Մայր Աթոռը քննարկումների հարթակ է հիմնել - Mediamax.am

1805 դիտում

Մայր Աթոռը քննարկումների հարթակ է հիմնել


Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ


Երեւան։ Մեդիամաքս։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։

Քննարկման առաջին նյութ ընտրվել էր «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման:

 

Հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։

Լուսանկարը` Մայր Աթոռ

«Լիահույս ենք, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական  խորհրդածությամբ կկարողանանք ձևակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարևորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես և քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից և առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», - ասել է Վեհափառ Հայրապետը։

Լուսանկարը` Մայր Աթոռ

Նա ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին, որ դարեր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի՝ անկախ պետականության վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման, Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության, ազգի անվտանգ կյանքի և լուսավոր գալիքի կերտման:

 

«Թուրքական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» զեկույցով հանդես է եկել արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Լուսանկարը` Մայր Աթոռ

 

«Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», - նշել է Ռուբեն Մելքոնյանը։

Լուսանկարը` Մայր Աթոռ

«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ և հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց է ներկայացրել արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

 

Նա ընդգծել է, որ պետք է  ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից.

 

«Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին