Երեւան։ Մեդիամաքս։ «Բաց հասարակություն» հիմնադրամների հիմնադիր եւ նախագահ Ջորջ Սորոսի կարծիքով, «արհեստական բանականությունը (AI/ԱԲ) զարգանում է աներեւակայելի արագ տեմպերով եւ հասարակ մարդու բանականությունն ի վիճակի չէ լիովին հասկանալ դա»:
Այս մասին Ջորջ Սորոսը գրում է Project Syndicate-ի համար գրված հոդվածում:
«Ես մեծացել եմ նախքան ԱԲ-ի հայտնագործումը: Այդ իսկ պատճառով ես խորապես հավատում եմ իրականությանը։ Համեմատաբար վաղ տարիքում հասկացա, թե որքան դժվար էր հասկանալ աշխարհը, որտեղ ես ծնվել էի, եւ, հետեւաբար, դիմում էի իրականությանը՝ բարոյական ուղեցույց գտնելու նպատակով։
Աշխարհում, որտեղ մենք՝ մարդիկ ապրում ենք, միաժամանակ ե՛ւ մասնակից ենք, ե՛ւ դիտորդ: Որպես մասնակից մենք ցանկանում ենք փոխել աշխարհը մեր օգտին, որպես դիտորդ՝ հասկանալ իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Այս երկու նպատակները հատվում են: Դա կարեւոր եզրակացություն եմ համարում, որը թույլ է տալիս տարբերակել ճիշտն ու սխալը։
ԱԲ-ը տապալեց այս պարզ սխեման, քանի որ այն իրականության հետ կապ չունի: ԱԲ-ն ստեղծում է իր իրականությունը, եւ երբ այս արհեստական իրականությունն այլեւս չի համապատասխանում իրական աշխարհին (ինչը տեղի է ունենում բավականին հաճախ), այն արհամարհանքով անտեսում են՝ «հալյուցինացիաներ» անվանելով:
Հենց այս պատճառով էլ ես գրեթե բնազդաբար դեմ եմ ԱԲ-ին եւ ամբողջ սրտով համաձայն այն փորձագետների հետ, ովքեր ապացուցում են, որ ԱԲ-ն կարգավորման կարիք ունի: Սակայն նման կարգավորումը պետք է կիրառվի ամբողջ աշխարհում, քանի որ խաբելու խթանները չափազանց մեծ են. նրանք, ովքեր խուսափում են կարգավորումից, անարդար առավելություն են ստանում:
Ցավոք, անհնար է գլոբալ կարգավորում մտցնել, քանի որ ժամանակակից աշխարհը բնորոշվում է կառավարման երկու համակարգերի հակամարտությամբ, որոնք տրամագծորեն հակադիր են: Նրանք արմատապես տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե կոնկրետ ինչը եւ ինչու պետք է կարգավորվի:
Կառավարման այս երկու համակարգերը ես անվանում եմ բաց եւ փակ հասարակություններ։ Բաց հասարակության մեջ պետության դերը անհատի ազատության պաշտպանությունն է, իսկ փակ հասարակության մեջ՝ սպասարկել կառավարողների շահերը։
ԱԲ-ն զարգանում է աներեւակայելի արագ տեմպերով, եւ պարզ մարդկային միտքն ի վիճակի չէ լիովին հասկանալ դա: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այս ամենը մեզ ուր կտանի։ Բայց մի բանում մենք կարող ենք վստահ լինել. ԱԲ-ն օգնում է փակ հասարակություններին եւ մահացու վտանգ է ներկայացնում բաց հասարակությունների համար: Պատճառն այն է, որ արհեստական բանականությունը հատկապես լավ է մասնագիտացած վերահսկման գործիքներ ստեղծելու մեջ, որոնք օգնում են փակ հասարակություններին վերահսկել իր հպատակներին:
Հենց այս պատճառով ես բնազդաբար դեմ եմ արհեստական բանականությանը, բայց չգիտեմ, թե ինչպես այն կանգնեցնել: Այսօր, սակայն, դա ընդհանրապես ոչ ոք չգիտի, բայց ԱԲ-ի մշակողների մեծ մասը գիտակցում է դրա կարգավորման անհրաժեշտությունը։ Դա հասկանում են նաեւ Կոնգրեսում եւ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում»,- գրում է Սորոսը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: