոք, ռազմաքաղաքական կազմակերպության աշխարհաքաղաքական ռազմավարական շահերը հաճախ դառնում են էթնոկրոնական եւ ընթացիկ գործոնների պատանդը։ Պետք է հստակ գիտակցել, որ հայ ժողովրդի շահերի հաշվին Ադրբեջանին աջակցելը նպաստում է նաեւ տարածաշրջանում թյուրքական էքսպանսիայի ամրապնդմանը ՀԱՊԿ համակարգաղստեղծ անդամ Ռուսաստանի դերի եւ նշանակության թուլացման հաշվին։

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաշվի առնելով մեր անդամակցությունը այնպիսի ինտեգրացիոն նախագծերում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, կարեւոր է ազնվորեն եւ բաց գնահատել դրանցում տեղի ունեցող գործընթացների որակը։ Վերջերս ստիպված եմ լինում տարբեր միջազգային հարթակներում խոսել երկակի ստանդարտների քաղաքականության մասին։ Մեր դաշինքի ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում պետք է բացառենք նման երեւույթները, այլապես կսկսի զարգանալ հարաբերությունների բազմաշերտ ու բազմակողմանի դինամիկա, որը ոչ մի կերպ չի նպաստի համախմբվածությանը եւ միասնությանը։

 

Պատերազմը Ուկրաինայում վերջնականապես փոխեց այսպես կոչված զարգացման միտումը։ Գլոբալիզացիայի փոխարեն սկսվում է առեւտրատնտեսական հարաբերությունների եւ լոգիստիկ կապերի տեղայնացումը, քաղաքական դիսկուրսի եւ տնտեսությունների ռազմականացումը։ Մենք ականատես ենք դառնում աշխարհի բաժանմանը ոչ միայն ազատական Արեւմուտքի եւ պահպանողական Արեւելքի, այլեւ Գլոբալ Հյուսիսի եւ Գլոբալ Հարավի։ Տիեզերքի եւ Արկտիկայի հետախուզումը ռազմավարական մրցակցության եւ առճակատման առանցքային ոլորտներ կդառնան, իսկ կարճաժամկետ հեռանկարում հիմնական պայքարը կծավալվի հիմնականում չեզոք Գլոբալ Հարավի հանդեպ վճռական ազդեցության սահմանելու համար:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զսպման հիմնական մեխանիզմի ոչնչացումը՝ գլոբալ ազդեցության կենտրոններից մեկի հեգեմոնիայի բացակայության տեսքով, ինչպես նաեւ վերջին 30 տարվա փորձարկումները հանգեցրին այսպես կոչված անվտանգության տարածաշրջանային չափումների առաջացմանը՝

գլոբալ անվտանգության համակարգի փոխարեն։

 

Արդեն նկատվում է, որ միջազգային գործընթացների հիմնական խթանիչները լինելու են ԱՄՆ-Եվրոպա եւ Ռուսաստան-Չինաստանը ազդեցության առանցքները։ Եթե առաջին անդրատլանտյան առանցքը ձեւավորված է եւ նրան միայն աճի եւ կայունության նոր խթաններ են պետք, ապա երկրորդը՝ եվրասիականը, դեռ գտնվում է իր առաջացման շարժառիթների ամրագրման եւ իր հավակնությունների ինստիտուցիոնալացման ուղիների որոնման մեջ։ Ազդեցության այս առանցքներն իրենց հերթին կհանգեցնեն, այսպես կոչված, անվտանգության եռանկյունների առաջացմանը։ Կհայտնվեն տարածաշրջանային եւ վերտարածաշրջանային եռանկյուններ, օրինակ՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան, Ռուսաստան-Չինաստան-Բելառուս, ԱՄՆ-Կանադա-Եվրոպա, ԱՄՆ-Եվրոպա-Լեհաստան, ԱՄՆ-Եվրոպա-Թուրքիա եւ այլն։

 

Կցանկանայի նշել, որ չնայած Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման բարդ եւ խորապես հակասական գործոններին, մենք կարող ենք գտնել բազմաթիվ խնդիրների ընդհանուր լուծում Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետություն կառուցելու միջոցով: Այն կարող է ելնել նրանից, որ ռազմական գործողությունների ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն՝ հաշվի առնելով այստեղ բնակվող ժողովուրդների էթնոկրոնական բնույթի առանձնահատկությունները, տարածաշրջանի ռեսուրսային (ածխաջրածիններ եւ ջրային) ապահովությունը, տարանցիկ եւ հաղորդակցական ներուժը, ինչպես նաեւ ուժերի եւ փոխադարձ զսպման միջոցների օպտիմալ հավասարակշռությունը։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն տարածաշրջանում ստեղծել ընդհանուր գոտի՝ զերծ ապագա պատերազմների ռիսկերից։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է գտնել համատեղ, առանց հակամարտությունների հարեւանության օպտիմալ բանաձեւ, երբ երկրները չեն ձգտի սահմանափակել ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ տարածաշրջանային երկխոսության եւ խելամիտ համագործակցության մեխանիզմները։

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համատեղ կարող են դառնալ տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցության նոր նախագծերի մշակման եւ իրականացման եւ նրանց համատեղ պաշտպանության խնդիրները։ Տարածաշրջանում հնարավոր է հասնել ներդրումների առավելագույն դիվերսիֆիկացման՝ դիտարկելով այն որպես սպառման ընդհանուր շուկա՝ ինտեգրված տրանսպորտային հաղորդակցություններով եւ առավելագույնս սինխրոնացված պետական կառավարման տարածաշրջանային տարածքով (մաքսատուն, սահմանային հսկողություն եւ այլն):

 

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ առաջիկա մի քանի տարիներին աշխարհաքաղաքական տուրբուլենտությունն աճելու է։ Ներկայիս պետական գործիչների եւ քաղաքական վերնախավերի իմաստությունը, խելամտությունը եւ պրագմատիզմը պետք է ապահովեն, որ բոլոր նոր որոշումները հնարավորինս արագ ի հայտ գան եւ ընդունվեն առանց մարդկային մեծ կորուստների։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին